Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԴՐԵԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀԵՐԸ



ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԴՐԵԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀԵՐԸԶրույց արեւելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ

 

-Պարոն Պետրոսյան, Զանգեզուրի միջանցք ունենալը Թուքիայի և Ադրբեջանի ռազմավարական ծրագրերի կարևորագույն կետերից է, ու նրանք բաց չեն թողնի պատեհ առիթը այն իրագործելու համար, բայց այդ երկու տերությունները չեն կարող չհասկանալ, որ այսօր անհնար է Հայաստանի տարածքում Հայաստանի սուվերենությունից դուրս ճանապարհ ունենալ: Հենց թեկուզ այն պատճառով, որ դա հակասում է և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի շահերին: Այդ դեպքում, ի՞նչ նպատակ ունի «Զանգեզուրի միջանցք» կամ «Նախիջևանի միջանցք» անվանումներով այս անհեթեթ աղմուկը:

-«Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակության թյուրքական ծրագիր է, որի իրականացումը դյուրին գործընթաց չէ։ Միայն դրա նպատակը (մի կողմից Ադրբեջանի ու Նախիջևանի, մյուս կողմից` Թուրքիայի, Ադրբեջանի և մյուս թյուրքալեզու երկրների միջև անխափան՝ որևէ երկրի ինքնիշխանությունից դուրս միջանցքի կարգավիճակով ցամաքային, ենթակառուցվածքային կապուղիներ ստեղծելու հնարավորությունն ու Անկարայի հեռահար աշխարհաքաղաքական ծրագրերը) բավարար է բոլոր հնարավոր ռեսուրսներով լծվելու այդ կարևոր նախագծի կենսագործմանը։ Ի վերջո, եթե «միջանցքի» նախագիծն իրականություն դառնա, գրեթե զրոյական աստիճանի կհասնի Անկարայի և Բաքվի կախվածությունը Թեհրանից և Թբիլիսիից, որոնց միջոցով էլ ներկայումս ապահովվում է վերոնշյալ կապը։ Ուստի, պարզ է, որ «միջանցքի» խնդիրը միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մակարդակի հարց չէ։ Այն ավելի լայն՝ տարածաշրջանային, անգամ աշխարհաքաղաքական տրամաչափի խնդիր է, և դրա կենսագործման համար իրականացված է ակնհայտ դերաբաշխում Անկարայի և Բաքվի միջև։ Այս փուլում Բաքվին վերապահված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացը միջանցքային տրամաբանությամբ Երևանին պարտադրելու ուղղությունը, որը Ադրբեջանը փորձում է իրագործել չդադարող սադրանքների, ագրեսիվ գործողությունների, շանտաժի միջոցով։ Իսկ Անկարան փորձելու է ծրագրի հետ կապված խնդիրները չեզոքացնել ավելի բարձր՝ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական գործընկեր-դերակատարների մակարդակում։ Ինչ խոսք, քանի որ առայժմ Ադրբեջանը չի հաջողում իրականացնել իրեն պատվիրակված գործառույթը, Թուրքիան պարբերաբար փորձում է աջակցել կրտսեր եղբորը, օրինակ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որևէ հնարավորություն պայմանավորելով Ադրբեջանի պահանջների կատարմամբ, նույն նախապայմանն է դրվում տարածաշրջանային նախագծերում Երևանին ներառելու «լավության» դիմաց։ Ինչ վերաբերում է «միջանցքի առաջմղման» ժամանակահատվածի ընտրությանը, ապա, կարծում եմ, ավելի պատեհ շրջափուլ չէր էլ կարելի պատկերացնել, քանի որ 44-օրյա պատերազմում պարտություն էր կրել «միջանցք» տրամադրող երկիրը՝ Հայաստանը, տարածաշրջանում ուժային հարաբերակցության հիմնովին փոփոխության պայմաններում գործընթացներից դուրս են մղվել գլխավոր դերակատարներից մի քանիսը, իսկ դիրքերն ամրապնդած Մոսկվայի հետ և՛ Բաքուն, և՛ Անկարան ստացել են սակարկությունների լայն օրակարգի հնարավորություն։ Հետևաբար, Հայաստանին պետք է մշտական զգոնություն, զգուշություն և երկարաժամկետ հեռանկարով բազմակողմանի ռազմավարական պլանավորում՝ թշնամական ծրագրերին դիմակայելու համար, որը ենթադրում է բավականաչափ բարդ ճանապարհ՝ պայմանավորված նաև տարածաշրջանում ընթացող ուժային նոր բանաձևումներով։

