Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ԵՆ



ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ԵՆՕրերս զորամասերից մեկի լսարաններում, վարժադաշտում, ֆիզպատրաստության ավանում ու հրաձգարանում ուսումնական փուլի ավարտական ստուգարքներ հանձնեցին  զորամասի ժամկետային զինծառայողները։ Տղաների մեծ մասը բանակ է զորակոչվել ամռանը։ Ծառայության մի քանի ամիսների ընթացքում նրանք հասցրել են ֆիզիկապես կոփվել և տիրապետել զինվորական մասնագիտությունների նրբություններին։

-100 մետրը ամենաարագը՝ 11,5 վայրկյանում, վազեց շարքային Կարեն Հովհաննիսյանը։ Իմ ծառայության ընթացքում այդպիսի արդյունք երբևէ չի արձանագրվել,- մեզ հետ զրույցում ասաց  զորամասի ֆիզիկական պատրաստության և սպորտի պետ, մայոր Գրիգորյանը:

-Արդյունքս ամենօրյա քրտնաջան մարզումների արգասիքն է,- ասաց Կարենը, որը  16 տարի զբաղվել է նաև ֆուտբոլով։

Լսարաններից մեկում «Ասեղ» վարժասարքի վրա ժամկետայինները ստուգարք  հանձնեցին տեխնիկական պատրաստությունից։

-Զինծառայողները հակաօդային պաշտպանի մասնագիտությանը վերաբերվում են լրջորեն, պարապմունքներին էլ մասնակցում են հաճույքով։ Արդյունքները գոհացուցիչ են,- վստահեցրեց զորամասի ՀՕՊ-ի պետ, մայոր Գուրգեն Մխիթարյանը:

«Ասեղ» վարժասարքի վրա գործնական հրաձգություն կատարելուց հետո զրուցեցինք շարքային Անդրանիկ Անդրյանի հետ։

-Այս մի քանի ամիսների ծառայությունը անցավ բավականին ծանրաբեռնված: 5-6 ամիսների ընթացքում հասցրել ենք յուրացնել ՀՕՊ համալիրի կիրառման նրբությունները, այն ամենը, ինչ է անհրաժեշտ ՀՕՊ լավ մասնագետ դառնալու համար,- ասաց Անդրանիկը:

Մարտկոցներից մեկը ստուգարք էր հանձնում՝ օգտագործելով «Ֆագոտ» հակատանկային համալիրը։ Զինծառայողները ներկայացնում էին «Ֆագոտի» կառուցվածքը, տեխնիկական բնութագրերը, հրթիռների տարբերությունը, շահագործման տարբերակները։

-Ֆիզիկական պատրաստությունն այս գործում չափազանց կարևոր է։ Ավելի քան 10 կիլոգրամանոց համալիրը մեջքին առած վազել է պետք, դիրքավորվել, կրակ վարել, հետո նորից մեջքին առնել ու տեղափոխվել։ Իսկ հաշվարկներն այնքան էլ բարդ չեն,-  ներկայացրեց  5 ամիս ծառայած Էդգար Մոսիկյանը:

Նրանց ավագ ընկերը՝ Վարդան Կլեկչյանը, 30 օրից կզորացրվի: 44-օրյա պատերազմի մասնակից է։ Ինքնագնաց հրետանային կայանքի անձնակազմում մասնակցել է Ջրականի, Մարտունու, Շուշիի, Քարին տակի մարտերին։ Մի քանի անգամ ցնցակաթված է ստացել։

-Մեր անձնակազմը պատերազմի օրերին խոցել է «Գրադ» ու «Սմերչ» կայանքներ, ականանետային մարտկոց, հակառակորդի դիտակետեր, ոչնչացրել մեծ քանակությամբ հետևակ,- ասաց Վարդանը:

ԶԱՎԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #50 (1421) 22.12.2021 - 28.12.2021, Ազգային բանակ


23/12/2021