ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ
Առաջին աշխարհամարտի տարիներին պատերազմական շատ գործողություններ, կատարվելով պատմամշակութային հուշարձաններով հարուստ հայոց հողում, զգալի վնաս են հասցրել այդ անգնահատելի հարստությանը, հաճախ պարզապես կործանել դրանք։ Բարեբախտաբար, եղել են նաեւ մարդիկ, որոնք, հասկանալով այդ հուշարձանների համաշխարհային նշանակությունը, ձգտել են փրկել դրանք, հնարավորին չափով զերծ պահել արկ ու ականի պայթյուններից։
Այդպիսի մի քանի դրվագների մասին։
Հայկական պատմական եւ հնագիտական հուշարձանների պահպանության խնդրով, բնականաբար, մտահոգ էին նախ եւ առաջ գիտնականները։ Նրանք քաջ գիտակցում էին, որ վաղ թե ուշ պատերազմը կավարտվի, եւ չի կարելի թույլ տալ, որ դարերի ընթացքում պահպանված ու իրենց ժամանակները հասած այդ մեծ արժեքները կործանվեն` անուղղելի վնաս հասցնելով գիտությանը, համաշխարհային քաղաքակրթությանն ընդհանրապես։ Հենց նրանք էլ հուշում էին զինվորականներին, ավելին` նրանցից պահանջում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այս կամ այն հուշարձանը փրկելու ուղղությամբ։
Այսպես, 1915-ի մայիսին, երբ ռուսական զորքը մտավ Վան` ամրապնդելով հայկական կամավորական ջոկատների հաղթանակը թուրքական բռնակալ ուժերի դեմ, մի խումբ գիտնականներ նամակ հղեցին Կովկասյան բանակի հրամանատարությանը` խնդրելով պահպանության տակ վերցնել Կալեշինի լեռնանցքում գտնվող քարե հնագույն հուշարձանը սեպագիր արձանագրությամբ։ Այն վերաբերում էր մ.թ.ա. 9-րդ դարին։ Գիտնականները նաեւ հաղորդում էին, որ գերմանացիները փորձեր են արել այդ հուշարձանը տեղափոխել եվրոպական որեւէ թանգարան։
Վանի շրջանում ռուսական զորքի հրամանատար, գեներալ Չերնոզուբովը շուտով ստանում է Կովկասյան բանակի գլխավոր հրամանատարի կարգադրությունը` անմիջապես միջոցներ ձեռնարկել եւ ոչ մի կերպ թույլ չտալ այդ հուշարձանի առեւանգումը։ Այն Բեռլին չպետք է ընկնի։ Խիստ հրահանգ է իջեցվում հուշարձանն անվնաս եւ մեծ զգուշությամբ հասցնել Թիֆլիս` որեւէ գիտական հիմնարկի հանձնելու համար։
Պահպանվել է գեներալ Չերնոզուբովի պատասխան գրությունը` ուղղված կովկասյան ռազմաճակատի շտաբի պետ, գեներալ Բոլխովիտինովին։ Այդ գրությամբ Չերնոզուբովը տեղեկացնում էր, որ Կալեշինի լեռնանցքում, 1365 սաժեն բարձրության վրա, իրոք, կա մի քարե հուշարձան, որը կառուցվել է Ուրարտուի թագավոր Իշպուինիի օրոք։ Հայտնվում էր նաեւ, որ նման ուրարտական մի հուշարձան էլ կա Սիդեկից ոչ հեռու` Թալավուզում, այն կառուցվել է մ.թ.ա. 714-ին։
Ապա Չերնոզուբովը տեղեկացնում է, որ հուշարձանների մոտ տանող կածանները դժվարանցանելի են, եւ հենց որ հնարավորություն ստեղծվի` կարգադրությունը կկատարվի։ Մեկ այլ գրությամբ գեներալը հայտնում է, որ հուշարձանը կշռում է 30-40 փութ եւ նպատակահարմար է նրա տեղափոխումը կատարել ապրիլի վերջերին, երբ ձյունը հալվի, եւ ճանապարհները բացվեն։
Ընդհանրապես` գիտական հասարակությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել պատերազմական գործողությունների գոտում կամ գրավված տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային արժեքների նկատմամբ։ 1915-1917 թթ. մեծ գործ կատարեց Կովկասյան թանգարանի աշխատակից Սմբատ Տեր-Ավետիսյանը` Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հանձնարարությամբ պեղումներ կատարելով Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայեթներում` անխուսափելի կործանումից փրկելով մեծաթիվ պատմական վավերագրեր, ձեռագրեր ու ազգագրական նյութեր։ Արգասավոր եղավ հատկապես նրա գործուղումը Կովկասյան ռազմաճակատի տարածք` կատարելու մշակութային հուշարձանների հաշվառում։ Դա 1916 թ. ապրիլին էր` պատերազմական գործողությունների թեժ շրջանում։ Ընդհանուր առմամբ` 1915-1917 թթ. այդ ժրաջան ու համարձակ հնագետի ջանքերով կորստից փրկվել եւ ապահով վայրեր են տեղափոխվել երկու տասնյակից ավելի սեպագիր արձանագրություններ, շուրջ 1400 ձեռագիր մատյաններ, որոնք այնուհետեւ դարձել են գիտական ուսումնասիրությունների հարուստ նյութ։ Կարելի է պատկերացնել, թե նրանից ինչ մեծ ջանքեր են պահանջվել Մշո Առաքելոց վանքի հռչակավոր դրվագազարդ դուռը մարտական գործողությունների շրջանից դուրս բերելու համար։ Հայկական արվեստի այդ գլուխգործոցը փրկվել է անխուսափելի