Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱԿԱՆ ՀՐԹԻՌՆԵՐՆ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԱՄՆ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ



ՌԴ ԶՈՒ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կարակաևը հայտարարել է, թե վերջին տարիներին իրականացված փորձարկումները վկայում են, որ ռուսական հրթիռաշինարարներին հաջողվել է կրող հրթիռի արձակումից մինչև մարտագլխիկների անջատումն ընկած ժամանակահատվածի տևողությունն էապես կրճատելու և ակտիվ մանևրելու ունակությունների մշակման շնորհիվ ռուսական նոր սերնդի «Յարս», «Տոպոլ-Մ» և «Բուլավա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներն իրենց թռիչքի ուղեգծի բոլոր հատվածներում անհասանելի դարձնել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի համար:

Գեներալը նաև հայտնել է, որ զորատեսակի սպառազինությունում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակման 350 կայանքներից 86-ն արդեն այս տարեվերջին կլինեն նոր սերնդի «Յարս», և «Տոպոլ-Մ» կայանքներ: Նրանց թիվը 2016-ին կհասնի 60 տոկոսի, իսկ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հարվածային խմբավորումը 2021 թվականին 98 տոկոսով կազմված կլինի նոր սերնդի հրթիռային համալիրներից: Միաժամանակ կերկարացվեն նաև «Վոեվոդա», «Ստիլետ» և «Տոպոլ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների շահագործման ժամկետները, իսկ զորատեսակի հրամանատարական կետերը շուտով կստանան նորագույն՝ չորրորդ սերնդի մարտական ղեկավարման ավտոմատացված համակարգեր:

Սկսվել են նաև 100 տոննանոց նոր և հեղուկ վառելիքով աշխատող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի մշակման աշխատանքները: Այն կոչված է փոխարինելու նշանավոր «Վոյեվոդաներին», որոնք Արևմուտքում հայտնի են «Սատանա» անունով, և պետք է անորսալի լինի ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության հեռանկարային համակարգերի, այդ թվում և տիեզերական հարվածային միջոցների համար:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական


19/12/2011