Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՌՈՒՍ ՓՈԽԳՆԴԱՊԵՏԸ



ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՌՈՒՍ ՓՈԽԳՆԴԱՊԵՏԸ-Պատերազմի հարավային ճակատի առաջին հարվածն առաջնագծի ուղղությամբ չէր. նշանառության տակ ղեկավարման խումբն էր ու հրամանատարական դիտակետը: Իհարկե մեր պատասխանն էլ եղավ համարժեք: Առաջին օրերն անցան հրետակոծություններից ցնցվող շինության ներսում, քարտեզի առաջ նշումներ անելով, հարձակումը կասեցնող հրամաններ արձակելով,- այսպես սկսվեց մեր զրույցը փոխգնդապետ Ռյուրիկ Սեմյոնովի հետ:

Սեմյոնովի կարգավիճակն օրհասական պահին փոխվում է, և նա ենթակային թողնելով անելիքը, փութում է առաջնագիծ, որտեղ կենաց-մահու կռիվ էր:

– Խնդիր դրվեց միանալու հրաձգայիններին, ու հայտնվեցի ռազմաճակատի՝  Ջրականի բնագծի ամենախոցելի, ամենածանր թևերից մեկում:

Այստեղ արդեն Սեմյոնովը միայն հրամանատար չէր, ժամկետայինի կողքին կռվող զինվոր էր։ Առաջին մարտերը վարելուց հետո, մեր ստորաբաժանումը հայտնվում է շրջափակման մեջ. մյուս ուղղություններից հակառակորդը ճեղքելով՝ օղակի մեջ է վերցնում գումարտակի անձնակազմին։ Եվ հենց այստեղ է, որ իր հրամանատարական ամբողջ տաղանդով փայլում է փոխգնդապետ Սեմյոնովը՝ առանց զոհ տալու շրջապատումից դուրս բերելով ստորաբաժանումը:

Մեկ այլ իրավիճակում էլ նրա հրամանատարությամբ մարտնչող ստորաբաժանումը թշնամու հրետանու կրակից կարողացել է խույս տալ ոչ թե պատսպարվելու, այլ փոխգնդապետի հնարամտության, ռազմական խաբկանք կիրառելու շնորհիվ: Ու գուցե սա է պատճառը, որ թշնամին ամենուր նրան է փնտրել…

Հրամանատարությունը փորձառու սպային այստեղից էլ ուղարկում է այլ ճակատ, եւ ռազմական գործողությունների կիզակետում փոխգնդապետ Սեմյոնովն իր ենթակա ստորաբաժանումներով ստանձնում է Շեխերի պաշտպանությունը:

Այս ուղղությամբ, հնգապատիկ ավելի ուժերով, հակառակորդը գրեթե մեկ շաբաթ գրոհել է ամեն օր, նույնիսկ օրը երկու անգամ: Թշնամին նաեւ TOS համակարգ է գործի դրել, սակայն՝ ապարդյուն:

– Մեր դիտակետը բլրի վրա էր, որտեղ բետոնե չորս ցցված ձող կար, ու թշնամին հենց դրանք էր թիրախավորել: Որոշեցի այդ ձողերը գիշերը հանել, տեղափոխել այլ բլրի վրա: Առավոտյան արդեն հակառակորդի թիրախում հայտնվեց այդ բլուրը,- պատմում է փոխգնդապետը:

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՌՈՒՍ ՓՈԽԳՆԴԱՊԵՏԸՌյուրիկ Սեմյոնովն այն սպաներից է, որը կատարյալ տիրապետում է բոլոր կրակային միջոցներին, և հենց նրա այս հմտությունն էլ օգնել է, որ դիպուկ խոցումներ կատարի՝ շարքից հանելով թշնամու տասնյակ միավոր ռազմական տեխնիկա և այլ կրակային միջոցներ: Ընդ որում, պատերազմի թեժ օրերին, հասցրել է նաև հակառակորդից խլած հաստոցավոր ավտոմատ նռնականետով կռվել։

Ծնողական հոգատար վերաբերմունքի ու ամենածանր պահերը հանգստությամբ հաղթահարելու համար էլ զինվորներն իրենց ապահով էին զգում նրա հետ: «Եթե Սեմյոնովն այստեղ է, ուրեմն անվտանգ է»,- ասում էին նրանք:

Ըստ զինակից ընկերոջ՝ Ռյուրիկը նաեւ հետախուզության էր գնում։ Եվ նրա նպատակը ոչ միայն իրենց ուղղությամբ հարձակումները կանխելն էր, այլև մյուս զորատեսակներին ճշգրիտ կոորդինատներ փոխանցելը:

44 օր շարունակ այսպես նա կռվեց և իրեն վստահված բնագիծը չթողեց։ Սեմյոնով հրամանատարը երբեք որևէ զինակցի չի թողել մարտի դաշտում, կյանքի գնով փնտրել, գտել ու ծնողներին է հասցրել…

Մեր հերոսին պատերազմի օրերին մի քանի անգամ անդրադարձել է նաև ադրբեջանական մամուլը՝ նշելով, թե նա Ռուսաստանից եկած կամավորական է:

Այո, Սեմյոնովները Ռուսաստանից են եկել, սակայն ոչ այս պատերազմի ժամանակ. Ռյուրիկի հայրը՝ Օլեգ Սեմյոնովը դեռ երեքուկես տասնամյակ առաջ գործուղվել էր Խորհրդային Հայաստան՝  ծառայելու  ու մնացել էր այստեղ:

– Հայրս այնքան էր սիրել Հայաստանը, որ որոշել էր ընդմիշտ մնալ այստեղ,- ասում է փոխգնդապետը:

Եվ Օլեգ Սեմյոնովի սերը փոխանցվել է զավակներին: Ռյուրիկը ոչ միայն շարունակեց կյանքը Հայաստանում, այլև հոր մասնագիտությունն ընտրեց՝ արդեն անկախ Հայաստանի զինված ուժերում։ 21 տարվա ծառայության մի մեծ հատվածն անցկացրել է ամենաբարդ ու դժվարին ուղղություններում: Եվ հերոս փոխգնդապետը հիմա էլ շարունակում է իր առաքելությունը հարազատ Հայաստանի զինված ուժերում…

 

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #48 (1419) 8.12.2021 – 14.12.2021, Ազգային բանակ


09/12/2021