Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«…ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ՀԵՆՑ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ԻՄ ՏՈՒՆԸ»



«...ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ՀԵՆՑ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ԻՄ ՏՈՒՆԸ»«Ծնվել է բժիշկների ընտանիքում: Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարարության բաժինը ու Բելգիայի համալսարանի տնտեսագիտության բաժինը ավարտելուց և մագիստրոսի կոչում ստանալուց հետո մեկնել է ժամկետային զինծառայության»: Սա հատված է զինվորի կենսագրությունից. արդեն 5 ամիս Հայկ Խեկոյանը բանակում է:

-Ինչպե՞ս է անցնում ծառայությունը,- այս հարցով եմ սկսում զրույցը զինվորի հետ:

-Կապավորի մասնագիտություն եմ սովորել ուսումնական զորամասում: Յուրացրել եմ ամենայն բարեխղճությամբ. ո՞վ գիտի՝ ինչ է սպասում մեզ առաջիկայում…Ես հոգեբանորեն և գիտելիքներով պատրաստ եմ մարտական գործողությունների ժամանակ կատարել բոլոր առաջադրանքները: Շուտով կմեկնեմ հիմնական ծառայության վայր:

Հայկը շատ վստահ է խոսում ենթադրյալ մարտական գործողությունների մասին, ու ես հետաքրքրվում եմ.

-Ինչպե՞ս են բանակում հոգեբանորեն նախապատրաստում զինվորին՝ մարտական գործողությունների ժամանակ անխուճապ ու սառնասրտորեն կատարելու առաջադրանքը:

-Բոլոր պատերազմները նույնն են՝ անկախ արդյունքից: Դու կռվում ես՝ պատրաստ կյանքի գնով փակելու թշնամու ճանապարհը: Մեր հրամանատարները տարբեր պատերազմներով անցած զինվորականներ են ու գիտեն ինչպես արիացնել զորքը, վանել մահվան սարսափը՝ այն փոխարինելով պատվի ու հերոսականության թրթիռներով: Ինչ վերաբերում է ինձ. կյանքը սովորեցրել է հանգիստ ընդունել բոլոր անակնկալները ու պայքարել յուրաքանչյուր դժվարության դեմ: Կյանքն ինձ օժտել է պրագմատիզմով:

Ես որոշել էի Հայկի հետ բացառապես խոսել զինծառայությունից, բայց չեմ կարող չիմանալ, թե ինչ դժվարությունների ու պրագմատիզմի մասին է խոսում զինվորը:

-Ծնողներս բժիշկներ էին: Մորս չեմ հիշում, նա մահացավ, երբ ես 2 տարեկան էի: Մեծացել եմ հորս, նրա ծնողների, քույրերի ու իմ ավագ քրոջ կողքին՝ մեծ ընտանիքում: Ինձ համար տղամարդու կերպար են ձևավորել պապս և հայրս: Պապս մասնակցել էր Երկրորդ աշխարհամարտին, հասել էր Ավստրիա, զորացրվել էր «կապիտան» կոչումով: Նա զինվորականի դասական կերպար էր. զինվորական բոլոր հարաբերություններում՝ կարգապահ, օրինավոր, խստապահանջ, ձիգ: Հայրս յուրահատուկ ակնածանքով էր պատմում պապիս մասին, ու այդ ակնածանքը տարածվում էր նաև այն բառերի վրա, որոնք հնչում էին այդ պատմությունների ժամանակ՝ Հայրենիք, պաշտպանել, զինվոր, պատասխանատվություն, խիզախություն…

Հայրս աշխատում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում՝ որպես ինտենսիվ թերապիայի բլոկի պետ: Նա, այսպես ասած, վերակենդանացնող բժիշկ էր: Գիշերային հերթապահություններից տուն էր գալիս հոգնած, ցերեկները քնում էր: Նա սիրում էր պատմել իր հիվանդների մասին: Ու երբեմն ինձ հետը տանում էր հիվանդանոց: Ես տեսնում էի, թե հայրս ինչպես է ջանադրաբար պաշտպանում ուրիշի կյանքը: Ու կային բառեր, որոնք արդեն ծանոթ էին ինձ պապիս մասին պատմություններից՝ քաջություն, պատասխանատվություն, պաշտպանել…

Եվ դրանք դարձան իմ կյանքի ուղեցույցները:

Ես ինքնամփոփ, խելոք, հանդարտ երեխա էի: Մեր տանը մեծ տեղ էին տալիս ուսմանը, ու ես, բնականաբար, լավ էի սովորում, որովհետև ավագ քույրս գերազանցիկ էր, ու մերոնք նույն ակնկալիքն ունեին ինձնից: «Այբ» ավագ դպրոցում, որտեղ շարունակեցի կրթությունս Չեխովի անվան դպրոցից հետո, կարևորում էին աշակերտների ակտիվությունը, նրանց ներգրավում էին տարբեր միջոցառումներում: Ու ես, այսպես ասած, բացվեցի…Պարզվեց, որ բոլորովին էլ ինքնամփոփ չեմ, ընդհակառակը, շփվող եմ, կազմակերպիչ…

-Ձեր ինքնակենսագրության մեջ գրված է, որ ուսանողական տարիներին աշխատել եք: Ձեր ընտանիքը ֆինանսական խնդիրնե՞ր ուներ:

-Հայրս անցյալ տարի է մահացել: Մինչ այդ, նա աշխատում էր ու վաստակում էր բավարար: Բայց ես սիրում եմ սեփական ուժերով հոգալ իմ ծախսերը, սիրում եմ աշխատել: Ուսանող ժամանակ աշխատել եմ Ամերիկյան համալսարանի ընդունելության գրասենյակում, եղել եմ դասախոսի օգնական: Միաժամանակ ունեցել եմ զանազան միջոցառումների ու արշավների կազմակերպմամբ զբաղվող փոքրիկ բիզնես:

-Հիմա հասկանում եմ, թե ինչու էիք խոսում պրագմատիզմից ու կյանքի դժվարություններից;

-2020 թվականին իմ կյանքում երկու արհավիրք եղավ՝ պատերազմն ու հորս մահը: … Որքան էլ զարմանալի թվա, այդ ժամանակ ես հասկացա, որ մահն ամենամեծ ողբերգությունը չէ: Երբեմն այն կարող է չարիքներից փոքրագույնը լինել:

-Ե՞րբ է մահը չարիքներից փոքրագույնը:

-Երբ պետք է ընտրություն անես մահվան ու պատվիդ միջև: Մահվան ու Հայրենիքիդ ազատության միջև… Այսպես են մտածել բոլոր այն մարդիկ, որոնք գիտակցաբար զոհվել են Հայրենիքի սահմանները պաշտպանելիս:

-Ես պիտի հարցնեի՝ դժվա՞ր էր թողնել Բելգիայի պես երկիրն ու բանակում ծառայելու համար գալ Հայաստան: Բայց էլ չեմ հարցնի:

-Շատերն էին կարծում, որ ես չեմ վերադառնա Բելգիայից: Այդ նույն մարդիկ հիմա էլ մտածում են, որ զինծառայությունն ավարտելուց հետո կմեկնեմ արտերկիր, որովհետև մեծ հնարավորություն ունեմ այնտեղ հաստատվելու, աշխատելու: Բայց ես երբեք չեմ հեռանա Հայաստանից:

-Ինչո՞ւ…

-Ես կյանքում գրեթե ոչինչ չեմ արել: Իմ բախտը բերել է, որ ծնվել եմ մի ընտանիքում, որտեղ կարևորում էին ուսումը: Ես ընդունակ եմ եղել ու լավ եմ սովորել: Եվ իմ ձեռքբերումը ես պարտավոր եմ իրացնել ի շահ երկրիս ու հայրենակիցներիս:

-Արդեն որոշե՞լ եք, թե հատկապես ինչ պետք է անեք Հայրենիքի ու ժողովրդի համար:

-Զինծառայությունն ավարտելուց հետո կընդլայնեմ իմ բիզնեսը, աշխատատեղեր կստեղծեմ: Բայց ամենակարևոր նպատակս պետական համակարգում աշխատելն է ու տնտեսագիտության բնագավառում իմ գիտելիքները երկրի տնտեսության զարգացման գործում ներդնելը: …Ասեմ, որ այս ամենը կապ չունի Հայաստանում ապրելու իմ ցանկության հետ: Այսինքն՝ միայն պարտքի զգացումը չէ պատճառը, որ ես Հայաստանից բացի այլ երկրում չեմ ուզում ապրել: Ես սիրում եմ Հայաստանը: Արտերկրում սովորելու տարիներին ավելի համոզվեցի, որ Հայաստանն աշխարհի ամենալավ երկիրն է: Ես այստեղ ինձ ամբողջական եմ զգում: Մի զգացում կա, որ բառերով չես բացատրի. Պարզապես Հայաստանում ես տանն եմ: Ու երջանիկ եմ, որ հենց Հայաստանն է իմ տունը:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #51 (1422) 29.12.2021 - 4.01.2022, Ազգային բանակ


30/12/2021