ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՆՈՒՆՈՎ…
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը այս տարվա ապրիլից իրագործում է «Հարգանքի և երախտիքի կրթամրցանակ՝ նվիրված մեր գոյամարտի հերոսների հիշատակին» ծրագիրը՝ համագործակցելով ԵՊՀ-ի հետ։ Որոշվել է կրթամրցանակներ շնորհել Մայր բուհում ուսանած ու զոհված տղաների անվամբ և շնորհել այն ուսանողներին, որոնք կհամապատասխանեն միացյալ հանձնախմբի (դեկան, դասախոսներ, փորձագետներ, զոհված տղաների ծնողներ, հարազատներ և այլք) չափորոշիչներին:
Դեկտեմբերի 9-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ կրթամրցանակները շնորհելու միջոցառումը: Բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը նշեց, որ ծրագրի նպատակը ոչ միայն Արցախյան պատերազմի ընթացքում զոհված հերոսների սխրանքի մասին հիշեցնելն է, այլև իրենց կյանքը Հայրենիքին նվիրած քաջորդիների անունները Հայոց երկրի կրթության և գիտության առաջընթացի գաղափարին շաղկապելը։ ԵՊՀ 5 ֆակուլտետներից կրթամրցանակ է տրվելու պատմության, հայ բանասիրության, կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի և արևելագիտության ֆակուլտետներում ուսանած Վահագն Թումասյանի, Վարդան Ամալյանի, Ռուբեն Համբարձումյանի, Էրիկ Գևորգյանի և ազգությամբ եզդի հերոսների անվամբ։
Երեկոն սկսվեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեց Տեր Վարազդատ քահանա Նաջարյանի ելույթով: Նա նշեց, որ Արցախյան վերջին պատերազմը շատ բան է փոխել մեր կյանքում։ «Եթե դեռ մեկ տարի առաջ, երբ չկար պատուհասը՝ պատերազմը, և այսքան տղաներ իրենց կյանքը չէին խոնարհել հանուն հայրենիքի, մենք շատ-շատ բաների համար էինք աղոթում, հիմա աղոթում ենք այն փխրուն խաղաղության համար, որն այսօր կա Հայոց աշխարհում։ Աղոթում ենք մեր Անմահ հերոսների հոգիների հանգստության, մեր բանակի հզորացման, սահմանի զինվորի անփորձանք ծառայության համար։ Այսօր էլ՝ Աստվածամոր տոնին, եկեղեցում ընդհանրական աղոթք արեցինք նույն նպատակով։ Ավետարանում ասված է՝ մինչև ցորենի հասկերը չընկնեն հողի մեջ ու չմեռնեն, նոր ծիլեր ու հասկեր դուրս չեն գա… Մենք պարտավորություն ունենք հերոսների հանդեպ. լինենք միասնական, սիրենք մեր երկիրը։ Եռաբլուրից նրանց հայացքները մեզ են ուղղված և մեզնից պահանջում են՝ ամեն մեկս ամուր կանգնենք հայրենի հողի վրա և իրենց արյամբ սրբացած հողը շենացնենք, երկիրը հզորացնենք»։ Նա խոսքն ավարտեց Տերունական աղոթքով: Եղավ լռության րոպե… ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն իր խոսքում կարևորեց նման միջոցառումները. դրանք առիթ են՝ միշտ հիշելու այն տղաներին, որոնք անմահացան, որ մենք ապրենք։ «Ես մեր ուսանողներից պահանջում եմ. տղերքը զոհվեցին՝ պաշտպանելով հայրենիքը , իսկ դուք պետք է լավ սովորեք, որ միասնաբար շենացնենք երկիրը»։ Նա իր գոհունակությունն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին։ Կարևորեց, որ կրթամրցանակներից մեկը մեր եղբայր եզդի հերոսների անունով է։ Առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր, «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանին, որը 2 կրթամրցանակ կրկնապատկել է։ Իր ելույթում բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը նշեց, որ կրթամրցանակների գաղափարը ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ հիմնադրամի կամավոր աշխատող Էրիկ Գևորգյանի զոհվելուց հետո, որի անվամբ կրթամրցանակ է շնորհվել ֆիզիկայի ֆակուլտետի համար: «Չի կարելի մեր հերոս երիտասարդների անունները սև սգով հիշել. նրանք պայծառ, լուսավոր աստղեր են: Իսկ նրանցից յուրաքանչյուրն իր բնագավառում եղել է պարզապես փայլուն մասնագետ: Նրանք հենց այն սերմերն են, որոնցից ծլարձակելու է մեր հավատը, հույսը, սերը, և փոխադարձ հարգանքը»,- իր խոսքը այսպես եզրափակեց Ա. Պետրոսյանը։
Վարդան Ամալյանի մայրը՝ Արմինե Ամալյանը որդու զոհվելուց հետո առաջին անգամ բեմ բարձրացավ և հուզմունքով կատարեց «Կարոտ» երգը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին ֆիլմեր՝ նվիրված հերոսներին, եզդի համայնքի կամավորներին։ «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա» ՀԿ նախագահ Սայիդ Ավդալյանն իր ելույթում անդրադարձավ Արցախյան բոլոր պատերազմներում եզդիների մասնակցությանը՝ նշելով, որ հայերն ու եզդիները եղբայր ժողովուրդներ են, և Հայաստանի, Արցախի պաշտպանությունը նաև եզդիների պարտքն է։ Նա հիշեցրեց, որ Արցախյան առաջին պատերազմին մասնակցել են մոտ 500 եզդի, որոնցից 45-ը զոհվել են։ 2016 թ. զոհված երեք եզդիներից Քյարամ Սլոյանը կապիտան Արմենակ Ուրֆանյանի զինվորներից էր. նա, Անդրանիկ Զոհրաբյանը, Ռոբերտ Աբաջյանը չենթարկվեցին հրամանատարի նահանջի հրամանին. մնացին հրամանատարի հետ ու միասին անմահացան նույն խրամատում։ 44-օրյա պատերազմում եզդիները մոտ 100 կամավորականներ ուղարկեցին առաջնագիծ։ Ջոկատը կոչվում էր Քյարամ Սլոյանի անունով։ Անմահ հերոսների մասին խոսեց նաև Գուրգեն Մելիքյանը եւ շնորհակալություն հայտնեց հերոսների ծնողներին՝ Հայրենիքին ազգանվեր քաջեր պարգեւելու համար: Ընթացքում մրցույթում հաղթած ուսանողներն ստացան իրենց կրթամրցանակները, որ նրանց հանձնեցին հերոսների ծնողները, հարազատներն ու ընկերները։ Ի դեպ, ֆինանսական հարցում կազմակերպիչներին օժանդակել են նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցները, այլ բարերարներ։
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #49 (1420) 15.12.2021 - 21.12.2021, Հոգևոր-մշակութային