Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌուսաստան

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին 2022 թ. սկզբին կայցելի Ռուսաստան:

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը Թուրքիայում չեչեն անջատողականների առաջնորդ, Ռուսաստանում ահաբեկիչ համարվող Ջոխար Դուդաևի անունը կրող այգու բացումից հետո հստակություն է պահանջել Թուրքիայի նախագահ Էրդողանից` արդյո՞ք ինքը կողմ է թափանցիկ եւ ազնիվ հարաբերություններին Ռուսաստանի Դաշնության հետ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ նման գործողությունները հակասում են երկու երկրների բարեկամական հարաբերությունների ոգուն։ Մոսկվան կարծում է, որ Անկարան ամենայն լրջությամբ կընկալի Ռուսաստանից հղված ազդակները ահաբեկիչների, զինյալների, ծայրահեղականների փառաբանման անթույլատրելիության վերաբերյալ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը որոշում է կայացրել հունվարի 12-ին հրավիրել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է՝ եթե ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն հրաժարվեն Ռուսաստանին անվտանգության երաշխիքներ տալ, Մոսկվան կպատասխանի տարբեր եղանակներով` կախված ռազմական փորձագետների առաջարկություններից։ Գործողությունները պայմանավորված կլինեն Ռուսաստանի անվտանգության անվերապահ ապահովման պահանջներով։

«Ռոստեխ» կորպորացիան տեղեկացրել է T-14 «Արմատա» տանկի սերիական արտադրություն սկսելու մասին։

«Նովոսիբիրսկ» և «Կնյազ Օլեգ» ատոմային սուզանավային հրթիռակիրները համալրել են ՌԴ ռազմածովային նավատորմի սպառազինությունը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռների համազարկային արձակման մասին, ասելով, թե դա իրենց նորագույն հրթիռն է, որն աշխատում է և՛ ծովում, և՛ ցամաքում։ Փորձարկումը հաջող է ընթացել, անթերի: Պուտինը սա մեծ իրադարձություն է համարել երկրի կյանքում և քայլ դեպի անվտանգության ու պաշտպանունակության բարձրացում։

Ռուսաստանը մտադիր չէ նվաստանալ և խնդրել Արևմուտքին չեղարկել միակողմանի անօրինական պատժամիջոցները ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ռուսաստանը պատասխանելու տարբերակ կգտնի, եթե Արևմուտքն ուժեղացնի պատժամիջոցները, բայց ապավինում է իր արևմտյան գործընկերների խոհեմությանը։ Նա նաև հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ԽՍՀՄ-ի և Վարշավայի պայմանագրի կազմակերպության փլուզումից հետո դարձել է տարածքների յուրացման աշխարհաքաղաքական նախագիծ։

ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը Ռուսաստանում հավատարմագրված ռազմական կցորդների եւ օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչների համար ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է Ռուսաստանի հետ լայնածավալ զինված հակամարտության։ Դաշինքի ռազմական շինարարությունն ամբողջությամբ վերաուղղվել է այդ նպատակին։ Օրինակ` ՆԱՏՕ-ի վերջին տարիների հայեցակարգային փաստաթղթերում Ռուսաստանի Դաշնությունն ուղղակիորեն մատնանշվում է որպես կոալիցիոն անվտանգությանը սպառնացող հիմնական աղբյուր։ Իսկ Ռուսաստանի արեւմտյան սահմաններին ՆԱՏՕ-ն զգալիորեն մեծացրել է մարտական ներուժը։

 

Իրան

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերը «Մեծ մարգարե-17» զորավարժությունների ժամանակ մոդելավորել են օդային հարված իսրայելական միջուկային ռեակտորին: Ռեակտորի մոդելը խոցվել է 16 բալիստիկ հրթիռներով և հինգ անօդաչու թռչող սարքերով։ Պատասխանատուների հավաստմամբ՝ հարձակումն իրագործվել է բարձր ճշգրտությամբ։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի հրթիռային փորձարկումները: Լոնդոնում հրթիռների արձակումը համարում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի ակնհայտ խախտում, որը պահանջում է Իրանից որևէ գործողություն չիրականացնել միջուկային զենք կրելու ունակ բալիստիկ հրթիռներով: Մինչդեռ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խատիբզադեն, ի պատասխան այդ մեղադրանքների, հայտարարել է` Թեհրանի հրթիռային ծրագիրը որևէ առնչություն չունի 2231 բանաձևի հետ։

Իրանի փոխնախագահ, երկրի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Մոհամադ Էսլամին ասել է, որ Իրանն ինքնուրույն կարող է միջուկային վառելիք արտադրել։

Իրանը «Մեծ մարգարե-17»-ի շրջանակներում լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացրել նաև մարտական հրաձգությամբ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ վարժանքները Իսրայելի կողմից հնչեցված սպառնալիքների պատասխանն են, և Իրանը զորավարժությունների շրջանակում ցուցադրել է իր հրթիռային ներուժի միայն մի փոքր մասը: Զորավարժությունների ընթացքում օգտագործվել են տարբեր ԱԹՍ-ներ, որոնք դարձել են Իրանի զինված ուժերի հարվածային հզորության նոր բաղադրիչը: ԻՀՊԿ ստորաբաժանումները նաև վարժվել են ներթափանցելու հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգ, այդ թվում՝ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների օգնությամբ։ Իրականացվել է նաեւ օդային հարձակողական օպերացիա՝ կիրառելով օդադեսանտային ուժերը:

