Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ



ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸԱրցախի հերոս Ռուստամ Գասպարյանը Արցախյան երկու պատերազմների մասնակից է, հայրենապաշտ հայորդի, որը թշնամու դեմ անսասան կանգնելն իր տարերքն էր համարում, հրամանատար, որից միշտ և ամենուր սարսափել է թշնամին:

…1989 թ. ծննդավայր  Ջանֆիդա գյուղում  Ռուստամ Գասպարյանը մի խումբ համախոհ կամավորականների հետ  ստեղծեց  «Սև հովազ»  ջոկատն ու մեկնեց Արցախ։   Մասնակցեց Շահումյանի, Հադրութի  ինքնապաշտպանական, Վարանդայի, Սանասարի ու էլի շատ բնակավայրերի ազատագրման մարտերին։

Ռուստամ Գասպարյանը արցախյան ազատամարտից հետո էլ չլքեց բանակի շարքերը։ Մինչև 2000 թվականը նա զինված ուժերում զբաղեցրել է հրամանատարական բարձր պաշտոններ։

Հայրենիքի սահմանների ուղղությամբ թշնամու յուրաքանչյուր դիվերսիոն ներթափանցման փորձ փոթորկում էր աննկուն հրամանատարի ու մեծ հայրենասերի հոգին, ու ժամերի ընթացքում նա  հասնում էր առաջնագիծ։

-30 տարի շարունակ համազգեստը չհանեց: Թե լսեր՝ կրակոց կա, հագնում էր համազգեստն ու մի քանի կամավորականների հետ մեկնում էր ուր որ անհրաժեշտ է,- ասում է եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը:

«Սև հովազ» ջոկատի հրամանատարն իր տղաների հետ առաջնագիծ մեկնեց նաև  2016 թվականին և  մասնակցեց քառօրյա մարտական գործողություններին, ամիսներ շարունակ մնաց դիրքերում, մարտական հերթապահություն իրականացրեց և անառիկ պահեց Հայրենիքի սահմանը:

Մարտական ընկերները պատմում են, որ թեև Ռուստամը խիստ հրամանատար էր, պահանջկոտ, բայց բարի սիրտ ուներ:

-Շատ հայրենասեր, մեծ ու փոքր ճանաչող, շատ հեռատես մարդ էր: Նա ռազմական գործչին բնորոշ հեռատեսություն ու խելք ուներ,- նշում է ընկերը՝ Նաիրի Սաֆարյանը:

-Շատ բան ենք նրանից սովորել ու դեռ ունեինք սովորելու… Ռուստամի տեսակը բացառիկ էր ամեն առումով:  Նման մարդիկ դարը մեկ են ծնվում,- ընկերոջ խոսքն է շարունակում  Վարդան Մկոյանը:

Ռուստամ Գասպարյանն  իր 120 զինվորների հետ մեկնեց Արցախ նաև  44-օրյա պատերազմի ժամանակ, մասնակցեց Քարվաճառի մարտերին, ապա, հոկտեմբերի 11-ին, տեղափոխվեց Հադրութ։ Մարտական ընկերների խոսքով՝ իրենց հրամանատարը գերմարդկային ջանքեր էր գործադրում արդեն իսկ հակառակորդի վերահսկողության տակ գտնվող Հադրութը հետ վերադարձնելու համար.

-Մենք պահել ենք, որ թշնամին առաջ չգա:  Դիրքային ծանր մարտեր ենք մղել, գիշերային տասնյակ դիվերսիոն խմբերի ներթափանցումներ կանխել: Եվ այդ ամենը նրա բանիմաց ու խելամիտ հրամանատարության շնորհիվ,- ասում է Սիմոն Հարությունյանը:

Տղաները պատմում են, որ ծրագրեր էր մշակում Հադրութը հետ վերցնելու համար:

-Մեծատառով մարդ-հրամանատար, որի հետևից զորքն էր գնում: Պահեր են եղել, որ մինչև ինքն անձամբ չստուգեր, ոչ մեկին թույլ չէր տալիս ինչ-որ քայլ անել: Նրա համար զինվորի կյանքը թանկ էր, շատ թանկ, և դրանում մենք համոզվել ենք բյուր անգամ: Դրա համար էլ զորքը նրան սիրում ու հարգում էր,- շարունակում է Սիմոն Հարությունյանը:

-Ռուստամ Գասպարյանի համար թանկ էր յուրաքանչյուր զինվորի կյանքը, բայց  անգին էր Հայրենիքը, ու դրա համար նա ոչինչ չխնայեց։ Ռազմաճակատ մեկնեց երկու որդիների, եղբոր ու եղբոր որդու հետ միասին, կռվեց և  ավագ որդու՝ Ռաֆայել Գասպարյանի  հետ հոկտեմբերի 15-ին  զոհվեց Հադրութի համար մղվող մարտերում.

…Հայրենի Ջանֆիդա գյուղում Արցախի հերոսի զոհվելուց մեկ տարի անց բացվեց նրա կիսանդրին և հուշաքար՝ նվիրված Հայրենիքի համար զոհված բոլոր ջանֆիդացիներին։

 

ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ

Խորագիր՝ #46 (1417) 24.11.2021 – 30.11.2021, Ճակատագրեր


25/11/2021