Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻրան

 

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ իրավիճակը կովկասյան տարածաշրջանում։

Ամիր Աբդոլլահիյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների աճից՝ «ադրբեջանական հողերի ազատագրումը երկու երկրների տնտեսական հարաբերությունների նոր գլխի սկիզբ բնութագրելով»։ Անդրադառնալով ինժեներական եւ տեխնոլոգիական ոլորտներում Իրանի հնարավորություններին՝ նա նաեւ խոսել է իրանական ընկերությունների՝ վերջերս «ազատագրված» տարածքների վերականգնմանը մասնակցելու պատրաստակամության մասին։

Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին եւ Ադրբեջանի փոխվարչապետը հայտարարել են առաջիկայում նավթագազային ոլորտում Թեհրանի ու Բաքվի միջեւ համագործակցության նոր փաստաթղթերի ստորագրման մասին:

ԱՄՆ պաշտոնյաները Իսրայելից պահանջել են նոյեմբերի 29-ին Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունների վերսկսումից առաջ ձեռնպահ մնալ իրանական միջուկային օբյեկտների վրա նոր հարձակումներից, հայտնել է New York Times-ը։

Սակայն Իսրայելի պաշտոնյաները հասկացրել են, որ չեն հրաժարվելու իրենց մտադրություններից՝ անտեսելով զգուշացումները, թե կրկնվող հարձակումները կարող են միայն արագացնել ծրագրի վերականգնումը:

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) ստորագրվել է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների եւ Գերմանիայի կողմից։ 2018 թվականին Դոնալդ Թրամփը, որն այն ժամանակ ԱՄՆ նախագահն էր, միակողմանիորեն դուրս եկավ ԳՀՀԾ-ից։ Հաջորդ նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը՝ վերսկսել գործարքով նախատեսված ԱՄՆ պարտավորությունների կատարումը։

 

Ադրբեջան

 

Լրագրող Լինդսի Սնելը Twitter-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կռված սիրիացի վարձկանները դժգոհում են, որ իրենց «աշխատավարձ» չեն տվել։ «Սուլեյման շահ» ահաբեկչական բրիգադի ղեկավար Աբու Ամշան պարզապես խաբել է նրանց։ «Մենք Ղարաբաղում կռվել ենք թուրքական պետության հետ միասին։ Մենք մարդիկ ենք կորցրել, վիրավորներ ունենք։ Մեզ չեն վճարել։ Մենք սովից մեռնում ենք»,- նշել են վարձկանները։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Կորեայի Հանրապետության պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում հարավկորեական ընկերություններին հրավիրել է աշխատելու Արցախի բռնազավթված տարածքներում։

Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ մի խումբ զինծառայողներ հեռացվել են բանակից, քանի որ վերջերս տեղի ունեցած ռազմական գործողություններից ոչ պաշտոնական լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել:

 

Վրաստան

 

Վրաստանը հրաժարվել է մասնակցել Հարավային Կովկասի հարցով «3+3» հարթակին: Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, որ իրենք չեն կարող մասնակցել Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական նախագծին։Միաժամանակ, Վրաստանը «3+3» բանակցությունների ձեւաչափի այլընտրանք է առաջարկել՝ Հարավային Կովկասի երեք երկրները՝ Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան։ Եռյակի ձեւաչափում Թբիլիսին կարող է դառնալ հարթակ երկխոսության համար։ Վրացի պաշտոնյայի գնահատմամբ, Վրաստանը հարեւաններին առաջարկում է տնտեսական նախագծեր, որոնք կօգնեն նվազեցնել տարածաշրջանային լարվածությունը: Հարավային Կովկասի ապագան կորոշվի այդ երեք երկրների կողմից։ Նա ընդգծել է, որ հարեւան երկրների հետ հավասարակշռված հարաբերությունները Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն են։

Վրաստանում մեկնարկել են «Maple Arch-2021» բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ Կանադայի, Լիտվայի, Լեհաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի զինծառայողների մասնակցությամբ։ Զորավարժությունների նպատակը մասնակից երկրների զինված ուժերի փոխգործակցությունն է, պաշտպանական ոլորտում կապերի խորացումը, խաղաղապահ գործողությունների պլանավորումն ու իրականացումը ՆԱՏՕ-ի չափանիշներին մոտեցնելը:

