Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ ՄԵՐԺԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ



Զինվորական կանոնագրքերում հստակորեն ամրագրված են զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները, եւ սահմանված է, որ զինծառայողին անվանարկելը, սպառնալը, նրա կյանքի, առողջության կամ ունեցվածքի նկատմամբ բռնանալը առաջացնում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն՝ անկախ այդ անողի զինվորական կոչումից ու պաշտոնից։
«Դո՛ւ, հրամանատա՛ր, պիտի ավագ ընկեր ու խորհրդատու լինես ենթակայիդ համար, ապացուցես նրան, որ մշտապես՝ ե՛ւ արեւին, ե՛ւ ձյանը իրենց առջեւից քայլող այս մարդը հենց նա է, որին հարկավոր է «աչքի առաջ ունենալ» եւ ումից օրինակ վերցնել։ Այդպես միայն պետը կարող է ապացուցել ենթակայի հանդեպ իր գերազանցությունը եւ ոչ թե խփելով կամ նվաստացնելով։ Եթե նրանից ուժեղ, ապա ֆիզիկական բարդ վարժությունը կատարելիս, եթե նրանից խելոք, ապա գրագիտությամբ, տրամաբանական դժվարին խնդիր լուծելիս, կամ ինչո՞ւ ոչ, շախմատի խաղատախտակի առջեւ, եթե բարձր, ապա միայն հոգեկան ուժով ու բարոյական կեցվածքով»,- առանձնահատուկ շեշտված է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի «Հրամանատարը՝ զինվորի ավագ ընկեր» հատուկ ուղերձում։
Ցավոք, վերոնշյալը երբեմն լիարժեքորեն չի ընկալվում որոշ պաշտոնատար անձանց կողմից, որոնք կամային թույլ որակների դրսեւորման, իսկ առանձին դեպքերում նաեւ ալկոհոլի չարաշահման հետեւանքով ենթակաների հետ փոխհարաբերություններում կիրառում են անօրինական ու անթույլատրելի մեթոդներ ու դրանով իսկ բռնում իշխանազանցության (հանցանքի) ուղին՝ խաթարելով անձնակազմի բարոյահոգեբանական վիճակն ու անձամբ (որպես կանոն, ընտանիքի հետ) հայտնվելով անելանելի պայմաններում։
Հենց այդպիսի վերջաբան ունեցավ Youtube-ի աղմկահարույց տեսանյութում զինվորներին նվաստացնող եւ նրանց նկատմամբ բռնություն կիրառող «գլխավոր հերոսի»՝ Սասուն Գալստյանի դատապարտելի արարքը։ Իրավապահները մեկ անգամ եւս հաստատեցին, որ հետեւողական են եւ վճռական՝ հանցագործին պատժելու եւ օրինականությունը վերականգնելու հարցում։
Հետեւողականորեն իրագործելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի պահանջները, այն է՝ հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը եւ քրեա-իրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ եւ բավարար լինեն ուղղելու եւ նոր հանցագործությունները կանխելու համար, ինչպես նաեւ պատիժ նշանակելիս, պատժաչափը որոշելիս խստորեն հաշվի առնելով արարքի բնույթն ու հանրության համար դրա վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը, նրա պատասխանատվությունը, պատիժը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 357-360-րդ, 364-365-րդ, 369-373-րդ, 375/1-375/4-րդ հոդվածներով՝ 2010 դեկտեմբերի 9-ի դռնբաց դատական նիստում վճռեց.
Սասուն Միքայելի Գալստյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ եւ պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով։
Արդարեւ, ՀՀ պաշտպանության նախարարի խոսքերով ասած՝ «…վաղուց է եկել բղավող ու հարվածող հրամանատարի տեսակը վճռականորեն մերժելու ժամանակը»։

ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչություն

Խորագիր՝ #01 (866) 12.01.2011 – 19.01.2011, Սոցիալ-իրավական


20/01/2011