Գործարկվել է Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ (ITI) երկաթուղու նախագիծը 6500 կմ երկարությամբ` 2570 կմ Իրանում, 2000 կմ Թուրքիայում, մոտ 1900 կմ Պակիստանում։ Տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնական հիմնադիրներ Իրանը, Թուրքիան եւ Պակիստանը մտադիր են վերսկսելու բեռնատար գնացքների երթևեկությունը տասնամյա ընդմիջումից հետո:

Ադրբեջանը Իրանի հետ բանակցություններ է վարում Արցախի տարածքում ականազերծման աշխատանքներին իրանցի մասնագետներ ներգրավելու շուրջ։

 

Թուրքիա

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան «21-րդ դարի ծագող աստղ է», և 2021 թ. վերջին երկրում ՀՆԱ-ի աճը երկնիշ թվի կհասնի։ Նրա խոսքով՝ 2002 թվականին, երբ իշխանության եկավ իր գլխավորած կուսակցությունը, կենտրոնական բանկի պահուստները կազմում էին ընդամենը 27,5 մլրդ դոլար, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամին պարտքը՝ 23,5 մլրդ դոլար, մինչդեռ այսօր խոսքը կենտրոնական բանկի պահուստների 120 մլրդ դոլարի եւ ԱՄՀ-ին պարտքի բացակայության մասին է։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Իսրայելի հետ երկխոսության վերսկսմանը: Ավելի վաղ նրա վարչակազմը հայտնել էր Էրդողանի և իր իսրայելցի գործընկեր Իցհակ Հերցոգի հեռախոսազրույցի մասին, որը պաշտոնապես  Իսրայելի վարչապետի և Թուրքիայի նախագահի առաջին շփումն է վերջին ութ տարվա ընթացքում:

Բաքվում տեղի ունեցած Ադրբեջանի և Թուրքիայի 1-ին էներգետիկ համաժողովում մի շարք փաստաթղթեր են ստորագրվել։ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարել է, թե Իգդիր-Նախիջևան ուղղությամբ տարեկան 500 մլն խորանարդ մետր թողունակությամբ գազատարի կառուցումը թույլ կտա դիվերսիֆիկացնել Նախիջևանի գազամատակարարումը` ամրապնդելով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության էներգետիկ անվտանգությունը, ինչը, սակայն, մասնագետների կարծիքով է՛լ ավելի կամրապնդի Նախիջևանի կախվածությունը Թուրքիայից:

Թուրքիայի արտգործնախարարի գնահատմամբ՝ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ լարվածությունը հասել է վտանգավոր մակարդակի։ Թուրքիան չի անտեսի Ուկրաինայի հետ սերտ հարաբերությունները Ռուսաստանի հետ համապարփակ հարաբերությունների պատճառով։ Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան դիվանագիտություն է վարում երկրի ազգային անվտանգության պահանջներին համապատասխան։

Թուրքիան ընդլայնել է իր արբանյակային խմբավորման հնարավորությունները «Turksat-5B» նոր սարքը ուղեծիր դուրս բերելուց հետո:

 

Ադրբեջան

Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ադրբեջանի ուժային կառույցների զինծառայողների և քաղաքացիական աշխատակիցների աշխատավարձը 20 տոկոսով բարձրացնելու մասին։

Ադրբեջանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը եւ Ջուանշեր Բուրչուլաձեն Բաքվում բանակցությունների արդյունքում ստորագրել են «2022 թ. երկկողմ համագործակցության ծրագիրը»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն «անցանկալի անձանց սև ցուցակում» ներառել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսին Արցախ կատարած այցից հետո: Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, թե Ադրբեջանի եւ Իրանի հարաբերություններում լարվածությունն ամբողջությամբ վերացել է: Կողմերը պայմանավորվել են քաղաքական խորհրդակցություններ անցկացնել առնվազն վեց ամիսը մեկ անգամ։ Առաջիկայում կկայանա ադրբեջանա-իրանական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը, որի շրջանակում կհամաձայնեցվի եւ կընդունվի Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական ոլորտում նոր նախագծերի իրականացման ճանապարհային քարտեզը:

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչություն պետ Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, թե Ադրբեջանը կարող է մասնակցել կործանիչների արտադրության թուրքական նախագծին:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե Ադրբեջանի ԶՈւ զինանոցը համալրվել է իսպանական «Indra» ընկերության նորագույն «LTR-25 LANZA 3D» ռադիոտեղորոշիչ կայաններով, որոնք թույլ են տալիս հայտնաբերել օդային թիրախներ, որոշել ինքնաթիռների, ուղղաթիռների, ԱԹՍ-ների, թևավոր հրթիռների թռիչքի պարամետրերը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նամակով դիմել է «Google» ընկերությանը՝ «Google Maps»-ում Արցախի բնակավայրերի հայկական տեղանունները փոխելու համար։

Դեկտեմբերի 25-ին ուժի մեջ է մտել Թուրքմենստանի, Ադրբեջանի և Իրանի միջև բնական գազի առևտրի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը, որը ենթադրում է Թուրքմենստանից Ադրբեջան 1,2-2 մլրդ խմ բնական գազի վաճառք և փոխադրում Իրանի տարածքով։

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #51 (1422) 29.12.2021 - 4.01.2022, Տարածաշրջան


30/12/2021