 

Ռուսաստան

 

ՌԴ արտաքին գործերի նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում ելույթ ունենալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունները վկայում են, որ իրավիճակը տարածաշրջանում չի հանդարտվել։ Իրավիճակի կարգավորման գործում մեծանում է ռուսական դիվանագիտության դերը։

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հերքել է Ուկրաինա ռազմական ներխուժման համար Ռուսաստանի տարածքում ուժերի կենտրոնացման մասին տեղեկությունը։ Ծառայության գնահատմամբ, Ուկրաինայի շուրջ ներկա իրավիճակը նման է 2008 թվականի իրադարձությունների նախօրեին Վրաստանում տիրող իրավիճակին։ Տեղեկություններ կան նաև Ռուսաստանի եւ Բելառուսի հետ սահմանային շրջաններում Ուկրաինայի ռազմական ներկայության ուժեղացման մասին։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն էր հայտնել Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի «անկանոն տեղաշարժերի» կապակցությամբ։ Իսկ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Մոսկվան կարող է դիտարկել Ուկրաինա «ներխուժման» հնարավորությունը։

«Ռոսկոսմոսի» գործադիր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը հայտնել է, որ «Սֆերա» ծրագիրը Ռուսաստանին թույլ կտա տիեզերքից ինտերնետ ստանալ 2024 թվականին։ Այս ծրագրի մասին դեռ 2018 թ. հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նշելով, որ նախատեսվում է տիեզերք արձակել կապի և Երկրի խորազննման (զոնդավորման) միասնական համակարգի ավելի քան 600 արբանյակ:

 

Թուրքիա

 

Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Թուրքիայի նախարարների կաբինետի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական վերջին հակամարտությունը, ինչպես նաեւ երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությունը:

Թուրքիայի իշխող կուսակցության գործընկեր, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւվելթ Բահչելին նախագահ Էրդողանին է նվիրել թյուրքական աշխարհի քարտեզը, որում ՌԴ զգալի հատված ներկված է «թյուրքական աշխարհի» գույնով։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ թյուրքական աշխարհի քարտեզում նշված չէ, որ դրա կենտրոնը գտնվում է ոչ թե Թուրքիայում, այլ Ալթայում՝ Ռուսաստանում:

Թուրքիան նոր հորատող նավ է ձեռք բերում՝ Միջերկրական եւ Սեւ ծովերում բնական գազ որոնելու համար, հայտարարել է երկրի նախագահը՝ Անկարայի կողմից էներգիայի աղբյուրների հետախուզման պատճառով Հունաստանի եւ Կիպրոսի հետ լարվածության ֆոնին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահի հետ և կոչ է արել նվազագույնի հասցնել Թուրքիայի եւ Իսրայելի միջև տարաձայնությունները։ Էրդողանը նշել է, որ թուրք-իսրայելական հարաբերությունները կարեւոր են Մերձավոր Արեւելքի անվտանգության եւ կայունության համար, երկկողմ եւ տարածաշրջանային հարցերում պետք է գործել փոխըմբռնման շրջանակներում։

Թուրքիայի ազգային հետախուզությունը (MIT) 495.4 մլն թուրքական լիրա է ծախսել, ինչը որակվել է որպես «գաղտնի ծառայությունների ծախս»: Դրան պատկանող ակտիվներն աճել են մինչեւ 32.7 միլիարդ լիրա՝ նախորդ տարվա համեմատ 92 տոկոսով ավելի։ Կառույցին տրված գումարները փաստում են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունն ավելի ու ավելի է ապավինում գաղտնի ծառայությանը՝ հակառակորդներին վախեցնելու եւ արտերկրում գաղտնի գործողություններ իրականացնելու համար:

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #46 (1417) 24.11.2021 – 30.11.2021, Տարածաշրջան


25/11/2021