Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԻԳԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ



ՎԻԳԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՈվ թեկուզ մի քանի րոպե շփվել է նրա հետ, վստահաբար ասելիք կունենա։ Նրա մասին դժվար ու անհնար է պատմել մեկ հոդվածով, դասընկերոջս՝ Վիգենին, ուղղակի ճանաչել էր պետք…

Արցախյան երկրորդ պատերազմում 40 օր շարունակ Մարտունիում, Ջրականում, Հադրութում թշնամու դեմ մարտնչած Վիգեն Գևորգյանը Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր։ 2019 թ. հուլիսի 24-ին էր զորակոչվել բանակ, նռնականետորդ էր։ Պատերազմը սկսվելուց մի քանի օր առաջ հոսպիտալում էր՝ առողջական խնդիրների պատճառով։ Մայրը՝ Անին, կարոտով լի հայացքով նայելով հյուրասենյակի փոքրիկ անկյունում դրված Վիգենի լուսանկարներին, բոլոր մանրամասնություններով պատմում է այն օրվա մասին, երբ գնացել էր տղային տեսնելու ու մտքով անգամ չէր անցել, որ վերջին անգամ է տեսնում որդուն։ Տեսակցություն չէին թողնում. մի կերպ կարողացել էր մի քանի րոպե տեսնել տղային, առաջարկել էր, որ գնան դարպասի մոտ` ընտանիքի մյուս անդամներին էլ տեսնի, բայց Վիգենը կտրուկ հրաժարվել էր. «Ինչի՞, ես բռնավո՞ր եմ, որ  ինձ ճաղերի հետևից պիտի տեսնեն, գնացեք տուն, մի բան կանեմ, կգամ»… Ավա՜ղ, սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը թույլ չտվեց, որ Վիգենը տուն վերադառնա, նա պիտի հասներ իր ընկերներին, որոնք կյանքի ու մահվան կռիվ էին տալիս։ Հոր՝ Տիգրանի խոսքով՝ նույն օրը զանգել ու ասել էր. «Պա՛, արի մի բան արա, ես ստեղից գնամ չաստ, հասնեմ տղերքին, էս իրավիճակին ես չեմ դիմանա. վիրավորներին, որ բերում են, որի ոտքերը, որի ձեռքերը չկան, տղերքով, ով ի վիճակի ա, մենք ենք տանում վիրահատարան, ես էս տեսարաններին չեմ դիմանա։ Ամեն րոպե շտաբի դուռը, որ բացում են, ես գիտեմ՝ վաշտի տղերքին են  բերել։ Ամաչում եմ, որ տղերքին վիրավոր տեսնեմ, ես իրանց կողքին պիտի լինեմ, ես էստեղ անելիք չունեմ»։ Ու գնաց` չսպասելով դուրսգրման. սեպտեմբերի 29-ին շտապեց առաջնագիծ։

Վիգենը միշտ հպարտությամբ էր նշում, որ հայրը՝ Տիգրանը, մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Հոր պատմությունները կլանված, առանց ընդհատելու լսում էր, և ընդհանրապես, ցանկացած մեկը բանակից կամ պատերազմից եթե պատմեր, զգաստանում էր ու խորացած լսում, հարցեր չէր տալիս. ո՛չ խոսում էր, ո՛չ խանգարում, ուղղակի լսում էր։ Իր լսած պատմությունները, սակայն, Վիգենը պիտի իր իսկ աչքերով տեսներ…

Պատերազմի ամբողջ ընթացքում ընտանիքի անդամներին երբեք չի ասել, թե որտեղ է, միայն հետո զինակից ընկերներն են պատմել նրա մղած կռվի մասին։ Նրանց խոսքով՝ չգիտեն՝ որտեղից 40-ից ավելի բուշլատներ է հայթայթել, ծխախոտով ու ուտելիքով հասել Մարտունի։ Ասում են՝ հանգիստ էին, որ Վիգենը հոսպիտալում էր, որ իրեն ոչ մի բան չի պատահի, բայց երբ իմացել են՝ գալիս է, ինչ-որ տեղ նաև ուրախացել են, ոգևորվել, որ իրենց կողքին կլինի. իր հետ հանգիստ էր ու ավելի ապահով։ Վիգենի մարտական ընկերը՝ Արտակը, պատմում է, որ  սկզբում Մարտունիում, ապա Ջրականում են կռիվներ մղել, հետո նորից վերադարձել են Մարտունի։

