Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ» ՀՐԵՏԱՆԱՎՈՐԸ



«ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ» ՀՐԵՏԱՆԱՎՈՐԸՅուրան դպրոցն ավարտել է բարձր առաջադիմությամբ ու, ընտրելով ծրագրավորողի մասնագիտությունը, ընդունվել  Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ։

2019 թ. հունվարին զորակոչվել է ազգային բանակ։ Ուսումնական զորամասում ավարտելով հրետանային դասընթացները՝ նշանակվել է ծառայության որպես «Ֆագոտ» հակատանկային համակարգի հաշվարկի հրամանատար։ «Բանակի գերազանցիկ» կրծքանշանն է հուշում, որ Յուրան փայլուն տիրապետել է  իրեն վստահված զենքին։ Ծառայել է Հադրութի զորամասերից մեկում։  Բացառիկ համեստությամբ ու  մասնագիտական արհեստավարժությամբ շատ արագ նվաճել է հրամանատարների սերն ու հարգանքը և արժանացել ավագ սերժանտի կոչման։

…2020 թ. սեպտեմբերի 25-ին մարտկոցը, որի կազմում ծառայում էր Յուրան,  տեղափոխվում է այն ուղղություն, որտեղից սպասվում էր հակառակորդի զրահատեխնիկայով հարձակումը։ Մարտկոցի անձնակազմը պաշտպանական դիրքեր է զբաղեցնում երկու ուղղություններում։ Մի ուղղությամբ աշխատում էր Յուրայի դասակը, իսկ մյուս ուղղությամբ մարտական խնդիր էր կատարում ծառայակից մտերիմ ընկերոջ՝ «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացած ժամկետային զինծառայող Դավիթ Գրիգորյանի դասակը։

Գերժամանակակից ռեակտիվ համալիրներ, մեծաքանակ օդուժ… Թերեւս բացառիկ քաջություն ու համարձակություն էր պետք այս ամենին դիմակայելու համար։ Յուրան արագ կողմնորոշվելու և իրավիճակն իր ձեռքը վերցնելու հմտությունների շնորհիվ կարողանում է տեղում ընտրել իր մարտկոցի համար նպաստավոր կրակակետը, և ինչպես իրադարձությունների հետագա ընթացքն է  ցույց տալիս, նա չի սխալվում:

Բարձունքից Յուրայի մարտկոցը արձակում է  առաջնագծի այս հատվածի համար վճռորոշ առաջին դիպուկ կրակոցները։ Առաջնագծի ամբողջ երկայնքով հեռակապն ազդարարում է հակառակորդի՝ մեկը մյուսի հետևից խոցվող տեխնիկայի և մարդուժի մեծ կորուստների մասին։ Մի քանի րոպեում զինվորը չորս տանկ է խոցում, իսկ մինչև երեկո՝ ևս երկուսը։ Յուրայի օրինակով ոգեշնչվում  է ամբողջ պաշտպանական գիծը։ Մարտական գործողությունների առաջին իսկ օրը,  առաջնագծի հարավային ուղղություններից մեկում հակառակորդը գրոհում է  36 միավոր զրահատեխնիկայով: Այս գրոհը կասեցվում է  ամբողջությամբ։ Համախմբելով ուժերն ու համալրում ստանալով՝  հակառակորդն էլ ավելի հուժկու հարվածներով մի քանի օր շարունակ փորձում է ճեղքել հարավային ուղղության պաշտպանական գիծը։ Եվ այս անգամ էլ Յուրան ու նրա զինակիցները դրանց դիմավորում են ինչպես հարկն է։

«ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ» ՀՐԵՏԱՆԱՎՈՐԸՀակառակորդի խոցված տասներեք զրահատեխնիկա, հինգ ավտոտեխնիկա և երկու «Ֆագոտ» համակարգ. սրանք Յուրայի մարտական ուղու, այսպես ասած, «համեստ» հաջողություններն են։  Ու թեև Յուրան  ընտանիքի հետ կարճատև հեռախոսազրույցների ընթացքում վստահեցնում էր, որ ինքն առաջնագծում չէ, հեռու է մարտական գործողությունների տեղանքից, պատերազմի յոթերորդ օրը Ալավերդյանները տեղեկանում են, որ իրենց որդին «Արցախի հերոս» բարձրագույն կոչման է արժանացել։

…Հրամանատարի վիրավորվելուց հետո մարտկոցի հրամանատարությունը վստահվում է հենց Յուրային։ Մինչև անգամ հայտնվելով հակառակորդի շրջափակման մեջ՝ հակատանկային մարտկոցի ամբողջ անձնակազմը ոչ մի քայլ չի նահանջում և շարունակում է կատարել առաջադրված մարտական խնդիրները։ Մարտերից մեկի ժամանակ Յուրան վիրավորում է ստանում և տեղափոխվում զինվորական հոսպիտալ, կարճատև դադարից հետո կրկին միանում ընկերներին, այս անգամ արդեն Մարտունու ճակատում։

♦♦♦

Մինչև պատերազմի վերջին օրը Յուրան և ստորաբաժանման մյուս տղաները անձնվիրաբար պաշտպանեցին պետական սահմանի իրենց վստահված մարտական դիրքերը:

Եվ այսօր Յուրա Ալավերդյանը շարունակում է ծառայությունը զինված ուժերում՝ իր գիտելիքներով, հմտություններով ու պատերազմական փառահեղ ուղի անցած վետերանի փորձառությամբ ամեն օր վերասահմանելով Հայրենիքը սիրելու իր ընկալումը։

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #51 (1422) 29.12.2021 - 4.01.2022, Ազգային բանակ


30/12/2021