կորստից եւ ներկայումս պահվում ու ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում։ Ի դեպ, հենց այդ դռան ընդօրինակությամբ է հետագայում պատրաստվել Երեւանի Մատենադարանի շքամուտքը։ Նկատենք, որ կովկասյան թանգարանի տնօրեն Կազանկովը, որը նաեւ զինվորական կոչում ուներ` գնդապետ էր, Թուրքիայից գրավված շրջաններում հնագիտական պեղումներ, գիտաթանգարանային ուսումնասիրություններ կատարելու, այնտեղ աշխատակիցներ գործուղելու համար ուներ հատուկ թույլտվություն։ Նման թույլտվություն տալու իրավունք էր ստացել նաեւ գիտությունների ակադեմիան։ Հենց նրա հանձնարարությամբ էր, որ լուսանկարիչ Ն. Գլուկեն եղավ Կովկասյան բանակի գործողության վայրերում եւ կատարեց հնությունների ու արվեստի հուշարձանների լուսանկարահանումներ։ Դրանց հավաքման եւ պահպանման նպատակով հիշյալ վայրեր գործուղվեցին բազմաթիվ գիտաշխատողներ, հնագետներ։ Նրանց թվում էր արդեն հայտնի դերասան Արամ Վրույրը, բայց նա ռազմաճակատի շրջան մեկնեց ոչ թե որպես դերասան, այլ լուսանկարիչ-հնագետ։ Նշենք Պետերբուրգի բուսաբանական այգու աշխատակից Շեպտինսկուն։ Ուրմիայի արշավախմբի կազմում նա պատերազմական գործողությունների գոտում կատարում էր… բուսաբանական ուսումնասիրություններ։
1916 թ. Կովկասյան ռազմաճակատի շրջան ուղեւորվելու թույլտվություն ստացավ նաեւ նշանավոր արեւելագետ, ակադեմիկոս Ն. Մառը։ Նրա օգնականն էր Հ. Օրբելին` հետագայում նույնպես ակադեմիկոս։ Իրենց արշավախմբով նրանք հնագիտական պեղումներ կատարեցին Վանի վիլայեթի Թոփրակ Կալա եւ Բոլադաղի Հայկաբերդ կոչվող վայրերում` խնդիր ունենալով հավաքելու եւ կորստից փրկելու Վանի թագավորության Խալդական շրջանի ու այլ կարգի հնագիտական նյութեր, սեպագիր եւ ձեռագիր հուշարձաններ։ Այդ ժամանակ էր, որ նրանք հայտնաբերեցին Ուրարտուի թագավոր Սարդուրի Բ-ի մեծածավալ սեպագիր արձանագրությունը` իսկական գյուտ հնագույն շրջանի պատմության մի շարք կնճռոտ հարցերի պատասխան տալու համար։ Պատերազմի երախից ահա թե ինչ արժեքներ էին փրկում գիտնականները։
Պատերազմական վայրեր գործուղումների մեկնեցին նաեւ ազգագրական արշավախմբեր։ Հատկապես նշանակալից եղավ ռուսական թանգարանի ազգագրական բաժնի վարիչ Ա. Միլլերի ղեկավարած արշավախմբի աշխատանքը։ Միլլերի օգնականն էր Պ. Մակինցյանը` հետագայում անվանի գրականագետ, պետական գործիչ։
Ազգագրական ընկերության գործուղմամբ պատերազմական գորտում եղավ նաեւ անվանի բանահավաք, ազգագրագետ եւ հնագետ Երվանդ Լալայանի ղեկավարած արշավախումբը, հավաքեց բազմաթիվ նյութեր, որոնք այնուհետեւ ստվարածավալ աշխատությունների հրատարակման հիմք դարձան։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ասիական թանգարանի պետ Աշխարհբեկ Քալանթարը եւս մեծ ծառայություններ ունի պատերազմական գործողությունների գոտու պատմամշակութային արժեքների հավաքման, ուսումնասիրման եւ դրանք կորստից փրկելու գործում։ Ն. Մառի եւ ականավոր այլ արեւելագետների հետ նա մասնակցել է Անիի պեղումներին եւ վիմագիր արձանագրությունների հավաքմանը։ 1917 թ., ստիպված հեռանալով Անիից, փրկել է քաղաքի հնագիտական հավաքածուների մի զգալի մասը, որը ներկայումս պահվում է Հայաստանի պատմության թանգարանում։ 1917 թ. նա նշանավոր պատմաբան Ն. Ադոնցի հետ գործուղվել է Վան` քաղաքի եւ նրա շրջակայքի սեպագիր արձանագրություններն ուսումնասիրելու եւ նորերը հայտնաբերելու համար։ Այս ձեւով նա փրկել է գիտական կարեւոր նշանակություն ունեցող բազմաթիվ նյութեր։
Ուշագրավ փաստ. Աշխարհբեկ Քալանթարը եղել է նաեւ Անդրանիկի գրագիրը եւ, մարտադաշտում ուղեկցելով զորավարին, միաժամանակ կատարել հնագիտական հետազոտություններ։ Այս «զանցառության» համար նա ձերբակալվում է գեներալ Չերնոզուբովի հրամանով, նրան խիստ պատիժ էր սպասվում, որից խուսափում է միայն Անդրանիկի հեղինակավոր միջամտությամբ։
Պատերազմ եւ մշակույթ։ Մեկը` կործանում, մյուսը` արարում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կորստից փրկելով մարտական գործողությունների թոհուբոհում հայտնված հայկական մշակույթի մեծ արժեքները, ուսումնասիրելով դրանք` գիտության զինվորները մեծ ծառայություն էին մատուցում քաղաքակրթությանը։
ՆՈՐԱՅՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
Խորագիր՝ #46 (1417) 24.11.2021 – 30.11.2021, Հոգևոր-մշակութային