Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱ ԿՄՆԱ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ



ՆԱ ԿՄՆԱ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋԴժվար է Քրիստափոր Իվանյանի մասին անցյալ ժամանակով խոսելը: Նա սովորական մտածողության շրջանակների մեջ չի տեղավորվում, որովհետև նա ոչ թե սոսկ ապրել է, այլ այրվել է՝ անզուսպ ոգով բռնկված: Նրա կյանքը կարելի է բնորոշել մեկ արտահայտությամբ՝ անմնացորդ ծառայություն Հայրենիքին ու ժողովրդին: Ես, որպես նրա մարտական զինակիցներից մեկը, կցանկանայի պատմել մի քանի հուշ և տպավորություն, որոնք բնորոշում են նրան՝ որպես կամքի անընկճելի ուժի տեր մարդու և իր Հայրենիքի իսկական նվիրյալ զավակի, որը վճռականությամբ էր տոգորված. ամեն գնով պաշտպանել Հայոց հողը՝ ի բարօրություն գալիք սերունդների, հանուն իր ժողովրդի անաղարտ պատվի և լուսավոր ապագայի:

… 1992 թվականի հուլիս. մի ծանր ժամանակաշրջան, երբ Արցախի ժողովրդի համար ճակատագրական հարց էր լուծվում՝ կապրի նա սեփական հողում, թե՝ ոչ: Ամսի 9-ին, թե 10-ին Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղ՝ հրետանու դիրքերը եկավ մի տարեց տղամարդ և ներկայացավ. «Հրետանու գեներալ Իվանյան»: Եվ ահա մեր ծանոթությունից մի 10 րոպե անց օդում հայտնվեց թշնամու ինքնաթիռը: Ես իսկույն հրաման տվեցի՝ «Դեպի թաքստոցները», բայց գեներալը չարձագանքեց՝ արհամարելով վտանգը և շարունակեց անվրդով կանգնած մնալ: Այդ ժամանակ, երկյուղելով նրա կյանքի համար, բարձրացրի ձայնիս տոնը՝ «Մտե՛ք թաքստոց», իսկ նա հանգիստ պատասխանեց. «Առաջինը՝ ես գեներալ եմ և մի գոռա, իսկ երկրորդ՝ դու ինձնից փոքր ես, նախ դու մտիր թաքստոց»:

Այդպես մենք ծանոթացանք և բարեկամացանք, ինչպես՝ հայր և որդի:

Մի անգամ նրան հարցրի՝ թե ինքն է իրեն ստիպել այդ տարիքում, այստեղ ազգականներ չունենալով հանդերձ, գալ և ուղղակի քուրայի մեջ մտնել:

– Ուզում եմ կյանքիս վերջում մի քիչ ժողովրդիս ծառայել: Ուրախ կլինեմ, եթե որևէ բանով կարողանամ օգնել,- պատասխանեց նա:

Եվ իհարկե, իրեն չխնայելով ու ոչ մի բանի հետ հաշվի չնստելով՝ գիշեր ու զօր աշխատում և արարում էր: Քրիստափոր Իվանովիչը դարձավ մեկը նրանցից, ովքեր ԼՂՀ զինված ուժերի կառույցի հիմքը դրեցին:

Չնայած ռազմաճակատում մարդկանց սուր կարիք կար՝ նա կտրականապես դեմ էր չուսուցանված զինվորներին մարտի դաշտ ուղարկելուն: Նա երեխայի պես հրճվում և որախանում էր մեր հաջողություններով և տխրում՝ անհաջողություններով, սակայն երբեք չէր ընկճվում: Իր վարքուբարքով, իր կենսակերպով հույս ու հավատ էր ներշնչում մեզ, անսպառ եռանդով վարակում գործընկերներին՝ նման կերպ շոշափելի դարձնելով մոտալուտ հաղթանակը: Կարծում եմ՝ հայրական հոգատարությամբ առլեցուն գեներալի համար այս հանգամանքը դարձավ նրա ամբողջ գործունեության առանցքը, հիմնարար սկզբունքը:

Ես, որպես պաշտպանության բանակի հրետանու պետ, չեմ կարող չընդգծել նրա ծանրակշիռ ներդրումը բանակի հրետանային ստորաբաժանումների կայացման գործում: Գեներալ-լեյտենանտ Իվանյանը դարձավ հրետանային կանոնավոր ծառայության և ուսումնական բազայի գլխավոր կազմակերպիչն ու հիմնադիրը:

Քրիստափոր Իվանյանը լինելով ուժեղ և կատարյալ զինվորական՝ պարզ ու հասարակ մարդ էր իր բնույթով: Նրան բնորոշ էր զարմանալի զգայունությունը, բարությունն ու ուշադրությունը մարդկանց հանդեպ: Նրան չէր հետաքրքրում ոչ պաշտոնը, ոչ կոչումը, ոչ էլ ինչ-որ առանձնահատուկ դիրքը հասարակության մեջ: Ամեն ինչ նա անում էր մաքուր սրտով ու մեծ նվիրումով: Վաստակաշատ զորավարի հետ միասին, անտրտունջ, արիաբար և պարտքի զգացումով պատերազմի բոլոր դժվարություններն ու զրկանքները կրել է նրա կյանքի ուղեկիցն ու կողակիցը՝ Լիդիա Իոսիֆովնան, որը միշտ էլ սատար է կանգնել ամուսնուն դժվարին պահերին և նրա օջախի հավատարիմ պահապանն է:

Գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Քրիստափոր Իվանյանը եղել է Հայրենիքին ծառայելու և նրա պաշտպանության ու ծաղկման գործին նվիրվածության վառ օրինակ և այդպիսին էլ կմնա ընդմիշտ՝ որպես մարդ-լեգենդ, որպես զինվորական-լեգենդ: Նա եղել ու մնում է Արցախի ժողովրդի հերոս զավակը, որին հիշելու ենք առհավետ:

ԺՈՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ԼՂՀ ՊԲ հրետանու նախկին պետ,

պահեստազորի գեներալ-մայոր

Խորագիր՝ #49 (1420) 15.12.2021 - 21.12.2021, Պատմության էջերից


16/12/2021