Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ…



ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ...Ադրբեջանա-թուրքական զորքերի կողմից հրահրված լայնածավալ վերջին պատերազմի ընթացքում «սպիտակ բանակի» զինվորները»՝ բժիշկները, բուժակները, բուժքույրերն էլ զինվորի նման, զինվորի նվիրումով ու պատասխանատվությամբ անդուլ պայքարում էին կյանքեր փրկելու համար:

Բուժծառայության լեյտենանտ Քրիստինե Մնացականյանը ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայում է ծառայում, մասնագիտությամբ էնդոկրինոլոգ է, ավարտել է Երեւանի Մ.Հերացու անվան բժշկական համալսարանը, ապա մագիստրատուրան: Նեղ մասնագիտական կրթությունը ստացել է «Մուրացան» համալսարանական կլինիկայում: Դեռեւս ուսումնառության տարիներին համատեղության կարգով աշխատել է Երեւանի Շտապ օգնության ծառայությունում, ապա «Արմենիա» ԲԿ  էնդոկրինոլոգիայի բաժանմունքում:

-2020 թ. փետրվարին համալրեցի ռազմական բժիշկների շարքերը՝ ծառայության անցնելով ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայում: Դեռ նոր-նոր էի հարմարվում ռազմաբժշկի պատվաբեր, բայց անչափ պատասխանատու եւ դժվարին աշխատանքին, երբ սկվեց 44-օրյա պատերազմը: Հերթական հավաք-խորհրդակցության ժամանակ պոլիկլինիկայի հրամանատարը ներկայացնելով իրավիճակի լրջությունը՝  հայտարարեց, որ մեր կարիքը կա նաեւ սահմանին:

Սեպտեմբերի 29-ին, ուշ գիշերով՝ ժամը երեքին,  տեսակավորման խմբի կազմում,  երիտասարդ բժշկուհին Խնձորեսկի ճանապարհին էր…

Մինչ այդ քանի՜ անգամ էր անցել այդ ճանապարհներով, անցել խաղաղ եւ անվրդով՝ հարազատ եզերքի կարոտով.  Սյունյաց աշխարհի դուստր է Քրիստինեն, ծնվել է Սիսիան քաղաքում՝ զինվորականի եւ մանկավարժի ընտանիքում:  Հիմա ծանոթ ճանապարհն  անցնում էր անորոշության եւ ներքին տագնապով համակված:

Պատերազմ էր… Հայրենի հողը դարձյալ վտանգված էր, ու դարձյալ նույն թշնամին, որ երբեք չի խաղաղվում, անընդհատ կռիվներ է հրահրում, ցավ ու տառապանք պատճառում…

Ուղիղ 18 տարի առաջ հենց այս օրերին, Քրիստինեի  հայրը՝ Աշոտ Մնացականյանը, զոհվել էր  Սիսիանում՝ սահմանային բախումներից մեկի  ժամանակ..

Զինվորական հայրը երազում էր, որ դուստրը բժիշկ դառնար. որքա՜ն կհպարտանար  զինվորական բժիշկ աղջնակով…

***

ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ...Խնձորեսկի հապշտապ  կազմավորված հոսպիտալում դեղերն ու սարքավորումները տեղավորելուց հետո անմիջապես անցան գործի: Վիրավորների հոսքը մեծ էր՝  տարբեր վնասվածքներով, տարբեր աստիճանի ծանրության: Առաջին օգնություն  էին ցուցաբերում, վիրակապում, դադարեցնում էին արնահոսությունը… Գիշեր-ցերեկ չկար՝  անձնվիրաբար աշխատում էին:  Երբ տեղ էր հասնում  վիրավորներին տեղափոխող հերթական մեքենան, ամբողջ թիմով համախումբ շտապում էին առաջին օգնության, ամեն ինչ անում, որ կանխեին հետագա բարդությունները, ամեն րոպեն կյանք արժեր…

