ՄԻԱՍԻՆ ԵՆՔ…
ՎԱՐՈՒԺԱՆ ԽԱՍՏՈՒՐ
Եվ մայրամուտը վշտահար լողա,
Աստղացոլքերի բույլերում անշեջ
Ընկած տղերքի լույսը ցոլցլա,
Կիջնի կարոտի մի տաք ելևէջ,
Եվ սիրտդ անհուն ցավից կդողա,-
Շշնջա՝ միասին ենք…
Երբ ընկերոջ հետ սեղանի նստես,
Կամ ինչ-որ պատեհ խնջույքի գնաս,
Ամեն մի հայի նայիր եղբոր պես,
Հիշի՛ր, քո մեջ էլ արյունն է նրա,
«Հայր մերից» առաջ երբ հացդ կտրես,
Որ աղոթքը քո լիաշունչ դառնա,-
Շշնջա՝ միասին ենք…
Երբ որ կամենաս Աստված հասնի քեզ
Եվ իր երկնային օրհնությունը տա,
Քո մերձավորին ներիր՝ ինչպես քեզ,
Ինքնամաքրման հնար տուր նրան,
Աչքերին նայիր գորովով ի տես
Եվ ջերմ բարության հույսով ամենա,-
Շշնջա՝ միասին ենք…
Եթե ուզում ես չարիքն այս անցնի,
Ազգակործանման աղետը գնա,
Հուսահատության խարանը մաքրիր,
Քո հավատուժին վերահաս մնա,
Երկաթից ամուր կամքդ հավաքիր,
Որ դավանանքդ կրկին վեհանա,-
Շշնջա՝ միասին ենք…
Երբ արշալույսին Մասիսը տեսնես,
Արտավազդ արքան վիհից դուրս կգա,
Ու վաղորդայնը կդառնա հանդես,
Ասքեր կպատմի հավերժամնա,
Հաղթաբռունցքդ սեղմիր հրակեզ՝
Անսասան փառքի ոգով Նաիրյան,-
Շշնջա՝ միասին ենք…
Միասին ենք, միասին ենք…
Խորագիր՝ #51 (1422) 29.12.2021 - 4.01.2022, Հոգևոր-մշակութային