ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔԵՐ
Ուշ երեկոյան բարձրանում ենք առաջնագիծ։ Ջերմաստիճանը 0-ից ցածր է: Սակայն ձմռան շունչն ու սաստիկ ցուրտը հակադարձ համեմատական են դիրքերում տիրող «եղանակին» ու տրամադրությանը։ Մթնոլորտը ջերմ է, տրամադրությունը՝ նախատոնական, ինչը սակայն չի խանգարում, որ դիրքապահները մարտական հերթապահությունն իրականացնեն ուժեղացված ռեժիմով և առավելագույն զգոնությամբ՝ աչքի լույսի պես պահելով ու պաշտպանելով իրենց վստահված մարտական բնագիծը։
-Ծառայությունն ընթանում է բնականոն հունով, հրադադարի խախտումներ չկան, ամեն վայրկյան հետևում ենք թշնամու գործողություններին ու շարժին: Բոլորը թող հանգիստ լինեն. սահմանը հուսալի և ապահով ձեռքերում է,- խոսքի վստահ առոգանությամբ ասում է դիրքի ավագ Գարուշ Ստեփանյանը:
Դիրքում հերթափոխի ժամն է։ Դիտորդները կատարում են իրենց խնդիրը, իսկ մենք զրուցում ենք հանգստացող անձնակազմի հետ։ Շարքային Սամվել Ասրյանը դիրքի բուժակն է և շուտով կավարտի ժամկետային ծառայությունը։ Սա նրա վերջին մարտական հերթափոխն է. Ամանորից հետո հրաժեշտ կտա բանակային կյանքին։
-Երկու տարի բարեխղճորեն ծառայել եմ Հայրենիքիս, սահման եմ պահել ու այս Ամանորն էլ դիմավորելու եմ առաջնագծում: Ուզում եմ շնորհավորել մեր հայրենակիցներին գալիք տոների կապակցությամբ: Հպարտ եմ, որ սահման պահողներից մեկն էլ ես եմ և այդ տրամադրությամբ էլ շուտով կավարտեմ ծառայությունս,- ասում է շարքային Ասրյանը:
Կրտսեր սերժանտ Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ դիրքն ամուր է, եթե դիրքում կա համերաշխություն, փոխըմբռնում, միմյանց օգնելու, կողքինի հոգսը կիսելու պատրաստակամություն: Նա կարևորում է նաև զինվորական գործի իմացությունը, զենքին տիրապետելու հմտությունները:
-Եթե լավ գիտես անելիքդ, եթե տիրապետում ես զենքիդ, քեզ առավել պաշտպանված ես զգում ու առավել ինքնավստահությամբ ես պաշտպանում սահմանը,- ասում է նա ու հավելում, որ դիրքում բոլորն էլ տիրապետում են իրենց զինվորական մասնագիտությանը, պատրաստ են հետ մղել թշնամու յուրաքանչյուր ոտնձգություն ու անխախտ պահել Հայրենիքի սահմանները:
Շարքային Ավետիք Թովմասյանի ամենամեծ ձեռքբերումը բանակում զինակից ընկերներն են: Նա կարող է անվերջ խոսել մարտական ընկերության մասին, այն բնութագրել ամենագեղեցիկ բառերով՝ անձնազոհ, հավատարիմ, հարազատ…
-Երբ իսկական մարտական ընկերներ են թիկունքիդ, բոլոր դժվարությունները դառնում են հաղթահարելի, քաջությունդ բազմապատկվում է, պատրաստ ես լինում ցանկացած հերոսության,- ասում է շարքայինը:- Չեմ տխրում, որ Ամանորը դիմավորելու եմ ընտանիքից հեռու, որովհետև դիրքապահների ընտանիքը նույնքան հարազատ է ու ջերմ…
-Բոլորն էլ փորձառու, հոգու կորովով ու ֆիզիկական բարձր հատկանիշներով օժտված տղաներ են և օրեցօր կատարելագործում են դիրքապահի իրենց հմտությունները: Հատուկ ուզում եմ նշել, որ իմ հրամանատարությամբ գործող ստորաբաժանումում զինվորական կարգապահությունը բարձր մակարդակի վրա է,- ասում է վաշտի հրամանատար, կապիտան Գառնիկ Ավետիսյանը:
Առաջնագծում, Հայրենիքի պաշտպանության դիրքերում, մեկ մարդու պես, հավատով ու անսասան կամքով, մարտական բարձր ոգով կանգնած են մեր ժողովրդի արժանավոր զավակները… Մենք դիրքերից հեռանում ենք՝ տղաներին բարի ծառայություն մաղթելով և օրվա ակնթարթներն ու տպավորությունները ամբողջացնելով նրանց հետ լուսանկարում։
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ,
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Խորագիր՝ #51 (1422) 29.12.2021 - 4.01.2022, Ազգային բանակ