-Ապշած ու հիացած եմ  զինվորների կամքի ուժից, ցավին այդպես  դիմակայելուց, զսպվածությունից, անասելի ցավը ո՜նց էին զսպում, ուժերի ի՜նչ գերագույն լարումով, իրենց փոխարեն մենք  չէինք կարողանում զսպել մեր հուզմունքը ու արտասվում էինք,- ասում է Քրիստինեն:- Մահվան ճիրաններից մազապուրծ տղերքը, դեռ կարգին չապաքինված, ուզում էին հետ վերադառնալ ճակատ՝  իրենց ընկերներին միանալու: Նրանց հայրենասիրությունը, ընկերասիրությունը  սահմաններ չուներ…

***

Երիտասարդ բժշկուհին ամուր բռնել էր 18-ամյա վիրավոր զինվորի անուժ ձեռքը, պահապան հրեշտակի պես  ասես ուզում էր էներգիա, ուժ հաղորդել: Զինվորի սրտի բաբախը  թույլ էր, հազիվ  լսելի… Վիրավորն աչքերը բացեց,  մի կերպ հասկացրեց,   որ  զանգեն մայրիկին ու տեղեկացնեն,  որ ինքը ողջ է: Հուզմունքը խեղդում էր բժշկուհու  կոկորդը,  զինվորի ծոցագրպանից հապճեպ հանեց զինվորական գրքույկը, որի մեջ  խնամքով ծալված թղթի վրա գրված էր «մամա» եւ  հեռախոսահամար, արցունքից մշուշվող  աչքերով արագ հավաքեց համարն ու  դողացող ձայնով  մորը հաղորդեց ավետիսը՝ պատերազմական օրերի ամենասպասված, ամենափայփայված  ու հուսադրող բառը՝

-Ողջ է…Ձեր զինվոր որդին ողջ է…

Քանի՜ կյանք փրկվեց, քանի՜ օջախի լույսը չմարեց բժիշկների շնորհիվ…

«Սպիտակ բանակի» զինվորները անքուն գիշերներ էին անցկացնում իրենց «առաջնագծում», յուրաքանչյուր փրկված կյանքն էր իրենց հաղթանակը:

-Բժիշկ դառնալու գերագույն նպատակս իրականություն դարձնելու ճանապարհին հասկացա, որ բժշկությունը ոչ միայն մասնագիտություն է,  այլ նաեւ ապրելաձեւ,  սահմաններ չճանաչող, անմնացորդ  նվիրում: Քանի՜ բժիշկ, բուժակ զոհվեց պատերազմի ժամանակ՝ մասնագիտական պարտքը կատարելիս, կյանքեր փրկեցին՝ կյանքի գնով…

-Պատերազմից հետո  զինվորների հանդեպ ջերմությունս, ուշադրությունս տասնապատկվել է… Ո՜նց  կռվեցին մեր հզոր տղերքը,  ո՜նց մաքառեցին… Նրանցից ամեն մեկը մերօրյա լեգենդ է,- անսքող հպարտությամբ  ասում է Քրիստինեն:

Մեկ ամիս առաջ էլ բժշկուհին գործուղվել  էր Դիլիջան՝ «Լեռնային Հայաստան» առողջարան՝ հոգեվերականգնողական կենտրոն:

-Պատերազմի հոգեցունց ապրումները չէին կարող իրենց անդրադարձը չունենալ մարդկանց ներաշխարհի վրա, ուշադրության կենտրոնում է նաեւ  հայրենիքի պաշտպանների հոգեկան առողջությունը:

Պատերազմը  ավարտվել է, բայց «սպիտակ  բանակի» զինվորները կրկին իրենց «առաջնագծում» պատվով  եւ նվիրումով  իրականացնում են առաջադրված խնդիրները:

Նոյեմբերի 17-ը Բուժծառայողի օրն է, եւ երիտասարդ բժշկուհու  մաղթանքը մեկն է՝ մասնագիտական հմտությունները օգտագործել միայն  ու միայն խաղաղ պայմաններում:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #45 (1416) 17.11.2021 – 23.11.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


18/11/2021