Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԺՇԿԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ



ԲԺՇԿԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ-Բժշկական համալսարանն ավարտելուց հետո ծառայության եմ անցել ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայում ու մինչ օրս՝ 21 տարի, աշխատում եմ նույն կառույցում,- ասում է զինվորական բժշկուհի, մայոր Լարիսա Բարեղամյանը, ու ես տալիս եմ հենց այն հարցը, որ այդ պահին ծագում է գլխիս մեջ:

-Ո՞րն է Ձեր ծառայության 21 տարիների ամենամեծ ձեռքբերումը:

Հարցը պիտի վերաձևակերպել՝ մտածում եմ հաջորդ պահին, քանի դեռ զինվորական բժշկուհին չի խոսել իր բազմաթիվ բուժված հիվանդներից ու արդիական բուժսարքավորումներից, թոքաբորբի հաղթահարված համաճարակներից: Երևի պիտի հարցնեի, թե ի՞նչ է ստացել նա այդ 21 տարիների ծառայության դիմաց, ո՞րն է նրա անձնական վաստակը:

-Երբ քայլում եմ փողոցով, երբեմն բոլորովին անծանոթ մարդիկ ժպտում են ինձ: Ես նրանց բարևին պատասխանում եմ ժպիտով: Գիտեմ՝ նրանք այն մարդիկ են, որոնց բուժել եմ: Եվ գիտեք՝ ի՞նչ է նշանակում նրանց ժպիտը… Համոզված են, որ ես հիշում եմ իրենց: Իմ վերաբերմունքն է նրանց հուշել, որ ես երբեք չեմ մոռանա իմ հիվանդին: Իսկ ես, բնականաբար,  բոլորին հիշել չեմ կարող, չեմ կարող մտապահել յուրաքանչյուրի պատմությունը, այն ճանապարհի բոլոր դրվագները, որ մենք անցել ենք միասին: Բայց երբ նրանք ժպտում են, ես հասկանում եմ, որ մենք բարի ու ազնիվ ենք անցել այդ ճանապարհը: Ահա և իմ ամենամեծ ձեռքբերումը:

Հարցը վերաձևակերպելու անհրաժեշտություն չկա: Ու քանի որ հարցազրույցը, այսպես ասած, վերջից ենք սկսել, ժամանակագրությանն էլ չենք կարող հետևել: Պիտի թողնենք, որ այն գնա իր բնական հունով: Միևնույն է, ուր էլ պտտվի, գալու, հանգրվանելու է ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայում, որի ճանապարհը շատ լավ գիտեն զինվորները, սպաները, նրանց ընտանիքների անդամները, ազատամարտիկները, զինհաշմանդամները, մարտական գործողություններին մասնակցած մարդիկ:

– Ես մի անձնական ձեռքբերում էլ ունեմ, ավելի ճիշտ՝ մի բան, որով շատ եմ հպարտանում: Տարածքային քաղաքացիական պոլիկլինիկաներում նույնպես բուժումն անվճար է, բայց զինվորների ու սպաների հարազատներից շատերը գերադասում են օգտվել մեր պոլիկլինիկայի ծառայություններից: Եվ գիտեք ինչո՞ւ… Նրանք ասում են, որ մեր բուժանձնակազմի ջերմությունն ու հոգատարությունն է գրավում իրենց: Մարդուն առաջին հերթին բժշկում է այն համոզմունքը, որ ինքը հուսալի ձեռքերում է: Որ բժիշկը հարազատի եռանդով ու հավատարմությամբ կպայքարի իր կյանքի ու առողջության համար: Հիվանդին առաջին հերթին բժշկում է ջերմ խոսքը, սրտացավությունը, այն ուժը, որ նա ստանում է բժշկից:

… Ես մտածում եմ, որ Լարիսա Բարեղամյանը բժիշկների ընտանիքից է, որովհետև հիմնականում նրանք են նախնիներից ժառանգում բժշկի, այսպես ասած, բարոյական վարքականոնը:

-Իմ ծնողները բանվորներ էին,- ասում է Լարիսա Բարեղամյանը,- իմ ընտանիքում, հարազատներիս մեջ բժիշկներ չկային: Ես էլ մինչև տասներորդ դասարան երազում էի իրավաբան դառնալ: Արդարասիրությունը իմ ծնողների ամենավառ հատկանիշն էր, թույլին պաշտպանելը, զրկվածին նեցուկ լինելը, ընկածին բարձրացնելը՝ մարդու ամենակարևոր առաքինությունը: Մերոնք տանել չէին կարող զոռբաներին: Ես ուզում էի իրավաբան դառնալ, որ պատժեմ հանցագործներին ու պաշտպանեմ տուժածներին: Դա մարդասիրության այն դրսևորումն է, որը հոգեհարազատ էր ինձ: Որովհետև ես բնավորությամբ առաջնորդ եմ, իմ մեջ, ի տարբերություն մորս անսահման բարության, փափկության, քնքշանքի, ինչ-որ ամրություն կա:

-Բժշկուհուն փափկությունն ավելի կսազեր,- ասում եմ: Ես ուզում եմ, որ նա ժառանգած լինի մոր «անսահման բարությունն ու քնքշանքը»: Որ հենց այդ բարությունն ու քնքշանքն էլ նրան տարած լինեն բժշկական համալսարան: Որ հիվանդի ցավը դարմանելու ցանկությունն ավելի ուժեղ եղած լինի, քան հանցագործներին պատժելու վճռականությունը:

-Հայրս հիվանդացավ՝ երկար, տևական: Զրկվեց երկու ոտքերից: Ցավոք, ես մոտից տեսա բժիշկների աշխատանքը, սեփական մաշկիս վրա զգացի, թե ով է բժիշկը հիվանդի, նրա հարազատի համար…

Եվ ես սիրեցի բժշկի աշխատանքը, նրա դժվարին պայքարը հիվանդի կյանքի համար, նրա կարեկցանքը հիվանդի հանդեպ, սրտացավությունը: Նրա կշիռը, հեղինակությունը, հարգանքը: Ի դեպ, նախքան բժշկական համալսարան ընդունվելը ես կրտսեր բուժակ եմ աշխատել արյան փոխներարկման բաժանմունքում: Այսօրվա բառերով ասած՝ մայրապետ (սանիտարկա): Երբ շնչեցի հիվանդանոցի օդը, զգացի այդ աուրան, մեկ անգամ ևս համոզվեցի, որ ճիշտ եմ ընտրել մասնագիտությունս:

-Ձեր կենսագրության մեջ գրված էր, որ զինվորական բժշկի մասնագիտությունն եք ընտրել:

-Այո՛: 90-ականների կեսերին, երբ մեր նորակազմ բանակը հաղթել էր Արցախյան ազատամարտում, երբ Երևանի փողոցներում կարող էիր տեսնել հայկական բանակի համազգեստ կրող սպաների ու զինվորների, երբ Ազատամարտում վիրավորված բազմաթիվ զինծառայողներ բուժօգնության կարիք ունեին, բնական ու հասկանալի է զինվորական բժշկի մասնագիտության ընտրությունը: Այն նաև «կոմպենսացնում էր» կարգուկանոնի, կազմակերպվածության, ուժի հանդեպ իմ հակումը: Կան բժիշկներ, որոնք կատարելատիպ են եղել ինձ համար: Ես սովորել եմ նրանցից, ցանկացել եմ նրանց նմանվել: Նրանք բժշկի բարոյական կոդեքսի կենդանի մարմնացումն էին: Օրինակ՝ անոթային վիրաբույժ Այունցը: Հիվանդանոցը ոչ թե նրա երկրորդ, այլ առաջին տունն էր, հիվանդները՝ նրա ընտանիքը: Այդ բժիշկը լիովին ապրում էր իր հիվանդների հոգսերով, նրանց կյանքով: Նա իր մասնագիտությանը նվիրվել էր անմնացորդ: Իսկ ռազմաբժշկական ֆակուլտետում սովորելիս ռազմական բժշկի կատարելատիպ էին տոքսիկոլոգիայի դասախոս Լև Արտիշևը և վիրաբուժության դասախոս Սերգեյ Հարությունյանը: Ես նրանց մեջ տեսա բժշկի ու զինվորականի կատարյալ համատեղումը՝ կարգապահության և գթասրտության, խստապահանջության ու նվիրումի, ուժի ու մեղմության:

-Ինչո՞վ է տարբերվում զինվորական բժիշկը քաղաքացիական բժշկից:

Թվում է, թե հարցի պատասխանն ավելի քան պարզ է, բայց փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր զինվորական բժիշկ իր յուրահատուկ պատասխանն ունի:

-Զինվորական բժիշկը պատասխանատու է Հայրենիքի սահմանների պաշտպանվածության համար: Երբ դու բուժում ես զինվորին ու սպային, առաջին հերթին մտածում ես նրանց շարք վերադարձնելու մասին: Եթե զինվորն ու սպան հիվանդ են, կամ եթե նրանք շարքում չեն, դրանից տուժում է բանակի մարտունակությունը: Պարտքի ու պատասխանատվության այս բեռը փոխում է քո մտածելակերպը, վարքը, մղումը, նվիրումը: Զինվորական բժիշկը գործում է ծայրահեղ պայմաններում: Նա պարտավոր է արագ կողմնորոշվել, պարտավոր է ավելի արհեստավարժ լինել: Այսպես ապրելով՝ դու դառնում ես բանակ կոչվող ահռելի մեքենայի մի պտուտակը, դետալը: Դու Հայրենիքի զինվոր ես դառնում:

-Մեր բոլոր պատերազմների ժամանակ զինվորական բժիշկները սխրանքներ են գործել: Նրանց մի ձեռքին բժշկական գործիքներ են եղել, մյուս ձեռքին՝ զենք:

-Այո՛, նրանք մի ձեռքով կրակել են թշնամու վրա, մյուս ձեռքով բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին: Քանի՜ քանիսն են սեփական կյանքի գնով փրկել վիրավորի կյանքը:

Չեմ ուզում անուններ տալ ու որևէ մեկին առանձնացնել այս զրույցի ընթացքում, բայց ես գիտեմ մի բժշկի, որը անտեսել է նահանջ հրամանը, գնդակների տարափի տակ մնացել է վիրավոր զինվորի կողքին պարզապես այն պատճառով, որ բռնի ձեռքը, երբ նա անդարձ փակի աչքերը: Այդ բժիշկը զոհվեց զինվորի կողքին, նրան գրկած:

Սա հայ զինվորական խավի պատմությունն է, կենսագրությունը:

Ռազմական բժիշկների մասին ոգեշունչ պատմությունները սահմանում են մի նշաձող, որին պիտի հավատարիմ մնաս, որքան էլ դժվար լինի: Ու պիտի պատվով կատարես քո առաքելությունը:

Չգիտես ինչու՝ առաքելություն բառն ինձ հիշեցնում է այն տարիները, երբ բանակում մոլեգնում էր թոքաբորբը… Բանակի ամբողջ բուժծառայությունը, հատկապես ձմռան ամիսներին, նետվում էր ատիպիկ թոքաբորբի դեմ «մարտի»: Եվ սա հենց այն բնագավառն է, որին 21 տարի ծառայել է զինվորական բժիշկ Լարիսա Բարեղամյանը:

-Այն ժամանակվա բուժծառայության պետ, լուսահոգի Գրիգոր Աղայանի անունը անպայման ուզում եմ հնչեցնել, որովհետև նա այդ պայքարի առաջամարտիկներից էր, ու հենց նրա օրոք ու ջանքերով շարժական ֆլյուրոգրաֆիայի ապարատներ մտան բանակ: Մենք զորքերում էինք աշխատում, ջանում էինք վաղ հայտնաբերել հիվանդությունները ու կանխարգելել: Իհարկե, մենք մենակ չէինք, պայքարին միացել էին նաև զինվորների կենցաղային պայմանների, սննդի, հագուստի, հիգիենայի համար պատասխանատուները: Ու մենք հաղթեցինք:… Այսօր էլ ենք հաղթելու, եթե միանանք, հստակ ձևակերպենք մեր նպատակներն ու անմնացորդ նվիրվենք մեր պայքարին:

Լարիսա Բարեղամյանը երկու որդի ունի, երկուսն էլ սովորում են բժշկական համալսարանում: Բժշկուհին ասում է, որ ինքը որդիներին չի ուղղորդել դեպի բժշկությունը: Շատ համոզիչ է ասում:

-Ես չեմ ազդել իմ որդիների մասնագիտական ընտրության վրա: Ի վերջո, ամեն մարդ մի օժտվածությամբ, մի կոչումով է գալիս աշխարհ: Ամենակարևորն այն է, որ դու լսես սրտիդ ձայնը ու հասկանաս, թե որն է քո կյանքի գործը: Իմ ամուսինը ուսադիրներ է կրում, ես մտածում էի, որ տղաներս կհետևեն նրան, դա ավելի տրամաբանական կլիներ: Բայց նրանք ընտրեցին մարդասիրության ու կարեկցանքի, բուժելու մասնագիտությունը:

Ես նախանձով մտածում եմ, որ քիչ հետո մայոր Լարիսա Բարեղամյանը դուրս կգա փողոց, ու անծանոթ մարդիկ ջերմ կժպտան նրան՝ համոզված, որ նա չի մոռացել իրենց: Ու բժշկուհին նրանց կպատասխանի նույնպիսի ջերմ ժպիտով: Ես համոզված եմ, որ ձմռան սառն օդի մեջ մի քիչ ջերմություն կավելանա: Գուցե հենց սա է բժշկի առաքելությունը;

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #50 (1421) 22.12.2021 - 28.12.2021, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


23/12/2021