«ՆԿԱՐԵԼ ԵՄ ԱՍՏԾՈՒՆ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԳԵՎԻ»
ՀՀ ՊՆ Ձմեռ պապին՝ զեկուցագիր նամակ.
Ձեզ եմ ուղարկում 2022 թվականի իմ ցանկությունները. ինքնաձիգ ԱԿՄ, կապի միջոցներ, խաղաղություն:
Զեկուցող՝ Նարեկ Հովսեփյան
Նամակը ձեռքում պինդ պահած տասնամյա Նարեկը եկել էր պաշտպանության նախարարություն: Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ պաշտպանության նախարարություն: Հարցի պատասխանն էլ հենց այս պատմության առանցքն է, որն սկիզբ է առնում Նարեկի ցանկություններն իր մեջ ամփոփող նամակ-զեկուցագրի բովանդակությունից:
Նամակում նշված երեք կետերին տեղում ևս մեկն ավելացավ. Նարեկի խնդրանքով ու ցանկությամբ նրան ներկայացրինք «Զինուժ» հաղորդաշարի պատրաստման ընթացքը, նկարահանման տաղավարները, պատասխանեցինք զինվորական դառնալու մեծ երազանք ունեցող տղեկի հարցերին:
Նարեկի խոսքով՝ նամակը գրելու միտքը ծնվել է հանկարծակի, երբ վերջերս դպրոցից տուն վերադառնալիս լսել է իրենց բնակավայրի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցների ձայնը, իսկ համացանցում էլ աչքով են ընկել այդ մասին տեսանյութերն ու հրապարակումները։
Ի դեպ, պատահական չէ նաև Աստծո պատկերով նամակի ու ծրարի նկարազարդումը։
-Նկարել եմ Աստծուն, որ մեր երկրին խաղաղություն պարգևի,- ասաց Նարեկը:
Պաշտպանության նախարարությունում Նարեկը հանդիպեց նախարար Սուրեն Պապիկյանին: Ընդունելով սահմանամերձ բնակավայրի փոքրիկ բնակչին՝ նախարարն ասաց.
-Նարե՛կ ջան, շատ կարևոր է, որ մենք բոլորս՝ մեր Հայրենիքի զինվորներս ապահովենք մեր երկրի խաղաղությունը, տարածաշրջանի խաղաղությունը: Քո նամակի՝ ինքնաձիգի, կապի միջոցների և ամենակարևորը՝ խաղաղության անհրաժեշտությունը շատ կարևոր ուղերձ է բոլորիս, և մենք հաշվի առնելով քո սրտի ցանկությունը՝ կազմակերպեցինք այս հանդիպումը:
Իսկական ինքնաձիգն ու ռազմական կապի միջոցները՝ հասուն տարիքում, իսկ Ամանորի առթիվ մենք քեզ կնվիրենք պլանշետ և զինվորական համազգեստ։
-Չգիտեի, որ կհանդիպեմ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որ հանդիպումն այսքան լավ կանցնի, շատ ուրախ կանցնի,- ասաց փոքրիկ զինվորը:
Ուրախ տրամադրությամբ ու ոգևորությամբ էլ Նարեկը հեռացավ պաշտպանության նախարարությունից՝ մի օր հաստատ իր երազանքը ի կատար ածելու՝ ուսադիրներով զինվորական համազգեստ կրելու և Հայրենիքի պաշտպան դառնալու վստահությամբ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Լուսանկարները՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Խորագիր՝ #51 (1422) 29.12.2021 - 4.01.2022, Բանակ և հասարակություն, Նորություններ, Ուշադրության կենտրոնում