…Հադրութից դեպի Մարտունի վերադառնալու համար Վիգենն ու իր մարտական ընկերները ոտքով 80 կմ ճանապարհ են անցնում՝ անտառներով, սարերով, ծանր զենքերը քարշ տալով, սակայն ճանապարհին մոլորվում են ու ընկնում շրջափակման մեջ։ Երեք օր անց մոտակա գյուղից նրանց կարողանում են գտնել ու դուրս բերել շրջափակումից։ Արտակը հիշում է՝ Վիգենը միշտ հարցնում էր. «Հո դուխդ չե՞ս գցել», ինքն էլ՝ «Չէ՛, քեզ հետ եմ, բարձր ա դուխս»։ Նոյեմբերի 2-ին հրաման է լինում, որ պիտի բարձրանան Կողակ սարի վրա։ Սիփանը՝ Վիգենի հետ կողք կողքի կռված մյուս մարտական ընկերը, պատմում է, որ նույն փոսի մեջ են եղել,  հենց խփում էին, Վիգենը կատակով ասում էր. «Ծուռ եք խփում, 100 մետր աջ պահեք, կխփեք»,- հետո, երբ արկն ընկնում էր իրենց փոսի մոտ, ասում էր. «Կատակ եմ անում, արա՜, 500 մետր էն յան խփեք»։ Սիփանի խոսքով՝ Վիգենն է ամեն ինչ կազմակերպել կռվի ժամանակ՝ չլինելով ո՛չ սերժանտ, ո՛չ հրամանատար. «Ամբողջ անձնակազմը իրեն էր ենթարկվում, սիրում ու հարգում, շատ պահանջկոտ էր, միշտ ասում էր, որ ուշադիր լինենք, հակառակորդի ցանկացած շարժի մասին իրեն էինք ասում առաջինը։ Գալիս էր, դիտարկում, մեկի տեղը մի քանի «ռացիա» ուներ, կապ էր տալիս, բոլորին տեղյակ պահում ցանկացած շարժի մասին, ասում, թե ով ինչ պիտի անի նման իրավիճակներում։ Ամբողջ գիշեր չէր քնում, որ վտանգի դեպքում առաջինը ինքը կռիվ տար, ապահովեր տղերքի անվտանգությունը»։

ՎԻԳԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՏուն զանգելիս ասել էր. «Ջարդները տվել ենք, էնենց են նահանջել, փախել դրանք, որ ամոթ ունենան, էլ էս յաները չեն երևա»։ Սակայն օր օրի վիճակը ավելի էր բարդանում… Նոյեմբերի 7-ին մարտական մի քանի ընկերներով իրենց տեղը թողնում ու գնում են պահելու սարի մյուս՝ աջ թևը։ Սակայն զինակից ընկերներին օգնելու ժամանակ, չհասցնելով անձամբ  դուրս գալ խրամատից, Վիգենը զոհվում է տանկի արկի պայթյունից։ Վիգենն ու իր ամենամտերիմ ընկերը՝ Արշակը, որի հետ ծառայության սկզբից անբաժան են եղել, միմյանց երդում էին տվել,  որ մինչև վերջ, ինչ էլ որ լինի, չեն լքելու իրար ու իրենց դիրքը։ Այդպես էլ եղավ. կռվեցին մինչև վերջին պահը ու ընկան մարտական ոգով, աննահանջ կանգնած իրենց դիրքում։ Կողակ բարձունքի համար մղվող պայքարում Վիգենն ու իր տասը մարտական ընկերները հերոսաբար իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին։

Հարազատների հետ վերջին խոսակցության ժամանակ՝ նոյեմբերի 6-ին, հայրն ասում է. «Չգիտեինք, որ հզոր կռիվ են տվել. հոգնած էր, խոսելը չէր գալիս ու էլի չասեց, թե ինչ է եղել, ասեց՝ մենք լավ ենք, ձեզ լավ նայեք, ես էլ նեղվեցի, ասի՝ տղա՛ ջան, փոխանակ ես ասեմ, դուք ձեզ լավ նայեք, զգույշ եղեք, դո՞ւ ես ինձ ասում։ Երևի թե իրենք գիտեին՝ ինչ է լինելու հաջորդ օրը։ Իրենց կյանքը տվեցին, ընկերը ընկերոջ համար, ցանկացած մեկը կարող էր փախչել, բայց չեն փախել, մինչև վերջ կանգնել են։ Ես գլուխ չեմ գովում կամ պարծենում, բայց անվախ էր, հզոր ոգով»։