-Ինչո՞ւ էին հապաղում Իրանն ու Ռուսաստանը՝ ձևակերպելու իրենց դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ:

-Ըստ իս՝ նման գործելաոճը պայմանավորված էր այն իրողությամբ, որ Հայաստանը կարողանում էր միայնակ, մեծ դժվարությամբ դիմակայել թուրք-ադրբեջանական համակողմանի ճնշումներին։ Քանի որ և՛ Մոսկվան, և՛ Թեհրանը, հաշվի առնելով տարածաշրջանում ունեցած իրենց խնդիրները, նպատակները, փորձում էին հնարավորինս խուսափել Բաքվի և Անկարայի հետ հարաբերությունների սրացումից։ Պատահական չէ, որ Իրանը «միջանցքի» թեմայով իր դիրքորոշումը հստակեցրեց, երբ լարվեցին Ադրբեջանի հետ նրա հարաբերությունները՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին Ադրբեջանի հակաիրանական գործողությունների պատճառով։ Այսինքն՝ իրանական կողմը սկսեց գիտակցել հետպատերազմյան իրավիճակում Թեհրանի համար թյուրքական գործոնից բխող սպառնալիքների իրական վտանգը։ «Զանգեզուրի միջանցքի» նախագծի անթույլատրելիության շեշտադրումը հստակ ազդակ էր, որով Թեհրանը փորձում էր կանխել տարածաշրջանում սահմանների փոփոխության հնարավորությունը Հայաստանի տարածքում՝ նպատակ ունենալով կանխել թյուրքական հավակնությունների՝ սեփական սահմաններին հասնելու անխուսափելիությունը։ Մյուս կողմից, չպետք է մոռանալ, որ «միջանցքի» նախագծի հաջողումը զգալիորեն թուլացնելու է Թեհրանի ազդեցությունն Անկարայի և Բաքվի վրա, քանի որ ներկայումս Իրանի տարածքով է իրականացվում Ադրբեջան-Նախիջևան և Թուրքիա-Ադրբեջան հաղորդակցության զգալի ծավալը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ադրբեջանա-հայկական հակամարտության գոտում Բաքվի առավել հաճախակի դարձած սադրիչ և ագրեսիվ գործողությունները ուղղակիորեն վնասում են ՌԴ հեղինակությանը՝ որպես հետպատերազմյան գործընթացների առանցքային միջնորդ։ Այս փուլում նկատվում են թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակային քայլերը և՛ Թեհրանի, և՛ Մոսկվայի դիրքորոշումների վրա ազդելու ուղղությամբ։

-44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում նոր վերադասավորումները բավականին թուլացրին Իրանի դիրքերը: Այսօր նա փորձում է վերադառնալ տարածաշրջան: Որքանո՞վ է դա հնարավոր, և մենք ի՞նչ ընդհանուր շահեր ունենք այս դաշտում:

-Այո՛, ըստ էության, պատերազմի հետևանքով Իրանը գրեթե դուրս մղվեց տարածաշրջանից՝ դիրքերը զիջելով Ռուսաստանին և Թուրքիային։ Եվ անցած ամբողջ տարվա ընթացքում Թեհրանը նպատակային քայլեր էր իրականացնում հնարավորինս վերադառնալու Այսրկովկաս՝ ադրբեջանա-հայկական հակամարտության գոտի և Ադրբեջան։ Այդ նպատակով իրանական կողմը օրակարգ էր նետել մի շարք քաղաքական և քարոզչական թեզեր, մասնավորապես՝ «տարածաշրջանային երկրների սահմանների անխախտելիությունը՝ որպես Իրանի կարմիր գիծ», «տարածաշրջանում ահաբեկիչների և սիոնիստական ռեժիմի ներկայության անթույլատրելիությունը», «Պարսից ծոց-Սև ծով, Կովկասյան միջանցքների» նախագծերի առաջմղումը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում շինարարական աշխատանքներին մասնակցությունը, «3+3»-ի ձևաչափի շրջանակներում համագործակցության հնարավորությունը և այլն։ Մինչդեռ ս.թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին արձանագրված Ադրբեջան-Իրան լարվածության ընթացքում հատկապես թուրք-ադրբեջանական տանդեմի միասնական գործողությունների պարագայում փորձ արվեց ոչ միայն սահմանափակել Թեհրանի ազդեցության վերականգնման փորձերը տարածաշրջանում, այլև էականորեն թուլացնել վերջինի դիրքերը նաև Ադրբեջանում՝ շինծու մեղադրանքներով հետապնդումներ սկսելով այդ երկրում իրանամետ կրոնական և էթնիկ որոշ շրջանակների դեմ։

