ՆՎԻՐՈՒՄԸ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԱՆԺԱՄԿԵՏ Է…
2020 թվականը մեր ժամկետային զինծառայողներից շատերի համար ոգու իսկական փորձության, մարտական մկրտության վերածվեց լայնամասշտաբ պատերազմական գործողությունների բովում: Նրանցից մեկն էլ Վ. Բրյուսովի անվ. Լեզվահասարակագիտական համալսարանի Միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Սահակ Գալոյանն է, որը 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած խիզախության ու անձնվիրության շնորհիվ լեյտենանտի կոչում ստացավ, ստանձնեց դասակի, հետագայում նաև՝ վաշտի հրամանատարի պաշտոնը: Երբ խոսում ես այս համեստ, կիրթ, պայծառ երիտասարդի հետ, մտքովդ էլ չի անցնում, թե ինչպիսի դժվարություններով է անցել, որքան աղետ ու ավեր է տեսել, որքան կամք ու հաստատակամություն է ցուցաբերել իրեն վստահված ստորաբաժանման ղեկավարումն ստանձնելով: Երբ պատերազմը սկսվեց, ծառայում էր թշնամական ուժերի ամենակատաղի հարձակմանը ենթարկված Ջրականի զորամասում՝ որպես տանկի հրամանատար:
-Մեր վաշտի վիճակը շատ ծանր էր այդ օրերին: Սպաներից մեկը վիրավոր էր, մյուսը զոհվել էր. սպաների պակաս էր զգացվում: Մեծ պատասխանատվություն էր, բայց հոկտեմբերի 10-ին ՊԲ հրամանատարի հրամանով ստանձնեցի պաշտոնը՝ լիովին գիտակցելով սպասվող բարդությունները:
Այսօր ինձ լավ եմ զգում այնքանով, որ բոլորի առջև պարզճակատ եմ: Դժվար վիճակում ոչ մեկին չեմ թողել: Երբ զորքը կարիք է ունեցել դասակի, վաշտի հրամանատարի, չեմ խուսափել, ստանձնել եմ այդ պատասխանատվությունը ու, կարծում եմ, լավ եմ կատարել իմ աշխատանքը: Ամեն ինչ արել եմ, որ իմ անձնակազմը ոչ մի բանի կարիք չունենա, և կարևորը՝ կորուստներ չունենանք:
Դեռ մինչև պատերազմը՝ հուլիս ամսին, առողջական խնդիր ունեցա: Ինձ առաջարկեցին ծառայել Ստեփանակերտի հոսպիտալի անցագրային կետում: Հրաժարվեցի: Հեշտ բաներ երբեք չեմ սիրել: Դե, իսկ պատերազմը արդեն մեզ համար արհեստավարժության «արագացված» դասընթացի վերածվեց: Սեպտեմբերի 27-ի առավոտյան 7:10-ին, երբ զարթնեցինք անօդաչուի հարվածից ու հասկացանք, որ պատերազմ է սկսվել, ես ու սերժանտ ընկերս այնքան հստակ ու ճիշտ հերթականությամբ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարեցինք, ասես՝ մեր երրորդ կամ չորրորդ պատերազմը լիներ: 7:30 արդեն շտապեցինք մեր մարտական հենակետերը, կենտրոնացման շրջան:
Սահակը պատմում է. անտառում էին, երբ սպաներից մեկը կապ էր տվել: Տանկի հրամանատար էր անհրաժեշտ գործողության գնալու համար: Նա անմիջապես առաջ էր եկել. «Ե՛ս կգնամ»: Առավոտ շուտ ճամփա էր ընկել դեպի նշանակման վայր: Ջրականի շոգը սարսափելի է. ճանապարհը անտառներով, ձորակներով, տարբեր բնական խոչընդոտներով էր անցնում: Երբ դժվարությամբ հասել էր նախանշված տեղանքը, առաջին անգամ ամբողջ ուժով զգացել էր պատերազմի դառը շունչը…
