ՊԱՀՊԱՆԵ՛ՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՎԱՆԴԱԼԻԶՄԻՑ ԵՎ ՅՈՒՐԱՑՈՒՄԻՑ
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ջանքերով մինչև տարեվերջ լույս կտեսնի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանի հեղինակած «Արցախի մանրատեղանուններ» գիրքը: Այս առիթով զրուցեցինք Հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանի հետ: Խնդրեցի նախ ներկայացնել Հիմնադրամի առաքելությունը, աշխատանքների ուղղվածությունը և մանրամասնել հրատարակման նախապատրաստվող գրքի նշանակությունը՝ հատկապես այս օրերին:
-Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը (2010թ.՝ հիմնադրամ) հիմնադրվել է 1982թ.՝ Գերմանիայի Աախեն քաղաքում ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հախնազարյանի նախաձեռնությամբ: Հիմնադրամի նպատակն ի սկզբանե եղել է Հայաստանի տարածքից դուրս գտնվող և վտանգված հայկական հուշարձանների ուսումնասիրությունը և դրանց՝ թեկուզ թղթի վրա՝ իրենց չափագրումներով, լուսանկարներով փրկելու գաղափարը: Սկզբնական շրջանում Հիմնադրամն իր գործունեությունն իրականացրել է Արևմտյան Հայաստանում՝ հենց Արմեն Հախնազարյանի ջանքերով,- պատմում է Րաֆֆին:- Նա դեպի Արևմտյան Հայաստան 6 եռամսյա գիտարշավներ է իրականացրել, մինչև որ թուրքական կառավարությունը նրան անցանկալի անձ է հայտարարել, և նրա մուտքը Թուրքիայի տարածք արգելվել է: Նրա գործը շարունակեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Խորհրդային Հայաստանի տարածքից մուտք գործելով Խորհրդային Ադրբեջանի տարածք և ուսումնասիրելով վտանգված հայկական հուշարձանները. դրանց պահպանության առումով նա դեռ այն ժամանակ մտավախություն ուներ: Եվ, ինչպես տեսնում եք, այժմ արդեն այդ վտանգները լիովին իրական են ու առարկայական՝ հատկապես վերջին պատերազմից հետո: Այս իմաստով այն, ինչ Սամվել Կարապետյանի ջանքերով հաջողվել է փաստագրել, կենսական նշանակություն ունի հայ մշակույթի պահպանության համար:
Սամվել Կարապետյանն ու Արմեն Հախնազարյանը հանդիպել են Հայաստանում, և նրանց համագործակցության արդյունքում 2000 թվականից հիմնադրամն իր մշտական գրասենյակն ունի նաև Երևանում: Այստեղից էլ արշավներ են իրականացվել տարբեր ուղղություններով, այդ թվում նաև՝ պատմական Հայաստանի հայկական վտանգված հուշարձանների վավերագրման աշխատանքների իրականացման նպատակով:
Րաֆֆի Քորթոշյանը մասնագիտությամբ ճարտարագետ է, տիրապետում է արաբերենին, թուրքերենին: 2006թ. նա «Դեպի Հայք» հիմնադրամի ծրագրով՝ որպես կամավոր Հալեպից եկել է Հայաստան:
-Այդ ծրագրով երկու ամիս պետք է կամավոր հիմունքներով աշխատեի Սամվել Կարապետյանի հիմնադրամում: Երբ ժամկետն ավարտվեց, Սամվելն ինձ ասաց. «Մենք քո գիտելիքների կարիքն ունենք, մնա՛ մեզ մոտ», և ես մեծ սիրով ընդունեցի նրա առաջարկն ու մնացի: Հայրենիքին օգտակար լինելու գիտակցությունն ինձ այստեղ պահեց:
Ինչ վերաբերում է հրատարակության պատրաստ «Արցախի մանրատեղանուններ» գրքին, այն ներառում է Սամվել Կարապետյանի՝ ավելի քան 20 տարիների տքնաջան աշխատանքի արդյունքը: Նա շրջել է և՛ Հյուսիսային Արցախով և՛ Արցախի բուն տարածքով ու տեղի հուշարձաններն ուսումնասիրելու նպատակով իր շրջագայության ընթացքում նաև տեղացիներից հավաքել է գյուղերի տարածքում, գյուղերի հանդամասերում, մոտակայքում գտնվող մանրատեղանունները՝ ամեն մի բլրի, ամեն ձորակի, գետակի, սուրբ ծառի, խաչքարի անունները, ու դրանք նաև քարտեզագրել: Նրա ուսումնասիրությունների սկզբնական շրջանում չի եղել GPS հասկացությունը, որ նաև դրանով այդ տարածքները ամրագրեր, բայց նրա կատարած քարտեզագրումն