Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐ ՏՈՆԻՆ



ԶԻՆՎՈՐ ՏՈՆԻՆՈսկեփայլ, խիտ գանգուրներով Տոնիի գրավիչ արտաքինն ու խելամտությունը Գուսանա գյուղում բոլորին էր հիացնում: Հենց քայլեց, խոսեց՝ իրեն մեծ համարեց, սիրեց աշխատանքն ու փոքր հասակից փորձեց օգնել ծնողներին: Փայտ կոտրելիս նմանակում էր Ադրիանո Չելենտանոյին: Երգով, պարային շարժումներով կոտրում էր փայտն ու զվարճանում՝ հրճվանք պատճառելով նաև մյուսներին: Մայրը՝ Տիրուհին, քույրերը՝ Տուֆինկան, Տաթևը, եղբայրը՝ Գուրգենը, և հայրը, մի առանձնակի սիրով ու հոգատարությամբ էին վերաբերվում անկաշկանդ ու աշխատասեր Տոնիին:

 

Մի անգամ տնեցիները հարսանիք էին գնացել: Տանը մնացել էին Տոնին և Տուֆինկան: Ծնողները վերադարձան ու խոզերից մեկին սատկած գտան:

«Ի՞նչ ես արել, Տոնի՛, ինչո՞ւ է խոզը սատկել»:

«Ես ոչինչ չեմ արել: Միայն տեսա, որ խոզն ու առնետը կռվում էին: Եթե խոզը սատկել է, ուրեմն առնետն է հաղթել»,- հնարամտեց Տոնին:

Այդ դեպքից հետո, երբ գյուղացիներից մեկի անասունը սատկում էր, միշտ կատակում էին.

«Տոնիին հարցնենք՝ պատճառն իմանանք»:

Իսկ Տոնին նեղացել էր բոլորից:

Գյուղացիները որոշել էին, որ փոքրերը չպետք է կովերին արածեցնեն, չեն կարողանա:

«Ես պետք է տանեմ նախիրը, բոլորին պետք է ապացուցեմ, որ կարող եմ ու մեծ եմ»,- չզիջեց Տոնին:

Իրիկունը երբ տուն եկավ, մայրն ասաց.

«Տոնի՛ ջան, ամբողջ օրը վազվզել ես, արի ոտքերդ լվանամ, մկաններդ չցավեն»:

«Չէ՛, հո փոքր չեմ, ոչ էլ հոգնել եմ»,- ասաց Տոնին:

2006 թ. Տոնին ընդունվեց տեղի միջնակարգ դպրոց: Շատ լավ էր սովորում: Ուսուցիչների սիրելին էր:

Տոնիի եղբայրը շուն ուներ Տարզան անունով: Տոնին էլ ի՛ր շունն էր ուզում ունենալ: Ու գտավ նրան՝ հավատարիմ և նվիրված Կարտուշին, որն օգնում էր Տոնիին կովերն արածեցնելիս և հպարտ-հպարտ թափահարում էր պոչը, հասկացնում, որ սիրով է իր գործը կատարում և լավ է տանում հսկիչի դերը: Երբ իրիկնանում էր, ու տանն էլ գործ չէր մնում անելու, Տոնին «լողանում» էր օծանելիքով:

«Տուֆինկա՛, ես թռա աղջիկների մոտ»:

…Գուսանա գյուղի անհոգ առօրյան հանկարծ խաթարվեց: Ղուկասի եղբայրը՝ Հայկ Խաչատրյանը, բանակում մարտական առաջադրանքը կատարելիս զոհվել էր… Լուրը հանկարծակիի բերեց բոլորին: Ոչ ոք չէր ուզում հավատալ: Տոնին հաճախ էր գալիս Ղուկասենց տուն: Նրա լույս ժպիտն այնքան նման էր Հայկի ժպիտին: Տիկին Սառան՝ Հայկի մայրը, մի տեսակ կարոտով էր սպասում Տոնիին: Գուսանայի միջնակարգ դպրոցում հերոս Հայկ Խաչատրյանին նվիրված միջոցառմանն էին պատրաստվում: Տոնին, ամաչկոտ ու հուզված, ներողություն խնդրեց տիկին Սառայից. «Չնեղանաս, ես չեմ կարող Հայկի մասին անցյալով խոսել, ուղղակի չեմ կարող: Կմասնակցեմ ցերեկույթին, բայց չեմ խոսի»:

Բանակ մեկնելուց առաջ Տոնին երկար կանգնեց Հայկի հուշաքարի մոտ: Մտովի զրուցում էր իր Հերոսի հետ: Հետո խոնարհվեց ու գնաց: Ծառայեց Իջևանի զորամասում: Մասնակցեց հուլիսյան մարտերին: Արիության համար հրամանատարության կողմից արժանացավ պատվոգրերի: Տոնին արձակուրդ եկավ: Հարազատներից, ծանոթներից շատ երևի շունը՝ Կարտուշը ուրախացավ: Նա ամբողջ գիշեր վազվզեց բակում՝ պոչը շարժելով: Տոնին շատ էր սիրում քրոջ որդուն՝ Արսենին: Տուֆինկան երկրորդ երեխային էր սպասում։

«Ծառայությունս վերջացնեմ, տուն գամ, փոքրիկի ծնվելուց առաջին ծաղկեփունջը ես եմ բերելու, անունն էլ ես կդնեմ»,- խոստացավ Տոնին:

Ծառայությունից մեկ տարի անց ինքն էլ սկսեց ծխել, բայց հասկանում էր, որ լավ չի անում ու փորձում էր մոտ ընկերոջը՝ Տյոմին հետ պահել ծխելուց: «Հենց ծխելու ցանկություն առաջանա, ինձ ասա, ես քեզ քաղցրավենիք կգնեմ: Կզբաղվես ու կմոռանաս ծխելը: Հանկարծ չծխես, Տյո՛մ, լսո՞ւմ ես, ես քեզ թույլ չեմ տա»:

Տուն քիչ էր զանգում: Զանգելուց էլ շատ կարճ էր խոսում. «Ես լավ եմ, դուք ինչպե՞ս եք, Արսենս ինչպե՞ս է, կարոտել եմ…»:

Տոնիենց ստորաբաժանումը պատրաստվեց մեկնելու պատերազմ:

«Տո՛ն, զգույշ կլինես»:

«Հա՛, ախպե՛րս, դու էլ»:

«Բա ինձ ի՞նչ պիտի բերես»,- կատակեց Հովհաննեսը:

«Ինչ որ ուզես, Հո՛վ ջան»…

Ու Տոնին մեկնեց մարտի դաշտ:

«Ղուկա՛ս, Տոնիին զանգե՞լ ես, լուր ունե՞ս»,- բոլորի նման անհանգստանում էր տիկին Սառան:

«Հա՛, մի քիչ առաջ եմ զանգել»:

«Դե՛, մի անգամ էլ զանգի՛ր: Ասում են՝ Տոնիենց ստորաբաժանումն էլ չկա, խփել են Իշխանաձորում»:

«Չեմ հավատում, մա՛, կարող է՝ մեկը անկապ դուրս է տվել»:

Հոկտեմբերի 18-ից տեղեկություններն ընդհատվեցին Տոնիից: Բոլորն անհանգիստ սպասման մեջ էին ու չէին հավատում, որ… Տոնիի շունը՝ Կարտուշը, երևի հույսով ապրողներից չէր, կամ «համոզված էր», որ իր տերն անմահացել է: Նա չդիմացավ կատարվածին ու սատկեց: Մինչդեռ տնեցիները մտածում էին՝ «Տոնին որ վերադառնա, ի՞նչ են ասելու, ինչպե՞ս է տանելու Կարտուշի կորուստը»:

Քարե հուշարձանից լույս ժպիտով աշխարհին է նայում Տոնին: Նրա ժպիտն այնքան նման է Հայկ Խաչատրյանի ժպիտին… Քսան տարին չբոլորած Տոնական Տոնոյանը 2020 թ. սեպտեմբերյան պատերազմում հերոսացավ: ՀՀ նախագահի կողմից նա հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի:

…Մեր հերոսները քարե կոթողներից գիշեր-ցերեկ հսկում են Գուսանա գյուղի անդորրն ու խորհրդավոր ժպտում են…

 

ՀՐԱՆՈՒՇ

Խորագիր՝ #47 (1418) 1.12.2021 – 7.12.2021, Ճակատագրեր


02/12/2021