Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԸ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ Է



ԲԱՆԱԿԸ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ԷԱրմեն ու Հովհաննես Աբրահամյանները եղբայրներ են: Երկուսն էլ դպրոցը ավարտել են գերազանցությամբ: Երկուսն էլ ընդունվել են ճարտարագիտական համալսարան: Այժմ Հովհաննես Աբրահամյանը «Պատիվ ունեմ» ծրագրով սովորում է նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, իսկ Արմենը ավարտել է ծառայությունը ուսումնական զորամասում, ստացել է կապավորի զինվորական մասնագիտություն և պատրաստվում է մեկնել մշտական ծառայության վայր:

Արմենը, հրամանատարների բնութագրմամբ, զորամասի լավագույն զինվորներից է: Կարգապահ է, բանիմաց, պատասխանատու: Լավագույնս տիրապետում է իր զինվորական մասնագիտությանը: Լավ ընկեր է, դրական ազդեցություն է ունենում զինվորական կոլեկտիվում միջանձնային հարաբերությունների վրա: Բացի այդ, նա նպատակ ունի անօդաչու թռչող սարք ստեղծել ճարտարագիտական համալսարանի ռոբոտատեխնիկա և մեխատրոնիա ֆակուլտետը ավարտելուց հետո:

Ես պիտի զրուցեմ Արմենի հետ: Նրան խնդրել եմ պատմել իր կենսագրությունը, ու այսքան խոստումնալից տեղեկություններից հետո, բնականաբար, սպասում եմ ոգեշունչ զրույցի: Արմենը պատմում է:

-Ես ու եղբայրս շատ չար էինք մանկության տարիներին: Հովհաննեսը ինձնից 2 տարով մեծ էր, բայց ես ավելի բարձրահասակ ու պնդակազմ էի, և կռիվների ժամանակ տեղը տեղին ծեծում էինք իրար: Առհասարակ, մենք շատ տարբեր էինք. ինչ ես էի սիրում, Հովհաննեսի սրտով չէր, ինչ իրեն էր դուր գալիս, ես չէի հավանում: Մի խոսքով…

Ես ակամա ժպտում եմ տղայի անկեղծության վրա, այնպիսի ոգևորությամբ է պատմում, որ թվում է` մինչև զրույցի վերջ խոսելու է իր ու եղբոր «հակամարտությունից»: Փորձում եմ փոխել զույցի թեման:

-Փաստորեն, երկուսդ էլ գերազանցությամբ եք ավարտել դպրոցը: Հավանաբար, օրինակելի վարք եք ունեցել, պարտաճանաչ և ուսումնասեր եք եղել:

-Եղբորս մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց ես հավասարապես չեմ սիրել բոլոր առարկաները և սովորել եմ միայն ծնողներիս գոհացնելու համար: Ոչ մի նախասիրություն, ոչ մի երազանք չեմ ունեցել մինչև տասներկուերորդ դասարան:

Ես անջատում եմ ձայնագրիչը:

-Դիտմա՞մբ ես անում,- հարցնում եմ,- ես քո պատմածը ո՞նց հոդված դարձնեմ:

-Ուղղակի ճիշտն եմ պատմում,- պատասխանում է:- Դուք ասացիք՝ պիտի անկեղծորեն զրուցենք: Ասեիք՝ պիտի սիրուն-խելոք բաներ ասեմ…

Ես նորից միացնում եմ ձայնագրիչը:

-Կա՞ր մի բան, որ դու հաճույքով էիր անում:

-Կար: Հաճույքով ժամանակ էի անցկացնում ընկերներիս հետ, համակարգչային խաղեր էի խաղում, հրաձգությամբ էի զբաղվում:

-Բա ասում ես՝ նախասիրություն չունեի:

-Իսկական նախասիրությունը եկավ 12-րդ դասարանում, երբ ես տարվեցի ռոբոտներով ու որոշեցի, որ ապագաս պիտի կապեմ ռոբոտաշինության հետ: Առանց երկմտելու ընտրեցի ապագա մասնագիտությունս՝ ընդունվեցի Ճարտարագիտական համալսարանի ռոբոտատեխնիկայի ու մեխատրոնիայի բաժին:

Զինվորը 12-րդ դասարանում էր սովորում, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Ենթադրում եմ, որ հենց պատերազմն է պատճառ դարձել, որ Արմենը հետաքրքրվի ռոբոտատեխնիկայով: Զինվորը չի հերքում:

-Պատերազմը յուրաքանչյուր հայի սրտի միջով անցավ,-ասում է նա,- կարևոր չէ՝ դու այդ ժամանակ զենքը ձեռքիդ կռվո՞ւմ էիր, նստած էիր դպրոցական նստարանի՞ն, թե՞ արտերկրում էիր: Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր հայ այս պատերազմը ապրեց մինչև հոգու խորքը: 21-րդ դարի պատերազմներում իրար դեմ մարտնչում են հեռակառավարվող զենքերը: Այսինքն՝ միմյանց դեմ պայքարում են ինտելեկտը, մարդկային միտքը, գիտությունը:

Զրույցը որտեղից ուր հասավ՝ մտածում եմ ես: Այսինքն՝ մարդուն ընդամենը պետք է, այսպես ասած, խթան, դրդապատճառ: Ու նրա երազանքները կարող են անհավանական բարձր թռչել:

-Շուտով ծառայությունս կշարունակեմ որպես կրտսեր հրամանատար,- շարունակում է Արմենը:- Նրանց կփոխանցեմ մասնագիտական գիտելիքներս, կջանամ լինել օրինավոր, կարգապահ, հոգատար հրամանատար: Այսինքն՝ այնպիսին, ինչպիսին իմ հրամատարներն են ուսումնական զորամասում:

-Քեզ դո՞ւր է գալիս բանակի առօրյան, այսպես ասած՝ հրամանով ապրելը,- ասում եմ ու անմիջապես զղջում. հազիվ զրույցը ճիշտ հուն էր մտել:

-Չէ՛, հրամանով ապրելը ինձ դուր չի գալիս, բայց բանակը զվարճանքի վայր չէ, բանակում կարգուկանոն է պետք: Բանակը կարգապահության խորհրդանիշ է,- ասում է զինվոր Արմեն Աբրահամյանն ու հանգամանալի բացատրում,- զորքը կառույց է, բազմադետալ մեխանիզմ, որը պետք է ներդաշնակ ու անխափան աշխատի: Բանակում կա կանոնագիրք, որն էլ հենց սահմանում ու ուղղորդում է բանակային առօրյան: Քո ցանկություններն ու նախասիրությունները պիտի թողնես դրսում ու ապրես բանակի օրենքներով:

Զինվորի ձայնի մեջ եռանդ, խանդավառություն կա: Ես վստահ եմ, որ նա լավ հրամանատար կդառնա: Որ հեռակառավորվող զենքերի հանդեպ նրա հետաքրքրությունը պտուղներ կտա: Ես հավատում եմ զինվոր Արմեն Աբրահամյանին: Հավատում եմ անօդաչու թռչող սարք ստեղծելու նրա մեծ ցանկությանը: Հավատում եմ Հայաստանի ապագային, որը Արմենի նման զինվորներն են կառուցելու:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #01 (1423) 12.01.2022 - 18.01.2022, Ազգային բանակ


13/01/2022