այնքան մանրակրկիտ ու ճշգրիտ է արված, որ այսօր մենք կարող ենք հեշտությամբ գտնել այդ տեղանքները և դրանց GPS կոորդինատները ստանալ: Գիրքը ներառում է մոտ 5000 մանրատեղանուն: Դրանց մի մասը հատկապես կարևոր են, քանի որ հիշատակվում են նաև Արցախի մասին միջնադարյան վավերագրերում: Ու այսօր այդտեղի բնակիչը հազարավոր տարիներ նույն տեղանունը նույն ձևով արտաբերում է և դրանով իսկ հավաստում, որ դարեր ի վեր ապրում է այդ հողում, երբևէ չի տեղաշարժվել, բնիկ է: Սրանք եզակի կարևորություն ունեցող փաստագրումներ են Արցախի համար: Իսկ Արևմտյան Հայաստանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայոց ցեղասպանությունից հետո արդեն բնիկ բնակչություն համարյա չի մնացել. կան առավելապես ծպտյալ կամ ուծացած, կրոնափոխ հայեր: Իսկ Իրանում Շահ Աբասը անընդհատ տեղաշարժել, տեղափոխել է հայերին: Նրանք գնացել, հետ են եկել, այդ ընթացքում իրենց ծննդավայրի վերաբերյալ կարևոր հիշողություններն են կորցրել: Բացառություն է կազմում Արցախը, որի տարածքում ժողովուրդը մշտապես պինդ կանգնած է եղել, և այդտեղի մանրատեղանունները հենց բնիկների շնորհիվ մինչև մեր օրերն են հասել: Անշուշտ, ի տարբերություն տեղանունների, մանրատեղանունները շատ ավելի արագ են մոռացվում, քանի որ գաղթողը հիշողության մեջ մշտապես կրում է իր գյուղի անունը: Իսկ երբ այդ գյուղում բնիկներ չեն ապրում, մի սերունդ հետո մոռացվում են մանրատեղանունները: Այս առումով Սամվել Կարապետյանի աշխատանքը բացառիկ նշանակություն ունի: Դժբախտաբար, երբ Հյուսիսային Արցախի՝ մասնավորապես Շահումյանի բնակչությունը տեղահանվեց, այնտեղի տեղանունները, որոնք հազարամյակների պատմություն ունեն, մոռացության վտանգի տակ հայտնվեցին: Այսօր արդեն, պատերազմից հետո, նույնն է սպասվում նաև Հադրութի և մյուս բնիկ հայկական բնակավայրերի տեղանուններին, որոնք հայ ժողովրդի ոչ նյութական մշակույթի անքակտելի մասն են, ինչպես եւ՝ բանահյուսությունը, բարբառներն ու մանրատեղանունները: Դրանց, նաեւ նյութական մշակույթի մաս կազմող եկեղեցիների, վանքերի, բերդերի վտանգված լինելը մշակութային ցեղասպանության խնդիր է:
-Նորերս Ադրբեջանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ…
-Հայ-ադրբեջանական ձգվող հակամարտության պայմաններում Ադրբեջանն անընդհատ ոտնձգություններ է անում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ: Զարմանալի է, ու նաև՝ ամոթ է քաղաքակիրթ մարդկության վերաբերմունքն ու կեցվածքը Ադրբեջանի՝ պետական մակարդակով վարած «հակամշակութային» քաղաքականության հանդեպ: Մեր օրերի մշակութային եղեռնը, որ Ադրբեջանն այժմ իրականցնում է իր հարևանների նկատմամբ, քաղաքակիրթ մարդկության համար քաղաքակրթության կորստի, նահանջի ևս մի նախանշան կարելի է դիտարկել:
-Սիրիական քաղաքացիական պատերազմի ընթացքում ևս մշակութային զգալի վանդալիզմ է իրականցվել: Ի՞նչ զուգահեռներ կարելի է անցկացնել:
-Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ամենուրեք քանդում էր տեղի մշակութային ժառանգությունը, ընդ որում՝ առանց խտրականության: Մշակութային բոլոր կոթողները՝ անկախ կրոնական պատկանելությունից, ավերվում էին: ԻԼԻՊ-ն իր գաղափարախոսությամբ մերժում էր բոլոր մշակութային արժեքները: Ըստ ԻԼԻՊ-ի «գաղափարախոսության»՝ երկրի, հողի վրա Աստծուն վերաբերող որևէ նյութական բան չպետք է լինի: Իսկ Ադրբեջանն այս առումով, ըստ իս, է՛լ ավելի մեծ հանցանք է գործում, քանի որ նպատակաուղղված ոչնչացնում է մեկ ազգի մշակութային ժառանգությունը, հետքը: Այդ առումով ես պնդում եմ, որ նրա գործողություններում առկա է հենց մշակութային ցեղասպանությունը՝ ազգային ժառանգությունը ոչնչացնելու միտումնավորությունը:
Այն, ինչ Արցախում կառուցվել է վերջին 30 տարիների ընթացքում, արդեն իսկ քանդված է: Ալիևը հայտարարեց, որ դրանք «օկուպացիայի» տարիներին են արված և ենթակա են ոչնչացման: Իսկ ինչ վերաբերում է ավելի հին շրջանի հուշարձաններին, ինչպես օրինակ՝ Հադրութի Հին Թաղերի գերեզմանատանը, Շուշիի ճանապարհին գտնվող բոլոր հուշարձանները, դրանք նույնպես հիմնովին ավերվում են: Որոշ մասն էլ փորձ է արվում ներկայացնել որպես «աղվանական ժառանգություն»: Հայտնի մի տեսագրություն կա, երբ ցույց են տալիս Հադրութի Սուրբ Աստվածածին եկեղեցու 17-րդ դարի արձանագրությունը և պնդում, որ դա կեղծ արձանագրություն է՝ նոր է արվել: Մարդ չգիտի՝ ծիծաղի՞, թե՞ լա: Մի շատ ավելի զավեշտալի դեպք եղավ վերջերս՝ նոյեմբեր ամսին: Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը թվիթերյան իր էջում մի գրառում էր արել, որում ցույց էր տվել Տիգրանակերտի ներքևում գտնվող Շահբուլաղ բերդի լուսանկարը և տեղադրել իբր դրա աշտարակի երկու լուսանկար՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ մի աշտարակի լուսանկարում փոսիկը դատարկ է, իսկ մյուսում խաչքար կա: Պնդում էր, որ հայերը հատուկ խաչքար են տեղադրել Շահբուլաղ բերդի վրա, որպեսզի բերդը «հայացնեն»: Եվ այս իր գրառումը ուղարկել է Բաքվի տարբեր դեսպանատներին, որպեսզի կարծիք հայտնեն: Իրենց էջերում մշակույթի նախարարության բոլոր աշխատակիցներն էին կիսվել, բոլոր պատգամավորները: Միլիոնավոր դիտումներ էր ունեցել այս գրառումը: Եվ ի՞նչ. պարզվեց, որ հիմնովին սուտ գրառում էր, քանի որ այդ աշտարակը, որի լուսանկարը նա տեղադրել էր, գտնվում է Շահբուլաղից 1000 կմ հեռավորության վրա՝ Վրաստանի Ախալցխայի շրջանում: Ախալցխայի հայտնի բերդի աշտարակի վրա գտնվող փոսիկի մեջ ագուցված խաչքարի պատկերն էր: Եվ մենք, շնորհիվ Սամվել Կարապետյանի, այդ աշտարակի լուսանկարներն ունեինք: Մեր կազմակերպությունն, իհարկե, արձագանքեց այս դեպքին և հերքող փաստեր ներկայացրինք: Սակայն, ցավոք, Ադրբեջանի՝ այս առումով ներդրած կարողությունների և միջոցների հետ ոտք մեկնելը, լիովին նմանօրինակ քարոզչական արկերը վնասազերծելը, բարդ գործ է: Պարզ է, որ օրինակ ամերիկացին, Քարիմովի այդ գրառմանը հանդիպելով, երբևէ չի մտածի, որ այս մակարդակի սուտ կարող է տարածվել: Կընդունի որպես իրողություն: Եվ երբ մենք հայտեր ենք ներկայացնում որևէ հուշարձանի պահպանության առումով, մեզ պատասխանում են. «Դե, դուք էլ եք արել, իրենք էլ են անում…», ու վկայակոչում նման դեպքերը: Սա շատ վտանգավոր միտում է: Ադրբեջանը նման գործողություններով հող է նախապատրաստում, որ հավասարության նշան դնելով հայկական և ադրբեջանական կողմերի միջև՝ անարգել օրինականացնի իր գործողությունները…
Այսօր Արցախի տարածքի մեր բոլոր օկուպացված շրջանները ծայրահեղ վտանգված են հայկական պատմական հուշարձանների առումով: Մեր հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործելաոճն է. երբ ուզեցել են մեզ հայրենազրկել, սկզբում ոչնչացրել են բնակչությանը, հայաթափել բնակավայրը, այնուհետև անցել մշակութային հետքի վերացմանը: Վկա՝ Արևմտյան Հայաստանը, Հյուսիսային Արցախը և Նախիջևանը: Եվ մենք այսօր, անկախ այն բանից, թե ինչ մասնագիտություն ունենք, պետք է միահամուռ գործենք, պաշտպանենք մեր հարուստ ժառանգությունը այդ շրջաններում, պահպանենք հայկական հազարամյա մշակույթը վանդալիզմից և յուրացման նկրտումներից:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #49 (1420) 15.12.2021 - 21.12.2021, Հոգևոր-մշակութային, Նորություններ, Ուշադրության կենտրոնում