Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԱՆՈՐԻ ՄԵՐ ԳԱԹԱՆ



ԱՄԱՆՈՐԻ ՄԵՐ ԳԱԹԱՆԱփսոս, որ դուք չեք ճաշակելու իմ մանկության Ամանորի գաթաները, որ թխում էր մայրս, թխում էին գյուղի բոլոր մայրերը` միանման, իրարից համարյա ոչնչով չտարբերվող. այդ գաթաները կտրատված էին թիթեղյա ձեւավոր դանակով, որի պատճառով ունեին ալիքավոր եզրեր, երեսները կարմիր-կարմիր էին` գաթանխշիկով նախշած, խորիզը վանիլի բուրմունքով… Մեզ` փոքրերիս համար Ամանոր առաջին հերթին նշանակում էր հանդիպում` անմոռաց, ջերմ, սպասված…

Ամանորի գաթան այդ ժամանակներում թխվում էր թոնրում, կլոր, մեծ կախկալների վրա, որոնցից մենակ Շահինյան Արշոն ուներ։ Դրանք երեքն էին, եւ գյուղը դեկտեմբերի կեսերից հերթագրվում էր կախկալները մի քանի ժամով տանելու համար։ Կախկալները կլոր, սիրուն սկուտեղներ էին` երկաթալարերով ամրացված։ Աստված գիտեր, թե Շահինյան Արշոն որ աշխարհից էր ճարել-բերել այդ հրաշալիքները։ Մինչեւ այդ կախկալների հայտնվելը, գաթան թխվում էր թոնրի կողին, բոքոնի նման, հիմա արդեն դա համարվում էր հետամնացություն, եւ Ամանորի շեմին ում բախտը չժպտար, կախկալներից չկարողանար օգտվել, ստիպված պիտի թխեր ավանդական եղանակով, որն էլ առաջ էր բերում տան երեխաների դառնահեծ լացն ու կոծը։

Ուրեմն ասացի` Շահինյան Արշոյի կախկալները երեքն էին, երեք քույրերի նման, որոնք դեկտեմբեր ամսի կեսերից սկսած մեր` երեխաներիս ձեռքերին նազենազ անցնում-դառնում էին գյուղի փողոցներով։

Հունվարի մեկից հետո կախկալները մոռացվում էին իսպառ, էլ հիշող չկար, մինչեւ գար հաջորդ դեկտեմբերը։ Շահինյան Արշոն դրանից նեղսրտում էր. «Երախտամոռ մարդիկ,- ասում էր` կախկալները սրբելով ու պարկերի մեջ թաքցնելով,- էլի դեկտեմբերը կգա, չէ՞, կգաք, կշարվեք դռանը։ Բա ամբողջ տարին մի անգամ գոնե չհարցնե՞ք` կախկալները ո՞նց են…

Սեփական կախկալներ ունենալու տենչը շատերին էր համակել գյուղում։ Մարդիկ հեռու-մոտիկ քաղաքներում շատ էին  հարցուփորձ արել ճարելու, բայց` ապարդյուն։ Էլի ամիսներն անցնում էին, դեկտեմբերին գնում շարվում էին Շահինյան Արշոյի դռանը… Իսկ վերջինս դարձած գյուղի ամենակարեւոր պերսոնը, պարկերի միջից հանում էր նրբագեղ  կախկալները, աչքի տակով զննում բակում խռնվող մեծերին ու փոքրերին ու հանգիստ ասում.

-Հերթ պահեք, հերթ…

Մի տարի, ամռան կեսին հայրս դաշտից տուն եկավ ինչ-որ մետաղյա սկավառակների ծանրության տակ ճկռած։

-Էս ի՞նչ է,- հարցրեց մայրս։

-Կախկալ,- ասաց հայրս։

Եկող-գնացող գյուղերից կարծիք հայտնեցին, որ դրանք մեր գյուղի ամայուտներում շուտ-շուտ ընթացող զորավարժություններից մնացած տեխնիկայի մասեր են։

-Տանկի կլինեն,- ասաց մեկը։

-Չէ՛, ավելի շուտ թնդանոթի են,- հաստատեց երկրորդը։

-Ո՛չ տանկի են, ո՛չ թնդանոթի,- հակադրվեց երրորդը, որը բոլորից շատ էր ծառայել բանակում,- սրանց վրա նստում են հրթիռները, չե՞ք տեսնում անցքերը, դրանցով էլ ամրանում են…

-Կախկալ են,-  գոռալով սահմանափակեց հայրս։

Հետո նա գլորեց այդ անհայտ ծագման սկավառակները, տարավ բակի մի անկյուն եւ մի ամբողջ օր զբաղվեց դրանց եզրերի անցքերը բացելով՝ երկաթալարի կախիչները ամրացնելու համար, ապա պահեց օջախի կրակին, վրայի տոլը վառեց, պսպղուն կախկալները տարավ պահեց հացատանը` երջանիկ դեկտեմբեր ունենալու ակնկալությամբ։

Մայրս պտտվեց հորս ստեղծագործության շուրջ, ոչ էն է ուրախ, ոչ էն է տրտում, ասաց.

