Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՆԽԱԽՏ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ-2021»



«ԱՆԽԱԽՏ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ-2021»Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի համատեղ պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 8-ից 12-ը Ռուսաստանի Դաշնությունում անցկացվել է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժությունը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի զինվորական ստորաբաժանումները:

Զորավարժության նպատակը ՀԱՊԿ Հավաքական ուժերի հրամանատարական կազմի և կառավարման մարմինների գործնական հմտությունների կատարելագործումն էր խաղաղապահ առաքելություն իրականացնելիս, ինչպես նաև փոխգործակցության ձևավորումն ու ամրապնդումը, համատեղ գործողությունների արդյունավետության բարձրացումն ու փորձի փոխանակումը: «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժությանը ներգրավված էին շուրջ 1800 զինծառայողներ, 300 միավոր օդային և ցամաքային ռազմական տեխնիկա։

«ԱՆԽԱԽՏ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ-2021»ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը զորավարժության բացման արարողության ժամանակ նշել է, որ հակամարտող կողմերին հաշտեցնելու արդյունավետ միջոցներին տիրապետելը ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կարևոր բաղկացուցիչն է: Այժմ աշխատանքներ են տարվում ՀԱՊԿ խաղաղապահ ներուժը ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության համակարգին ինտեգրելու և առաջիկա տարիներին համահավաք զորախմբի կազմով ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններից մեկում ներգրավելու ուղղությամբ: ՀԱՊԿ աշխատանքային փաստաթղթերում արդեն կատարվել են համապատասխան փոփոխություններ:

Զորավարժության մասնակիցները պլանավորել և անցկացրել են խաղաղապահ օպերացիա՝ հաշվի առնելով Սիրիայում և Արցախի Հանրապետությունում ձեռք բերված փորձը և Հավաքական անվտանգության տարածաշրջանում խաղաղության պահպանման գործողությունների նախապատրաստման և իրականացման առաջնահերթությունները: Վեց պետությունների զորախմբերից կազմվել է համահավաք զորախումբ՝ միասնական կառավարմամբ, որն ունակ է իրականացնելու միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, հակամարտությունների կարգավորման և խաղաղ բնակչության պաշտպանության տարաբնույթ խնդիրներ:

«ԱՆԽԱԽՏ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ-2021»Զորավարժության մտահղացման համաձայն՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը պլանավորել և անցկացրել են խաղաղապահ օպերացիա 32 կմ խորությամբ և 98 կմ լայնությամբ պատասխանատվության գոտում: Զինծառայողները կահավորել են 48 դիտակետեր և 19 հսկիչ-անցագրային կետեր, պահպանության տակ են վերցրել պետական կարևոր օբյեկտներ: Վարժանքների ընթացքում իրականացրել են պարեկություն,  ապահովել են փախստականների անվտանգ տեղաշարժն ու մարդասիրական բեռների տեղափոխումը, խաղաղապահ գործողությունների ընթացակարգին համապատասխան այլ գործողություններ:

Նոյեմբերի 12-ին անցկացվել է զորավարժության եզրափակիչ փուլը, որի ընթացքում խաղարկվել է չորս մարտավարական դրվագ:

Հումանիտար աղետը կանխելու նպատակով բացազատվել է փախստականների ճամբար՝ առաջնային բուժզննման և բուժսպասարկման կետով: Այնուհետև կազմակերպվել է հումանիտար բեռների տեղափոխումը ճամբար և մոտակա բնակավայրեր, ընդ որում՝ սակրավորները նախապես ականազերծել են ճանապարհը: Շարասյունը ենթարկվել է պայմանական հակառակորդի հարձակման, ուղեկցող ստորաբաժանումը մարտի է բռնվել և ապահովել է շարասյան արագ դուրսբերումը մարտական գործողությունների շրջանից: Անօրինական զինված խմբավորումների պահեստային ուժերի առաջխաղացումը կանխելու համար ուղղաթիռով նախանշված վայրում խաղաղապահները դեսանտ են իջեցրել: Մինչ այդ, զինյալներին հարվածներ է հասցրել ուղղաթիռների զույգը: Դեսանտավորված խումբը շարունակել է նրանց ոչնչացումը, մեկուսացրել և վնասազերծել ողջ մնացածներին:

«ԱՆԽԱԽՏ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ-2021»Հսկիչ-անցագրային կետերից մեկում էլ զննման ընթացքում թշնամաբար տրամադրված խմբավորումը անկարգություններ է կազմակերպում, անձնակազմը հակազդող միջոցներ է ձեռնարկում: Խաղաղապահների ՌԷՊ միջոցները հայտնաբերում են անցակետի ուղղությամբ արձակված ԱԹՍ, որը ՌԷՊ միջոցների ներգործության շնորհիվ քիչ անց պարտադրված վայրէջք է կատարում՝ չհասցնելով հարվածել ռազմական տեխնիկային: Դրանից հետո զինված խմբավորումներն սկսում են հրետակոծել անցակետը: Անձնակազմն անցնում է շրջանաձև պաշտպանության, իսկ կրակակետը պատասխան կրակով լռեցվում է:

Քիչ անց խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգի մասին տեղեկություն է ստացվում, ինչի հիման վրա որոշում է կայացվում տարհանել մոտակա բնակավայրի բնակիչներին: Դրանից հետո զինյալները մտնում են բնակավայր, ականապատում տարածքն ու անցնում պաշտպանության: Համահավաք զորախմբի ուժերով զինված խմբավորումը արգելափակվում է, նրանց առաջարկվում է հանձնվել, սակայն բացասական պատասխան են ստանում: Սկսվում է խմբավորման ոչնչացման գործողությունը: Առաջնահերթ իրականացվում է նրանց կապի միջոցների ռադիոէլեկտրոնային «ԱՆԽԱԽՏ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ-2021»ճնշում՝ զրկելով գործողությունները համակարգելու հնարավորությունից: Ապա սկսվում է դիմադրող ուժերի ոչնչացումը: Հարվածներ են հասցնում Սու-34 մարտական ինքնաթիռներն ու Մի-24 հարվածային ուղղաթիռները: Դիմադրողները, կորուստներ տալով, նահանջում են, ամրանում վարչական շենքերից մեկի տարածքում: Գրոհող խմբերի ներգործության քողի տակ ՄԻ-8 ուղղաթիռից իրականացվում է հատուկ նշանակության խմբի դեսանտավորում շենքի տանիքին: Երկրորդ հարկի կրակակետերը ոչնչացվում են, և համատեղ գրոհի արդյունքում զինյալ խումբը վնասազերծվում է:

Զորավարժության ավարտին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նշել է, որ մասնակիցները բարդ, արագ փոփոխվող իրավիճակում արհեստավարժ գործելու կարողություններ են ցուցադրել: Խաղաղապահ գործունեությունը ներկայումս ՀԱՊԿ-ի զարգացման առաջնային ուղղություններից է, դրա համար էլ կատարելագործվում է խաղաղապահների պատրաստության համակարգը: Ուսումնամարտական վարժանքների ընթացքում մանրակրկիտ մշակվել է խաղաղապահ ուժերի ազգային ստորաբաժանումների համատեղ կառավարման և ներդաշնակ գործողությունների կարգը:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ՕԼԵԳ ՆԵԿԱԼՈՅԻ

Խորագիր՝ #45 (1416) 17.11.2021 – 23.11.2021, Ռազմաքաղաքական


18/11/2021