Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԺԴՀ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄԱՀԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱԳՆԱՊԻ ՊԱՏՃԱՌ



Զրահագնացքով երկրում շրջագայելիս, դեկտեմբերի 17-ին, 70 տարեկան հասակում, համաձայն բժշկական եզրակացության` «Հայրենիքի բարօրության համար անընդհատ լարված մտավոր ու ֆիզիկական աշխատանքի պատճառով» սրտամկանի ինֆարկտից վախճանվել է Հյուսիսային Կորեայի միանձնյա առաջնորդ Կիմ Չեն Իրը, որ 1994 թվականին երկրի ղեկավարի պաշտոնում փոխարինեց հորը:

Լրատվամիջոցների պնդմամբ, առաջնորդի մահն անակնկալ էր ինչպես երկրի ղեկավարության, այնպես էլ ժողովրդի համար: Նրա հուղարկավորությունը կկայանա դեկտեմբերի 28-ին, Փհենյանի դամբարանում, որտեղ հանգչում է նաև նրա հայրը` ԿԺԴՀ հիմնադիր Կիմ Իր Սենը: Երկրում հայտարարվել է տասնօրյա սուգ, հեռուսատեսությունը ցույց է տալիս փողոցներում հեկեկացող մարդկանց, իսկ լրատվամիջոցների պաշտոնական հաղորդումների ոճը հուշում է, որ երկրի ղեկավարությունը ստանձնելու է հանգուցյալի կրտսեր որդին` Շվեյցարիայում կրթություն ստացած Կիմ Չոն Իրը, որը և ղեկավարելու է թաղման` 232 անդամ ունեցող կառավարական հանձնաժողովն ու արդեն իսկ հռչակվել է հոր «մեծ ժառանգորդը»: Սակայն արևմտյան ու հարավկորեական լրատվամիջոցները պնդելով, որ նա դեռ չի հասունացել պետությունը ղեկավարելու համար, և մատնացույց անելով իշխանության վերին ոլորտներում հանգուցյալի քրոջ ու ամուսնու մեծ ազդեցությունը, զգուշանում են իշխանության համար սկսվելիք պայքարից ու դրա հետևանքներից: Փորձագետները համակարծիք են միայն այն հարցում, որ իշխանության համար պայքար սկսելու դեպքում վճռական խոսքը կպատկանի Հյուսիսային Կորեայի բանակին:

Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գրեթե բոլոր` Հոնգկոնգի, Սինգապուրի, Հարավային Կորեայի, Չինաստանի, Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի բորսաները լուրին անմիջապես արձագանքել են բոլոր ինդեքսների անկումներով, ինչից փոքրիշատե խուսափել է միայն Ճապոնիան, իսկ Հյուսիսային Կորեան առաջնորդի վախճանվելու մասին հայտնելուց մի քանի ժամ անց թերակղզու հարավային ափից իրականացրել է փոքր հեռավորության հրթիռի փորձարկում:

Հյուսիսային Կորեայի կառավարությունն անցել է աշխատանքի արտակարգ ռեժիմի, իսկ զինված ուժերը բերվել են լրիվ մարտական պատրաստության վիճակի:

Կիմ Չեն Իրի մահվան կապակցությամբ Հարավային Կորեան ու Ճապոնիան, զգուշանալով իրավիճակի կտրուկ սրումից, ազգային անվտանգության խորհուրդների արտակարգ նիստեր են գումարել: Սեուլը երկրի զինված ուժերը բերել է մարտական պատրաստության բարձր վիճակի: Ճապոնիայի վարչապետ Եսիհիկո Նոդան հայտարարել է, թե պետք է պատրաստ լինել ամեն տեսակ անակնկալների:
Իսկ ՌԴ Արևելյան զինվորական օկրուգի զորքերն ու Խաղաղօվկիանոսյան նավատորմի անձնակազմը ծառայությունը շարունակում են առօրյա ռեժիմով:

Խորագիր՝ Նորություններ


20/12/2011