Նոյեմբերի 7-ից Վիգենից ոչ մի լուր չկար, օրեր շարունակ ընտանիքին ապրեցնող զանգը, որին այդքան սպասում էին, չկար։ Իրականության և երազի խաչմերուկում չէին տարբերում իրականը, երազում տեսնում էին, թե զանգել է, խոսել են, իսկ առավոտյան փորձում էին հասկանալ՝ իրականությո՞ւն էր, թե՞ իրենց ամենանվիրական երազանքի արտահայտումը գիշերվա լռության մեջ։ Անսովոր էր Վիգենի՝ այդքան երկար ձգվող լռությունը. չէ՞ որ անգամ շրջափակման օրերին էր ելք գտել ու զանգել հարազատներին։ Հույսը չէր մարում ոչ մի վայրկյան, սակայն, ցավոք, 45 օր անց սպասումն ընդհատվեց… Դեկտեմբերի 24-ին՝ իր 20-ամյակից երեք օր առաջ, Հերոսի աճյունն ամփոփվեց Թալինի պանթեոնում։

Ամեն եկողի հետ Վիգենի մասին պատմությունները նորից ու նորից են կրկնվում, ու յուրաքանչյուր հիշողության հետ տունը կարծես  լցվում է իրենով, ամեն ինչ նորից կենդանություն է առնում։ Զրույցի ընթացքում ընտանիքի անդամները Վիգենի խոսքերը այնքան կարոտով ու սիրով էին մեջբերում, առանց որևէ տառի փոփոխության, նույն ճշգրտությամբ ու բառապաշարով։ Մայրն արցունքները զսպելով մեջբերեց որդու խոսքերը, որոնք ասում էր ամեն անգամ զանգելիս. «Մա՛, ասա՛, որ թռնում ա ծառայությունս»։ Մայրն ասում է, որ միայն հիմա է հասկանում՝ Վիգենը իրեն անընդհատ կարծես նախապատրաստեր, որ պիտի բանակում ծառայի, միշտ խոսք էր բացում այդ մասին ու դա հենց այնպես չէր անում, գիտեր, որ իր ոտքի խնդրի պատճառով մայրը վստահ է, որ չի գնալու, իսկ հետո կարճ ժամանակահատվածում ամեն ինչ փոխվելու էր։ Ռազմաբժշկական հանձնաժողովի նիստի ժամանակ գեներալը Վիգենին հարցրել էր՝ տղա՛ ջան, պատրա՞ստ ես ծառայության, ասել էր. «Հոգեպես պատրաստ եմ, բայց, այ, ֆիզիկապես դուք պետք է ասեք, իմ թղթերը ձեր առաջ են»։ Մայրը հիշում է որդու խոսքը՝ «Չխանգարե՛ք ինձ, թողե՛ք գնամ, գամ…»:

Ընդունվել ու մեկ տարի սովորել էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետում, ապագա տնտեսագետ էր…

Մայրը խնամքով դարակից հանում է ալբոմը, որտեղ որդու ծառայության ու պատերազմի ժամանակ արված լուսանկարներն են։ Կարոտով լի հայացքով շոյում է լուսանկարներում որդու դեմքը ու պատմում, թե ոնց էր Վիգենը ամեն անգամ իր լուսանկարների մասին ասում. «Հլը նայի՝ ինչ գժական, բոմբ  նկարներ եմ արել»։

-Մենք բոլորս պարտավոր ենք ապրել էնպես, ինչպես իրենք էին ուզում, մենք պարտք ենք մեր տղաներին. ինչ իրենք չհասցրին, մենք բոլորս պիտի անենք…

Հիմա մենք փորձում ենք էնպես ապրել, որ ինքն իրեն լավ զգա. իրեն դուր չի գա, որ մենք կոտրվենք։ Զգում եմ, որ ինքն է ինձ ուժ տալիս, որ կարողանամ աշխատել, ապրել, դիմանալ։

Վիգենս կյանքն էլ էր սիրում, մարդկանց էլ, շա՜տ, ամեն ինչը սիրում էր, սիրում էր կյանքը լիարժեք վայելել, ինքը շատ անելիքներ ուներ, ինքը սիրուն կապրեր, սիրուն կապրեցներ, ինքը լավ մարդ էր դառնալու,- իր խոսքը եզրափակելով՝ ասաց մայրը։

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Վիգեն Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

ՍՈՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Խորագիր՝ #46 (1417) 24.11.2021 – 30.11.2021, Ճակատագրեր


25/11/2021