ԵՐԿՐԻ ՈՒԺԸ ԶԻՆՎՈՐՆ Է
Հայրս լավ արհեստավոր էր, նրան ամբողջ շրջանն էր ճանաչում. «Ոսկի ձեռքեր ունի»,- ասում էին հորս մասին։ Հայրս ապակեգործ էր, ինձ հաճախ էր տանում արհեստանոց։ Հրաշք էր անում. հրաշեկ բոցի մեջ հալչող գնդերը դառնում էին լույսի պես թափանցիկ, մաքուր ու փայլուն իրեր՝ սափոր, ծաղկաման, բաժակ… Հայրս ապակուց խաղալիքներ էր պատրաստում ինձ համար, փչում էր խողովակի մեջ, եւ ծայրից կախված փափուկ ապակու գունդը դառնում էր նապաստակ, արջուկ կամ կոկորդիլոս։ Հայրս չկա, բայց նրա պատրաստած իրերը թանկ ու սուրբ մասունքների նման զարդարում են մեր տունը։ Հիմա, երբ ինքս էլ ապակեգործ եմ ու արդեն մասնագետի աչքերով զննում եմ հորս պատրաստած իրերը, հասկանում եմ, որ հայրս ոչ միայն հմուտ ձեռքեր ուներ, այլ նաեւ՝ նուրբ ճաշակ, գեղեցիկի ու ներդաշնակի բացառիկ զգացողություն։ Հայրս մշեցի էր, ծնվել էր Լիբանանում։ Ծնողների ու երկու եղբայրների հետ Հայաստան էր եկել 48-ին։ Ես շատ հետո իմացա, որ հայրս Մուշը չի տեսել եւ իրենց ապակեգործական արհեստանոցի ու այնտեղ աշխատող ճանաչված վարպետների մասին պատմությունները լսել է Թովմաս պապից։ Թովմաս պապը մահացել է Լիբանանում, նրանից խունացած լուսանկարներ են մնացել, մի մեծ ապակե դաշույն ու ապակեգործության հանդեպ ժառանգական սերը, որ փոխանցվում է սերնդեսերունդ։ Մուշը հորս պաշտամունքն էր, հետաքրքրվում ու որտեղ մի մշեցի էր գտնում, բարեկամանում էր հետը, այցելում էին իրար, հրավիրում կնունք-հարսանիքի։ Հայրս անունով մարդ էր, շատ ընկերներ ուներ, որոնց ամի՝ «հորեղբայր» էի կոչում։ «Չէ» ասել չգիտեր՝ հորս մասին ասում էր մայրս, շատ խաթրաշահ էր, օգնում էր ծանոթ-անծանոթի։ Ես հիշում եմ երկրաշարժի օրերը, մեր տանը երեք ընտանիք էր պատսպարվել, ես երեք նոր «ամի» ունեի, նրանցից մեկը այդպես էլ մնաց մեր գյուղում, հողամաս վերցրեց, տուն սարքեց։
Մարդն ապրում է, քանի դեռ ապրում են նրա մասին հիշողությունները, քանի դեռ սիրով ու օրհնանքով են հիշում նրան։ Երեւանում հյուրընկալվել էի որդուս բանակային ընկերոջ տանը։ Սեղանին ապակե սափորով բան էր դրված։ Սափորն այնքան ծանոթ ու հարազատ թվաց, համոզված էի, որ հորս ձեռքն է դիպել. հորս ճաշակն էր, հորս շնորհքը։ Ասես կորած հարազատ գտա, այնքան էի հուզվել։ Պատմեցին, որ էդ սափորը իրենց տատից է հիշատակ մնացել։ Որդիս պապին չի հիշում, բայց նրա մասին լսած պատմությունները ականատեսի պես է պատմում. «Ուրեմն մի անգամ պապս ասաց.…»: Տղաս էլ է ապակեգործ։ Միակ երեխաս է, Աստված այդպես կամեցավ, կինս վիրահատվեց, ու էլ երեխաներ չունեցանք։ Ծնված օրվանից հասկացանք, որ տղաս պապին է քաշել։ Ես մորս նման փոքրամարմին եմ ու թուխ, տղաս հորս նման բարձրահասակ է, խարտյաշ ու կապուտաչ։ Երբ առաջին անգամ արհեստանոց տարանք, կրակից վախեցավ ու սկսեց լաց լինել, հետո սովորեց, կապվեց մեր արհեստին։ 15 տարեկանում այնպիսի նուրբ գործեր էր անում, որ ուզածդ ֆիրմայի հետ կմրցեին։ Տղայիս լավ եմ դաստիարակել։ Իր երեխային դաստիարակելը, պիտանի, բարոյական մարդ դարձնելը յուրաքանչյուր ծնողի գործն է, կյանքի նպատակը։ Ամեն ինչ արել եմ, որ տղաս ազնիվ լինի, բարեսիրտ, անշահախնդիր, արժանապատիվ։ Սովորեցրել եմ զգալ ուրիշներին օգնելու ու առանց ակնկալիքի, առանց շահախնդրության նվիրվելու բավականությունը։ Պաշտոն, բարեկեցություն չեմ երազել որդուս համար, թող լավ արհեստավոր լինի, կարողանա սեփական ձեռքերով իր հացը