-Կախկալ է, բան չունեմ ասելու, բայց ամեն մեկը մի փուտ է, ո՞վ կարող է տեղից շարժել։

-Ես,- ասաց հայրս,- տարին մի անգամ չի՞։ Էրեխեն հո էլ չի չափչփի գյուղով մեկ Շահինյան Արշոյի կախկալների հետեւից։ Պետք է` հարեւաններն էլ կօգտվեն։

Եկավ ըղձալի դեկտեմբերը։

-Չթխե՞նք գաթան,- դեկտեմբերի կեսերին հարցրեց մայրս։

-Ի՞նչ կա շտապելու,- ասաց հայրս,- կախկալները տնից են…

Դեկտեմբերի նախավերջին օրը մայրս ամենամոտիկ հարեւանուհու հետ վառեց թոնիրը։ Հայրս նկուղից հեւոցով կախկալները քարշ տվեց դուրս, տակն ու վրան մի լավ սրբեց։ Մենք տնով-տեղով, մեր մոտիկ հարեւանուհին էլ հետներս, անչափ հպարտ էինք, ապահով, համարյա երջանիկ, որ Շահինյան Արշոյից անկախացել ենք, մինչդեռ ամբողջ գյուղը առաջվա պես վազ է տալիս նրա կախկալների հետեւից…

Վերջապես թոնրի բոցը նստեց, մարմրող լեզվակների տակից հուրհրատում էր բարկ կրակը։

-Ժամանակն է,- հրահանգեց հայրս։

Մայրս ու մեր մոտիկ հարեւանուհին ձեւավոր կտրտված խմորի նախշուն շերտիկները գորովանքով շարեցին կախկալների վրա, ձվի դեղնուցը քսեցին երեսներին ու ասացին` տա Աստված։

Հայրս մեջտեղ հանելով իր զորեղ ուժը, կախկալները իջեցրեց թոնրի մեջ, փակեց բերանը…

Մինչ գաթան թխվում էր թոնրում, եկան մի քանի կանայք, անվստահ շարվեցին թոնրատան դիմաց։ Նրանց մտքինը կախկալներից օգտվելն էր։ Մի քանի ժամով տանեին, եթե իհարկե, մենք դեմ չէինք։

-Վայ, ամոթ չէ՞,- ասաց մայրս,- էս է, մենք կվերջացնենք, տարեք, օգտագործեք, հո մենակ մե՞րը չեն կախկալները։

Հայրս հպարտ-հպարտ գնում-գալիս էր թոնրատան առջեւով։

Սպասման երանությամբ լի րոպեներն անցան, մայրս բացեց թոնրի բերանը, հայրս շիկացած անդունդից դուրս քաշեց կախկալները։

Գաթաները շողշողում էին, աննման բույրով լցնում շրջակայքը։

-Ինչ լավ է ստացվել,- ասաց մայրս։

-Շահինյան Արշոյի կախկալներից լավն են սրանք,- ասաց մեր մոտիկ հարեւանուհին։

Մյուս կանայք լռելյայն համաձայնեցին։ Մայրս հորդորում էր հավաքվածներին` համտես անել գաթայից։ Առաջինը փորձեց մեր մոտիկ հարեւանուհին ու նույն վայրկյանին իսկ բերանն անշարժացավ.

-Էս ի՞նչ համ է,- ասաց նա,- ոնց որ տավութ քսված լինի վրան։

-Գժվեցի՞ր, աղջի՛,- ասաց մայրս ու ինքն էլ փորձեց։ -Հա, էլի… Ախր, էդքան էլ շփեցինք, մաքրեցինք անտերները։ Կրակին էլ դրեցինք, ուրեմն տավութը քաշած է եղել երկաթի ջանը…

-Ի՞նչ ես խոսում, է,- որոտընդոստ առաջ եկավ հայրս,- հլա դեսը տուր մի կտոր։

Նա լեզվին տարավ գաթայի փշրանքն ու դեմքը տհաճությունից ծամածռեց։ Նույնը արեցին շարված կանայք ու տրտմագին հեռացան։

-Ափսոս, խմորս փչացավ,- մայրս խփեց ծնկներին։

-Գնամ Շահինյան Արշոյի կախկալների հետեւից,- ասաց մեր մոտիկ հարեւանուհին…

Մայրս ախ ու վախով ելավ նոր խմոր շաղելու, հետն էլ տրտնջալով` էսքան գաթան ի՞նչ ենք անելու, կովերին որ տանք, տեսնես կուտե՞ն… Վախենամ` չուտեն։

Հայրս մնաց նստած ռազմական տեխնիկայի անծանոթ մասերի մոտ, որոնք կախկալ չդարձան… Մայրս Ամանորի գաթան թխեց թոնրի կողին։ Ես շատ-շատ տխրեցի, նույնիսկ լաց եղա, բայց դե ի՞նչ… Մեկ օր անց Ամանորի սեղանի մոտ  հայրս ասաց.

-Կրակի վրա քիչ պահեցի… Յուղը լրիվ դուրս չտվեց… Եկող տարի կտեսնեք, թե ինչ կախկալ կդառնան դրանք։

-Եսիմ,  կդառնա՞ն,- տարակուսեց մայրս։

-Խելոք են, կդառնան,- հաստատ ասաց հայրս։

 

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #01 (1423) 12.01.2022 - 18.01.2022, Հոգևոր-մշակութային


13/01/2022