-Ծանր էր առաջին տպավորությունս… Տեսա՝ ինչպես էր ձեռքը կտրված մի զինվոր, արյան շիթը ցայտելով, վազում ձորի միջով: Զոհեր ունեինք, վիրավորներ… Մեր վաշտից իմ ընկերոջը տեսա: Միշտ աչքերիս առջև է գալիս նրա պատկերը, նրա հայացքը, երբ ինձ դիմեց. «Խնդրում եմ, ջուր բեր խմենք…»: Դիրքերում ջրհոր ունեինք. անմիջապես շտապեցի ջուր բերելու: Մեր տանկային դիրքերն արդեն առաջնագծի էին վերածվել: Դույլը վնասվել, ծակվել էր. մի շիշ լցնելու համար մի քանի անգամ ջրհորը գցեցի: Երբ տղաներին ջուր տվեցի, մեր մայորն ասաց. «Գնում ենք բոյի, գալի՞ս ես»: Ասացի. «Դրա համար եմ եկել»: «Դե՛, նստի՛ր, լիցքավորի՛ր տանկը»: Այդ ընթացքում մեր վաշտի մյուս տղաներն էլ տեղ հասան: Որոտանից էլ տանկիստներ եկան:
Վերջիններիս օգնությունը հատկապես կարևոր է եղել: Միասնական ուժերով 5-6 օր գերմարդկային ճիգեր են գործադրել: Ամեն գնով փորձել են հետ շպրտել թշնամու գրոհները…
-Հոկտեմբերի 2-ն էր: Մարտական գծով հրամանատարի տեղակալը կանչեց մեր զրահատանկային ծառայության պետին և ասաց. «Մեզնից մոտ 4 կմ հեռավորության վրա թիրախներ կան. պետք է ոչնչացնել: Ի՞նչ կասես»: Մեր մայորն անհավանական թվացող մի պլան ներկայացրեց և հանգիստ ասաց. «Կըպիցրանամ սարը, կըթըխիմ, ետ կըքըշանամ»: «Չէ՛, չի՛ ստացվի: Չես կարող»: «Կարող եմ»: Ու դարձավ ինձ. «Սահա՛՛կ, բալա՛ս, գալիս ե՞ս հետս»: Ասացի. «Պարո՛ն մայոր, ինձ էլ էդ հարցը մի՛ տուր: Իմացի՛ր, հետդ եմ»: Մեր լուսահոգի դասակի հրամանատարը՝ Ալթունյան Լևոնը, նստեց՝ որպես տանկի մեխանիկ-վարորդ, զրահատանկային ծառայության պետը՝ որպես նշանառու-օպերատոր, ես՝ որպես հրամանատար: Հենց առաջին անգամ բարձրանալով բլրի վրա՝ պայթեցրինք տրված թիրախներից մեկը՝ թշնամիներով լեցուն գետնատնակը: Երկրորդ բարձրանալուց էլ թշնամու ՀՄՄ-ն օդ թռավ… 5-6 տանկ, երեք ՀՄՄ, տարբեր թիրախներ, տեխնիկա, ամրաշինական կառույցներ ենք վերացրել այդ օրերին:
Սահակն անթաքույց հպարտությամբ է խոսում իր մարտական ընկերների մասին: Ասում է. ընտրյալներ էին՝ խիզախ, առաքինի, հայրենասեր, մաքուր մարդիկ, որոնց հետ մարտի գնալը, խնդիրներ կատարելը պատիվ էր, մեծ ոգևորություն:
-Դասակի հրամանատարիս՝ Լևոն Ալթունյանի հետ շատ գործողությունների եմ մասնակցել: Ռուսաստանում ծառայած, հետո Հայրենիք վերադարձած հմուտ զինվորական էր: Այնպես էր տանկը վարում, որ շատերը «06»-ն անգամ նման դյուրությամբ չէին վարի: Նրա կողքին կռվի դաշտում այնքան հանգիստ էիր զգում, ասես՝ տանդ սուրճ խմելիս լինեիր: Մեզնից ոչ մեկը նրա պես չի կռվել: Մի անհավանական թվացող, բայց իրական դեպք պատմեմ մեր դասակի հրամանատարից: «Նահանջ» հրաման էինք ստացել. իրավիճակը շատ ծանր էր, իսկ նա տեխնիկան էր լիցքավորում, որ նորից առաջ գնար: Երեք տանկով մտել էին թշնամու թիկունք, որտեղ հակառակորդի 6 տանկ էր կանգնած՝ նոր «T-90»-ներ: Նրան հաջողվել էր վերացնել թշնամու բոլոր 6 տանկերը և հետ գալ: …Մեր վաշտի միակ, բայց շատ ծանր կորուստը նա էր. դասակի հրամանատար Լևոն Ալթունյանը զոհվեց պատերազմի 7-րդ օրը՝ թշնամու անօդաչուի հարվածից, մարտական խնդիրը կատարելիս…