Վերոնշյալի համատեքստում միանշանակ է, որ տարածաշրջանում Հայաստանին և Իրանին սպառնացող մարտահրավերների մի ահռելի հատված ընդհանուր է։ Եվ դրանց դիմագրավման առավելագույն արդյունավետություն կարող է դրսևորվել բացառապես, որպես բնական դաշնակիցներ, համակողմանի համագործակցության դեպքում, որն ունի նաև լուրջ հակառակորդներ։ Վերջին շրջանում նկատվում է որոշակի ակտիվություն երկկողմ հարաբերություններում, մինչդեռ օրակարգային խնդիր է, որ իրականացվող քայլերը մանևրային մակարդակից տեղափոխվեն գործնական հարթություն։ Քանի որ միայն առարկայական և փոխկապակցված կենսական կարևորության հարաբերությունների և լայնամասշտաբ ենթակառուցվածքային կապերի, համագործակցության արդյունքում է հնարավոր գործարկել երկկողմ հարաբերությունների բնական ներուժը։

-Ադրբեջանը ակնհայտորեն շտապում է՝ իրագործելու նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները, կարծես թե ժամանակը նրա օգտին չի աշխատում, այսօր արդեն ակնհայտ է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը չի կարող ամփոփվել եռակողմ ձևաչափի շրջանակում: Սա մեզ համար ի՞նչ հնարավորություններ կարող է բացել:

-Իրականում հարցի պատասխանը շատ պարզ է։ Պարզապես Ադրբեջանը ձգտում է հնարավորինս արագ ամրապնդել ձեռք բերած հաջողությունները և՛ Հայաստանի հետ հակամարտային դիրքավորման, և՛ տարածաշրջանային մակարդակում։ Ադրբեջանի նախագահը շարժվում է «երկաթը տաք-տաք ծեծելու» հայտնի տրամաբանությամբ, որպեսզի հնարավորինս երկար ապահովի հաղթանակածի էֆեկտը և դրա համակողմանի ազդեցությունը։ Քանի դեռ Հայաստանը չի հասցրել հաղթահարել ծանր պարտության հոգեբանական, քաղաքական, տնտեսական, մարդասիրական և ամենակարևորը՝ ռազմական ու անվտանգային հետևանքները, քանի դեռ արևմտյան դերակատարները, Իրանը չեն վերադարձել տարածաշրջանային զարգացումներին, Ադրբեջանը փորձում է Թուրքիայի աջակցությամբ, նաև ուժի սպառնալիքի կիրառմամբ իրականացնել թյուրքական դաշինքի համար օրակարգային խնդիրները։ Նշվածի համատեքստում կարելի է հստակ պատկերացնել նաև հայկական կողմի անելիքները՝ հնարավորինս արագ վերականգնել ռազմական հնարավորությունները, ընդլայնել արտաքին մանևրի հնարավորություններն ու աշխատել բոլոր հնարավոր գործընկերների հետ ընդհանուր շահերի առավել արդյունավետ համադրման ուղղությամբ՝ անհրաժեշտության դեպքում իրականացնելով քայլերի հստակ դերաբաշխում։

-Ինչո՞ւ է Ադրբեջանը Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկման ցանկացած ձևաչափ գերադասում Մինսկի խմբի վերադարձից:

-Ցանկացած այլ ձևաչափում առավել դյուրին է ուղիղ կամ անուղղակիորեն ներգրավել նաև Թուրքիային։ Բաքուն միայնակ ի զորու չէ դիմագրավել արտաքին՝ հատկապես Արևմուտքի հնարավոր ճնշումներին՝ կապված իր շարունակական ագրեսիվ վարքի և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների այլ խախտումների հետ։ Պատերազմի ընթացքում և դրանից հետո աշխարհի հետ խոսելու դերն ստանձնել է Թուրքիան, իսկ Բաքուն փորձում էր լուծել միայն Երևանի հետ առկա խնդիրները։ Մյուս կողմից, Ադրբեջանը պարտք ունի վերադարձնելու Թուրքիային՝ հակամարտության կարգավորման գործընթացում ձգտելով ապահովել այնպիսի ձևաչափ, որի շրջանակում հնարավոր կլինի հագուրդ տալ Էրդողանի աշխարհաքաղաքական նկրտումներին։

-Այսօր մեզ ի՞նչն է խանգարում օրակարգ բերելու Արցախի անկախության ճանաչումը:

-ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի ակտիվանալու փորձերը վկայում են, որ հիմնախնդրի վերջնական կարգավորումը պետք է լինի դրա իրավազորությամբ օժտված միակ միջազգային ձևաչափում, որն, ի դեպ, ձեռնտու է նաև հայկական կողմին։ Միջազգային վեճերի խաղաղ լուծման սկզբունքի առանցքային բովանդակային դրույթն է՝ պետություններն իրենց միջև ծագած վեճերը պետք է լուծեն բացառապես խաղաղ միջոցներով։ Եթե ընտրված միջոցը չի արդարացնում իրեն, ապա պետք է փոխադարձ համաձայնությամբ ընտրել նոր միջոց։ Այսինքն՝ Հայաստանը հանգիստ կարող է ճանաչել Արցախի անկախությունը, եթե Ադրբեջանը միակողմանիորեն հրաժարվի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից, ինչը փորձում էր անել պատերազմին հաջորդած առաջին ամիսների ընթացքում։ Սա է պատճառը, որ գիտակցելով նման քայլի վտանգավոր հետևանքները, այն է՝ Արցախի միջազգային ճանաչման գործընթացի հնարավորությունը, Բաքուն համաձայնեց այդ ձևաչափում բանակցությունների վերսկսմանը, միևնույն ժամանակ, փորձելով առաջ մղել սեփական օրակարգը՝ Հայաստանի հետ հաշտության պայմանագրի ստորագրումը։ Հայաստանը հանգիստ կարող է ճանաչել Արցախի անկախությունը նաև այն դեպքում, եթե Ադրբեջանի հետ ենթադրվող սահմանազատման և սահմանագծման գործընթացների համատեքստում փորձ արվի պարտադրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը։ Զարգացումների նման ընթացքի դեպքում Երևանը կարող է միաժամանակ ճանաչել և՛ Արցախի անկախությունը, և՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց Արցախի։

-Իրանն ամեն ինչ կանի, որ թուլացնի Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունը տարածաշրջանում, վերջիններս կշարունակեն մեկուսացնել Իրանին, դա կարո՞ղ է հանգեցնել ռազմական բախման:

-Տարածաշրջանն այն աստիճանի պայթյունավտանգ և անկանխատեսելի է դարձել, որ չափազանց բարդ է միանշանակ կանխատեսումներ անելը։ Իհարկե, որևէ տեսակի բախում, անգամ տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի հավանականթյունը բացառելը ճիշտ չի լինի, մանավանդ, երբ Իրանի դեմ են հանդես գալիս ոչ միայն թուրք-ադրբեջանական տանդեմը, այլև Իսրայելը։ Զուգահեռաբար առավել գերակա են հիմնականում քաղաքական, քարոզչական կամ այլ մեթոդներով մրցակցության ջանքերը։ Բայց կկրկնեմ՝ որևէ կերպ չի կարելի բացառել, որ որոշակի փուլում իրավիճակը կարող է նաև դուրս գալ վերահսկողությունից հատկապես մի շարք դերակատարների՝ նպատակային սադրանքներով խաղի մեջ մտնելու դեպքում։

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #46 (1417) 24.11.2021 – 30.11.2021, Հոգևոր-մշակութային


25/11/2021