ԿԱՐԵՆ ԽԱՉԱՆՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՁ ԷՆԵՐԳԻԱ Է ՏԱԼԻՍ
-Հարգելի՛ Կարեն, ուրախ ենք Ձեզ Հայաստանում տեսնելու համար: Ո՞րն է Ձեր այցի նպատակը:
-Կնոջս՝ Վերոնիկայի հետ որոշեցինք այս անգամ մեր հանգիստն անցկացնել իմ պապերի հայրենիքում՝ Հայաստանում, շրջել ամբողջ երկրով: Որդիս՝ երկամյա Դավիթը, մեզ կմիանա մեր հաջորդ այցելության ժամանակ: Ունենք շրջագայության խիստ հագեցած օրակարգ: Եղել ենք Դիլիջանում, Հաղպատի վանական համալիրում, որի վեհաշուք և անկրկնելի ճարտարապետությունը հիացրեց ինձ ու կնոջս, Գյումրիում, Գառնիում, Գեղարդում: Կայցելենք Տաթև: Հիացած եմ մեր Հայրենիքով, նրա տեսարժան վայրերով: Հայաստանը մեծ պատմություն ունի, եւ ուզում էի իմ աչքերով տեսնել գեղատեսիլ վայրերը, եկեղեցիները, պատմամշակութային կոթողները:
-Ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում:
-Շատ լավ: Հաճելիորեն զարմացած եմ այսպիսի ջերմ ընդունելության արժանանալու համար: Հայաստանն ինձ մեծ էներգիա է տալիս:
-Սա Ձեր ո՞րերորդ այցն է Հայաստան:
-Երրորդ: Վերջին անգամ հայրենիքում եղել եմ տասը տարի առաջ: Մասնակցեցինք այստեղ կազմակերպված մրցաշարին: Այդ ժամանակ 15 տարեկան էի:
…Վաղուց այսքան ինքնագիր չէի բաժանել: Հաճելիորեն զարմացած եմ, թե որքան մարդ է եկել ինձ հետ հանդիպման, ու որքան երեխա է ցանկություն հայտնել մասնակցելու իմ վարպետության դասին: Հաճելի է տեսնել, վայելել այս ամենը:
-Մարզական առումով ինչպիսի՞ն էր Ձեզ համար 2021 թվականը:
-Հագեցած էր: Այս մրցաշրջանում ունեցա վերելքներ եւ վայրէջքներ: Ուիմբլդոնից հետո նորից ինքնավստահություն զգացի իմ ուժերի նկատմամբ: Չնայած համաշխարհային աղյուսակում վարկանիշս այս տարի ավելի ցածր է նախորդներից, տարին համարում եմ հաջողված, քանի որ վերագտել եմ ինքնավստահությունս: Հայաստանից վերադառնալուց հետո կվերսկսեմ մարզումներս: Կփորձեմ 2022 թվականին բարելավել դիրքերս Մեծ թենիսի համաշխարհային դասակարգման աղյուսակում:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