Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԵՐԹԱՓՈԽԸ ԶԱՎԱԿՆԵՐԻՆՆ ՈՒ ԹՈՌՆԵՐԻՆՆ Է



ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԵՐԹԱՓՈԽԸ ԶԱՎԱԿՆԵՐԻՆՆ ՈՒ ԹՈՌՆԵՐԻՆՆ ԷԲարձունքների խրամատները փորվել են դեռևս Արցախյան առաջին պատերազմի տարիներին, երբ հանրապետության հյուսիսարևելյան սահմանի այս հատվածում սկսվեցին առաջին զինված ընդհարումները։ Տղաները,  հավատարիմ մնալով իրենց սրբազան երդմանը, Հայրենիքի սահմանի իրենց վստահված մարտական դիրքը պահեցին անձնվիրաբար ու… շատերը զոհվեցին: Այսօր հայրենիքը պաշտպանելու հերթափոխը նրանց զավակներինն է, թոռներինը։

Դիրքի ավագ Ռուբեն Կիրակոսյանի մանկությունն ու պատանեկությունն անցել է սահմանամերձ բնակավայրում, իսկ ժամկետային զինծառայությունն անցկացրել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասում։ Դեռ մանկուց գիտի՝ ուժն է թելադրողը: Իսկ ուժը նաև լեռներում է, բարձունքին, խրամատում… Այս համոզմունքն ավելի ամրապնդվեց 2020 թ. սեպտեմբերին։

-Հակառակորդը շատ լավ էր հասկացել, որ լեռներում մինչև անգամ օդուժի կիրառությամբ արդյունքի չի հասնելու: Նրանք լավ գիտեն, որ մենք մեր լեռներից ենք ուժ առնում, մենք մեր լեռներում անպարտելի ենք։ Տղաներն իրենց առջև դրված մարտական խնդիրը կատարել են մինչև վերջ. Քարվաճառը մինչև պատերազմի վերջին օրը անառիկ էր նաև այս տղաների շնորհիվ,- ասում է Ռուբենը:

-Առաջնագծի այս հատվածում հրադադարի ռեժիմի խախտումները այնքան էլ հաճախակի չեն, պարզապես, մերթընդմերթ, իրեն հատուկ գործելաոճով հակառակորդը սադրանքների է դիմում:  Զսպում ենք համարժեք գործողություններով,- ասում է պայմանագրային զինծառայող Աղվան Ղևոնդյանը:

…Գումարտակի հրամանատարն օրվա ընթացքում դիրքից դիրք է անցնում, զննում, ստուգում, անձամբ ծանոթանում մարտական հերթապահության իրականացման ընթացքին, անհրաժեշտ ցուցումներ տալիս: Մեզ հետ զրույցում հրամանատարը հպարտորեն անկեղծանում է, որ ամեն անգամ գրանցամատյանում հերթական ստուգայցի մասին գրառում կատարելիս ներքին մեծ գոհունակություն է ապրում, որ տղաները մարտական դիրքը պաշտպանում են անձնվիրաբար, հավատարիմ զինվորական երդմանը, ճիշտ այնպես, ինչպես երեք տասնամյակ առաջ իրենց հայրերն ու պապերն էին պահում առաջնագծի այս հատվածը։

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #50 (1421) 22.12.2021 - 28.12.2021, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


23/12/2021