Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԱՌԻԿ ԵՆՔ ՊԱՀԵԼ ՄԵԶ ՎՍՏԱՀՎԱԾ ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԸ



ԱՆԱՌԻԿ ԵՆՔ ՊԱՀԵԼ ՄԵԶ ՎՍՏԱՀՎԱԾ ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԸԱվագ լեյտենանտ Արման Եգորյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Նա եւ իր անձնակազմը ամբողջ պատերազմի ընթացքում անառիկ են պահել Արցախի արևելյան օդային սահմանը և միայն նոյեմբերի 9-ին կնքված հրադադարից հետո են դուրս եկել Ակնայի շրջանից:

-Մասնագիտությամբ էներգետիկ եմ, ավարտել եմ ՀԱՊՀ էներգետիկայի ֆակուլտետի «Տեխնոլոգիական գործընթացների և արտադրության ավտոմատացում» բաժինը: Դեռևս դպրոցական տարիներից հետաքրքրվել եմ զինտեխնիկայով, զենքերով: Սովորել եմ նաեւ ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ՀՕՊ ֆակուլտետի «Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներ» բաժնում և ստանալով լեյտենանտի կոչում՝ նշանակվել եմ դասակի հրամանատար: Այնուհետև ծառայությունս շարունակել եմ Շուշիի ՀՕՊ-ում:

…Տավուշյան մարտերից հետո միշտ զգոն էինք, քանի որ նկատվում էր թշնամու թե զինտեխնիկայի և թե մարդուժի կուտակումներ սահմանի ամբողջ երկայնքով: Սեպտեմբերի 13-ից ես Ստեփանակերտի մարտական դիրքերից մեկում էի: Պատերազմի նախորդ օրը շաբաթ էր, և կարող էի տուն գնալ, հանգստանալ, սակայն ներքին ինչ-որ զգացում ստիպեց մնալ զինվորներիս հետ: Պատերազմը մեզ համար սկսվեց առավոտյան 7.15-ի սահմաններում: Ամեն բացվող առավոտվա ժամը 6:30-ից սկսվում էր հրետակոծությունը և շարունակվում մինչև ժամը 11-12-ը:

-Ո՞րն էր պատերազմի ամենածանր օրը Ձեզ համար:

-Նոյեմբերի 9-ը: Այդ օրը զոհվեց ընկերս՝ կապիտան Ռաֆիկ Օրդոյանը, որը պատերազմի 43 օրերի ընթացքում իմ անձնակազմից երեք կիլոմետր հեռավորության վրա պաշտպանում էր օդային սահմանը. «Օսա-ԱԿ» համալիրով Ռաֆիկը խոցել էր թշնամու տասնյակ ԱԹՍ-ներ, որի համար էլ ստացել էր «Երկնքի տիրակալ» մականունը:

ԱՆԱՌԻԿ ԵՆՔ ՊԱՀԵԼ ՄԵԶ ՎՍՏԱՀՎԱԾ ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԸ…Պատերազմի ամբողջ ընթացքում մայրս օրը մի քանի անգամ զանգում էր ինձ: Այդ օրը ես զանգեցի: Քույրերս խոսեցին, մորաքույրս, իսկ ես ամենաշատը ցանկանում էի մորս ձայնը լսել: Վերջապես խնդրեցի հեռախոսը փոխանցել նրան.շատ տխուր էր: Երբ պատերազմն ավարտվել էր և կարճ արձակուրդով տուն էի գնացել, իմացա, որ նոյեմբերի 9-ին պապս մահացել էր….

-Ինչպե՞ս կարողացաք 44 օր շարունակ անառիկ պահել Ձեզ վստահված օդային սահմանը:

-Եթե տիրապետում ես մասնագիտությանդ ու որոշում ես ամեն գնով թույլ չտալ թշնամու առաջխաղացումը, եւ նույն ոգին փոխանցում ես զինվորներիդ, դառնում եք հզոր ուժ:

-Գիտեմ, որ Ձեր ղեկավարած հաշվարկով խոցել եք թշնամու տասնվեց ԱԹՍ:

-Հոկտեմբերի 19-ին տեղափոխվեցինք Ուղտասարի մարտական դիրք: Այդտեղից խոցեցի առաջին ԱԹՍ-ն: Հաջորդ տասնհինգ թիրախները խոցվել են Ակնայի շրջանի տարբեր մարտական դիրքերից:

…Այս պատերազմում ուժերի հարաբերակցությունը խիստ անհավասար էր. թե՛ մարդուժի և թե՛ զինտեխնիկայի առումով պայքարն անհավասար էր, սակայն թշնամուն թույլ չենք տվել ամբողջությամբ իրականացնել իր ծրագրերը…

ԱՐՄԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #49 (1420) 15.12.2021 - 21.12.2021, Ազգային բանակ


16/12/2021