Արցախցի տանկիստ ընկեր ունեի՝ Գաբրիելյան Սուրենը, ապշեցուցիչ հմտությունների տեր: Փայլուն նշանառու էր: Կարողանում էր մի քանի կիլոմետր հեռավորության վրա բլինդաժի դռնից արկը ներս նետել և պայթեցնել: Նա հիմա էլ ապրում է Արցախի իրենց գյուղում. նա իր տունը չէր թողնի թշնամուն ոչ մի դեպքում:
…Այդ ընթացքում տեխնիկայի զգալի կորուստներ ունեցանք: Ի վերջո, ստացանք նահանջի հրաման: Չէինք ուզում ետ քաշվել, բայց մնալն էլ անիմաստ էր. ուժերը անհավասար էին: Թշնամու զրահատանկային գումարտակները նորանոր գրոհներ էին ձեռնարկում, իսկ մեր տեխնիկան արդեն սպառվում էր… Ստիպված էինք նահանջել: Հոկտեմբերի սկզբներին Հադրութում էինք: Կարծեմ՝ ամսի 6-ն էր, ասացին, որ հրադադար է լինելու: Իջանք Հադրութի դպրոցը մի քիչ շունչ առնելու, հանգստանալու: Այդ օրը հրաշքով փրկվեցինք: Դպրոցից դուրս գալուց 10 րոպե չէր անցել, երբ թշնամին ռմբահարեց, պայթեցրեց դպրոցի շենքը… Մի օր էլ Հադրութի մերձակայքում էինք՝ անտառուտ և սարերով շրջապատված մի տեղանքում: Հանկարծ հրաձգություն սկսվեց մեր ուղղությամբ: Փամփուշտները բառացիորեն քթներիս կողքով սուրում էին: Նույնիսկ չգիտեմ՝ ինչը պահեց մեզ. զոհ, վիրավոր չունեցանք: Այդ օրն առաջին անգամ սևամորթ վարձկան տեսա նրանց շարքերում:
Պատերազմի ընթացքում Սահակը մարտական ընկերների հետ շատ անելանելի իրավիճակներում է հայտնվել, մի քանի անգամ շեշտակի նայել է մահվան աչքերի մեջ.
-Մարտի դաշտում իմ հույսը դրել էի սեփական անձի և Տիրոջ ողորմածության վրա: Մտածում էի, որ եթե ինձ ճիշտ չպահեմ, Աստված ինձ ամեն անգամ չի փրկի… Կռվի երկրորդ շաբաթն էր: Մեր դիրքը լեռնային բարձր տեղանքում էր: Մի օր մեր գլխավերևով «Բայրաքթար» անցավ ու սկսեց ռումբեր արձակել: Աչքերս փակեցի. մտքովս անցնում էր՝ «Այսքան քի՞չ պիտի ապրեի…»: Չգիտեմ նույնիսկ՝ ինչո՞ւ էի փակել աչքերս. դա ինձ հաստատ օգուտ չէր տալու: Արկերից մեկն ընկավ ինձնից մի քանի մետր հեռավորության վրա ու… չպայթեց: Եթե պայթեր, մահը անխուսափելի էր լինելու: Խրվեց փափուկ հողի մեջ ու լռեց:
Հադրութից հետո Արցախի տարբեր գյուղերում էինք կռվում: Նոյեմբերի սկզբին Մարտունիում էինք, երբ ստացանք հրադադարի լուրը…