վաստակել։ Ով մինուճար երեխա ունի, կհասկանա ինձ. դողացել ենք վրան, փայփայել, աչքի լույսի պես ենք պահել։ Ժողովուրդը մի լավ խոսք ունի, ասում է՝ գայլը մտավ փարախը, վայ մեկի տիրոջը։ Սահակս էլ գլխին ինչ փորձանք ասես չբերեց. է՛լ ծառից ընկավ, է՛լ խեղդվելուց փրկվեց, է՛լ եռման մազութ թափեց վրան… Կյանքում մատով չեմ դիպել, չհաշված մի դեպք. մինչեւ այսօր ինձ չեմ կարողանում ներել։ Ծեծել էր համադասարանցուն։ Ախր, էդ տղան հաշմանդամ էր, տկար, վտիտ։ Ափերիցս դուրս եկա, շան ծեծ տվի։ Ոնց կարելի է թույլի, անպաշտպանի վրա ձեռք բարձրացնել, ընկածին խփողը մարդ չի, կենդանի է։ Էնպիսի ծանր զգացումներ ունեցա, ասես թքել էին ապրած կյանքիս վրա, խաչ էին քաշել։ Չգիտեմ՝ հասկացա՞վ տղաս իմ զայրույթի պատճառը, զգա՞ց՝ ինչ վատ արարք է կատարել, բայց որ ծեծը չմոռացավ, հաստատ է։ Հիմա, այդ դեպքը հիշելիս, ասում է՝ պա՛պ, շատ լավ ես արել, որ ծեծել ես, հասնում էր։
Որ անկեղծ ասեմ, երբեմն մտածել եմ բանակից ազատելու մասին։ Ես չգիտեի ծխախոտի համը, էս վերջերս եմ սկսել ծխել։ Մտածում էի՝ ի՞նչ անեմ, մտքովս վատ բաներ էին անցնում։ Երբ տղաս տնից դուրս է գալիս, ես արդեն սկսում եմ անհանգստանալ, ուր մնաց՝ բանակային ծառայությունը, դիրքերը, սահմանը։ Մի զինվոր ավել, մի զինվոր պակասով բանակում ոչինչ չի փոխվի, տղայիս համար էի անհանգստանում. համոզված էի, որ բանակ չգնալով հոգեբանության, բնավորության մեջ ինչ-որ բան փոխվելու է։ Մենակ էն միտքը, որ ինքը դասալիք է, հրաժարվել է հայրենիքը պաշտպանելուց, վախկոտի, թույլի հոգեբանություն է ներարկելու։ Ամբողջ կյանքում հիշելու է, որ ինքն ընկրկել է դժվարության առաջ, չի հաղթահարել, զիջել, պարտվել է։
…Երբ զինակոչիկներով լի ավտոբուսը շարժվեց, սկսեց դանդաղ հեռանալ, ինչ-որ բան ասես փլվեց սրտիս մեջ։ Ես ու կինս վերադարձանք տուն, նստեցինք բազմոցին ու շիվարած նայեցինք իրար։ Տունը դատարկվել էր, տան պատերը ճնշում էին, լռությունը ճնշում էր։ Ամեն րոպե միտքս տղայիս հետ էր, գիշերները մտածում էի՝ տեսնես քնա՞ծ է, թե արթուն, տեսնես սահմանին է, տեսնես տղաներով հա՞շտ են… Շաբաթը մեկ զորամաս էի գնում, աշխատած փողս ճանապարհածախսի էի տալիս։ Մոտեցա հրամանատարին, պատմեցի։ Լեզուս բացվել էր, սիրտս դատարկեցի հրամանատարի առաջ։ Հաղթանդամ, սարի պես մարդ էր, բայց բարի սիրտ ուներ, հասկացավ։ Ասաց՝ տղայիդ ինձ ես հանձնել, ինձնից էլ կստանաս, որդուս պես ուշադիր կլինեմ։ Ասելու բան էլ չի, բայց, որ վտիտ, կարճահասակ մարդ լիներ, գուցե էդքան չհավատայի, բայց էդ ուժեղ, պատերազմ տեսած հրամանատարին հավատացի, սիրտս հանգստացավ։
Ուղիղ 6 ամիս զորամաս չմտա։ Ո՜նց ուրախացա, երբ հրամանատարն սկսեց գովել տղայիս, հուզմունքից աչքերս լցվել էին, էնքան հպարտ էի։ Աչքերիս չհավատացի, տղաս լցվել-բոյովացել էր։ Ասաց՝ պա՛պ, տանը չես, որ նազուտուզ անես, չկերար՝ սոված կմնաս, հիմա կարագ էլ եմ ուտում, պանիր էլ։
Մի քանի ամիս մնաց, շուտով Սահակս կզորացրվի։ Էնքան ուրախ եմ, որ սխալ քայլ չեմ արել, տղայիս հետ չեմ պահել զինվորական պարտքը կատարելուց։ Երկրի Ուժը Զինվորն է, նշանակում է երկրի ուժը հայ ընտանիքներում է, որտեղ մեծանում են ապագա զինվորները։ Խիղճս հանգիստ է, ես պարտքս կատարել եմ Հայրենիքիս առաջ, կռվել եմ Արցախի համար, բանակին զինվոր եմ տվել։
ՍԵՐԳԵՅ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Խորագիր՝ #01 (1423) 12.01.2022 - 18.01.2022, Սոցիալ-իրավական