Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՁԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԵՆՔ ԴՆԵԼՈՒ



Օրերս Բերդավան գյուղում բացվեց Արցախյան ազատամարտի տարիներին, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների հիշատակը հավերժացնող  հուշահամալիրը, որի նախաձեռնողն ու իրականացնողը «Բերդավան» հիմնադրամն է:

Հուշահամալիրի բացման արարողությանը ներկա էին Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, զորամասի հրամանատար Վաչե Դավոյանը, Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը: Հուշահամալիրի օրհնության կարգը կատարեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Հուշահամալիրի բացման իրավունքը տրվեց զոհված հերոսների՝ մայոր Սարգիս Նավասարդյանի եւ ավագ լեյտենանտ Գարիկ Ղուշչյանի որդիներին՝ Արեն Նավասարդյանին եւ Վահագն Ղուշչյանին։ Սրբազան հոր ուղեկցությամբ հերոս քաջորդիների ընտանիքի անդամները մասնակցեցին խաչքարերի օրհնության և օծման արարողությանը։ Հերոսներին ուղղված իրենց սրտի խոսքն ասացին «Բերդավան» հիմնադրամի տնօրեն Մարտին Մարալչյանը, Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, հայ ժողովրդական երգերի մեկնաբան, Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո), համագյուղացի, «Ողջերից առավել» գրքի հեղինակ Նվարդ Չիլինգարյանը: Միջոցառման վերջում ներկաները ծաղիկներ խոնարհեցին հերոսների հիշատակին։

Միջոցառումը խոնարհում էր, լույս ու խնկարկում էր, հույս ու հուսադրում էր…

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լուսանկարները՝ «Բերդավան» հիմնադրամի

Խորագիր՝ #01 (1423) 12.01.2022 - 18.01.2022, Ճակատագրեր


13/01/2022