Եռաբլուրը… Իմ շատ ընկերների, ծանոթների շիրիմներն այնտեղ են: Այնտեղ է մանկությանս ընկերս՝ Հրաչյա Գաբրիելյանը… Նրանից շուտ էի ծառայության անցել: Այնպես եղավ, որ նա մեր զորամաս եկավ ծառայության: Ես պետք է 6 ամսից զորացրվեի, իսկ նա նոր էր ծառայության անցել: Այդ ժամանակ դեռ ոչ մեկիս մտքով չէր անցնի, թե ինչ է լինելու: Պատերազմից երկու օր առաջ տեսա, որ նրա համազգեստը մաշվել է, նոր համազգեստ նվիրեցի: Հաջորդ օրը ճաշարանում նրան տեսա նոր համազգեստը հագին, գոհ-գոհ շրջում էր. «Սազում է, չէ՞»: Հաջորդ օրը կռիվն սկսվեց… Վերջին անգամ նրան տեսա Հադրութի դպրոցում: Լսել եմ, որ Ֆիզուլու շրջանում է զոհվել: Նրան ճանաչելով՝ վստահ եմ, որ լավ է կռվել… Պատերազմից հետո 7-8 ամիս սպասել ենք, հույս ունեցել, հուսախաբ եղել, ու ի վերջո նրան գտան ու նույնականացրին…
Հաճախ ինձ հարցնում են. «Ինչո՞ւ պարտվեցինք: Արդյո՞ք անխուսափելի էր այն, ինչ եղավ»: Առայժմ ձեռնպահ եմ մնում պատասխանելուց…
Սպարապետ Վազգենը մի շատ ճիշտ խոսք ուներ: Ասում էր. «Ամենավատ բանն անտարբերությունն է»: Այսօր մեզնից յուրաքանչյուրը գլուխը կախ պետք է անի իր գործը, անի նվիրումով ու գիտակցված: Չի՛ կարելի էժանագին քարոզներով զբաղվել, սրան-նրան պարսավել: Մենք պետք է գիտակցենք, որ մեր ուժը մեր գիտելիքն է: Մենք պետք է ներքին պայքար ունենանք՝ չհանձնվելու պայքար: Մեզնից յուրաքանչյուրը, անկախ մասնագիտությունից, պետք է գիտակցի, որ հենց ինքն է այն մարդը, ումից կախված է մեր հաջողությունը, մեր ազգի ապագան:
Ես հիմա շատ լավ մարտական ընկերներ ունեմ, նաև՝ վիրավոր, որ մինչև այսօր դեռ չեն կազդուրվել: Հաշմանդամության կարգ ունեցող ընկերներ ունեմ, որոնց կյանքը պայքարի է վերածվել: Պատերազմից հետո մեր կյանքը շատ է փոխվել: Իսկ նրանց, որ հիմա երկնքում են, պետք է փորձենք արժանի լինել: Սփոփանք եմ համարում այն, որ կարողացանք մեր դարպասը կանգուն պահել: Լուսավոր միայն մի՛ բան կա ինձ համար պատերազմից հետո. ըստ վիճակագրության՝ մեր ծննդատներում այժմ կրկնակի շատ տղաներ են ծնվում:
Զրույցի վերջում հետաքրքրվում եմ Սահակից. ի՞նչ մտքեր, ի՞նչ ծրագրեր ունի պատերազմից հետո: Երիտասարդը վստահ է՝ զինծառայությունից հետո էլ Հայրենիքին ծառայությունը երբեք չպետք է ավարտվի: Հետպատերազմյան դժվար ժամանակներում նա հստակ գիտի իր անելիքը.
-Ուզում եմ դասախոս դառնալ: Ես ուրախ կլինեմ անգամ, եթե ինչ-որ գյուղում ուսուցիչ լինեմ: Ուսուցչինը աստվածահաճո գործ է: Դպրոցից ու ընտանիքից է սկսվում արժանապատիվ, գիտակից, պատասխանատու մարդու ձևավորումը: Հաճախ եմ լսում՝ «Ի՞նչ դասախոս, մտքիցդ հանի՛ր: Այդ գործով նորմալ փող չես աշխատի»: Ավելի լավ է՝ բարձր աշխատավարձ չստանամ, բայց իմանամ, որ օգտակար եմ լինելու երկրիս: Ես չեմ կարող մի ուրիշ երկիր գնալ, իմ անձնական շահը հետապնդել ու հետո ասել. «Վա՜յ, էս ի՞նչ եկավ իմ երկրի գլխին»: Մենք ամեն մեկս մեր չափով պետք է արժևորենք, հասկանանք մեր երկրի վիճակը, չհանձնվենք ու անվերջ պայքարենք…
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #51 (1422) 29.12.2021 - 4.01.2022, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում