ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Հունվարի 12-ին տեղի է ունեցել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, որի ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության երաշխիքների տրամադրման ռուսական առաջարկներն ու փոխգործակցության հետագա քայլերը։ Այն հաջորդել է հունվարի 9-ից 10-ը Ժնևում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցություններին:
Նիստից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգն ասել է, որ դաշինքը եւ Ռուսաստանը պայմանավորվել են լրացուցիչ հանդիպումներ անցկացնել: Կողմերը անկեղծ քննարկում են ունեցել հարցերի լայն շրջանակի շուրջ, և հանդիպումը շահավետ է եղել։ Սթոլթենբերգի գնահատմամբ՝ ՆԱՏՕ-ն պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ, բայց իր հիմնական սկզբունքների շուրջ փոխզիջումների չի գնա։
ՆԱՏՕ-ն ոչ թե խաղաղության ու կայունության, այլ առճակատման գործիք է, դաշինքը մոտենում է ռուսական սահմաններին. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN-ին տված հարցազրույցում։
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները համաշխարհային անկայունության պայմաններում ծայրահեղ ցածր մակարդակի են,- հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը։ Ռուսաստանը բազմիցս ՆԱՏՕ-ին առաջարկել է իրավիճակի դեէսկալացիայի միջոցներ ձեռնարկել, սակայն նախաձեռնություններն անտեսվել են։ Սա նախադրյալներ է ստեղծում միջադեպերի և հակամարտությունների ծագման համար։
Անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները ցույց են տվել առճակատման լրջությունը համաշխարհային հարթակում։ Սակայն Ռուսաստանը տրամադրված է շարունակել երկխոսությունն ԱՄՆ-ի հետ։
ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները փորձում են ստեղծել ռազմական պլացդարմներ Ռուսաստանի շուրջ: ՌԴ-ն անվերջ չի սպասի Արևմուտքի փոփոխություններին և խոստումներին, Մոսկվան գիտի ինչպես և կարող է ապահովել իր անվտանգությունը,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանն ակնկալում է, որ Թուրքիան զերծ կմնա Ղազախստանի վերաբերյալ չմտածված հայտարարություններից. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի խորհրդականի հայտարարությունը։ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ իր տարակուսանքն է հայտնել այդ հայտարարության վերաբերյալ, որը պարզապես դատապարտեց ՀԱՊԿ-ին դիմելու Ղազախստանի գործողությունները, և բացատրություն պահանջել:
Իրան
Վիեննայում անցկացվող բանակցություններում Իրանի և միջնորդների հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) միջև համաձայնություն է ձեռք բերվել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի շուրջ ժամանակավոր համաձայնագիր ստորագրելու մասին։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Վահիդ Ջալալզադեի գնահատմամբ՝ Իրանը չի վստահում արևմտյան պետություններին, քանի որ նրանք չեն հետևել նախորդ համաձայնագրով սահմանված իրենց պարտականությունների կատարմանը։ Բացի այդ, ԱՄՆ-ը միակողմանի դուրս է եկել միջուկային գործարքից՝ տնտեսական փոխհատուցում չվճարելով։ Այդուհանդերձ, բանակցությունների դանդաղ ընթացքից դժգոհ պատվիրակությունների առաջարկած միջանկյալ համաձայնագիրը կարևոր քայլ է մշտական համաձայնության հասնելու համար:
Իրանում անցկացվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի «Մուհամեդ Ռասուլլա» խոշոր զորավարժությունները։ Կիրառվել են հրթիռային համալիրներ, հրետանի, անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ և զրահատեխնիկա։
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին ելույթներից մեկում ասել է, որ թեև Իրանի իշխանությունները ցանկանում են հասնել պատժամիջոցների վերացմանը, նրանց այլևս չի անհանգստացնում նավթի վաճառքը։ Իր վարչակազմի օրոք նավթի արտահանումն ավելացել է 40 տոկոսով, նավթի վաճառքից ստացված եկամուտները վերադառնում են երկիր։
Թուրքիա
Արաբական Միացյալ Էմիրությունները «խաղադրույք է կատարում Թուրքիայի վրա»՝ փորձելով երկկողմ առևտուրը խթանելով բարելավել հարաբերությունները: ԱՄԷ առևտրի պետական նախարար Թանի Ալ Զեյուդին նշել է, որ Թուրքիան իրենց համար նոր շուկաներ կբացի իր լոգիստիկայի և մատակարարման շղթայի շնորհիվ: Անցած տարի Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմեդ Բեն Զայեդը հայտարարեց Թուրքիա ներդրումներ կատարելու համար 10 միլիարդ դոլարի հիմնադրամի ստեղծման մասին:
Թուրքիայի նախագահ Էրդողանը մեղադրել է Եվրամիությանն անարդարության մեջ: Միևնույն ժամանակ, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը նա համարել է Անկարայի առաջնահերթությունը՝ կոչ անելով դաշինքին ավելի համարձակ դիրքորոշում զբաղեցնել երկկողմ հարաբերությունները բարելավելու հարցում։ Նրա խոսքով, Եվրոպան բոլորովին այլ պատկեր կունենար, եթե չլինեին Թուրքիայի հսկայական ջանքերը ներգաղթյալների ալիքը մեղմելու համար։ Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է ներգաղթային ճգնաժամի հետ կապված բեռի և պատասխանատվության արդար բաշխում։
Թուրքիան մտադիր է իր հինգերորդ սերնդի ուսումնամարտական HՖrjet գրոհային ինքնաթիռի զանգվածային արտադրություն սկսել։ HՖrjet-ի առաջին թռիչքը նախատեսված է 2023 թվականին։
Ադրբեջան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ դրական է գնահատում Արցախում ռուս խաղաղապահների գործունեությունը:
Սակայն Բաքուն ռուսական կողմին բազմիցս դժգոհություն է հայտնել խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում «ապօրինի» այցերի մասին։ Նման քայլեր են ձեռնարկվել նաև Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի՝ Արցախ այցի ժամանակ։ Նա նշել է, որ եթե Բաքուն իմանար այս այցի մասին, ապա Պեկրեսին ու նրա ուղեկիցներին բաց չէին թողնի։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան թեմայի շուրջ իր կարծիքն է հայտնել. «Մեր խաղաղապահների վրա ստվեր գցել չի ստացվի։ Նրանց աշխատանքը համակարգված է, հստակ է և բխում է ճգնաժամի կարգավորման շահերից»։
Ֆրանսիայի քաղաքական և հասարակական բազմաթիվ գործիչներ Ֆրանսիայի նախագահին կոչ են արել Ադրբեջանի նախագահից պահանջել ներողություն խնդրել նախագահի` «Հանրապետականներ» կուսակցության թեկնածու Վալերի Պեկրեսից՝ Արցախ կատարած այցից հետո Ալիևի աղմկահարույց արտահայտությունների համար:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական հանդիպում են ունեցել Կիևում: Նրանք քննարկել են համագործակցության տարբեր ոլորտները, հանդիպման արդյունքում ստորագրվել է երկկողմ վեց փաստաթուղթ։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարան կատարած այցի ժամանակ ասել է, թե ռազմական բուհի ծրագիրը համապատասխանեցվել է Թուրքիայի ՊՆ ուսումնական ծրագրերին:
Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է. «Թուրքիայի զինված ուժերը ցույց են տվել ամբողջ աշխարհին, որ իրենք իրենց պարտավորությունները կատարում են բազմաթիվ տարածաշրջաններում, առաջին հերթին՝ Ադրբեջանում և Լիբիայում»:
Ադրբեջանի տիեզերական գործակալության (Azercosmos) խորհրդի նախագահ Ասադովը հայտարարել է, թե Ադրբեջանի Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը համագործակցում է Google ընկերության հետ՝ Google որոնողական համակարգում քարտեզների տեղանունների հայերեն անվանումները ադրբեջաներենով ցուցադրելու համար։ Ասադովը նաև հայտնել է, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր արբանյակներ ուղարկել տիեզերք։
Ադրբեջանը ձգտում է բարձրացնել ցորենի ներքին ինքնաբավության մակարդակը։ Ցանքս է կատարվելու Արցախի գրավված տարածքներում, որտեղից տարեկան մոտ 200 հազար տոննա ցորեն կհավաքվի։ Իսկ Արցախի գրավված տարածքներում անասնաբուծության զարգացումը Ադրբեջանին թույլ կտա գրեթե 100%-ով ապահովել մսամթերքով և կաթնամթերքով։
Հյուսիսային Կիպրոսի վարչապետ Ֆաիզ Սուջուօղլուն հայտարարել է, թե Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի ճանաչումը կարևոր քայլ կլիներ։ Ադրբեջանի միացմամբ իրենք արդեն «երեք պետություն, մեկ ազգ են»։
Ալիևն ասել է, որ այս տարի Ադրբեջանը կարտահանի մոտ 19 միլիարդ խմ գազ։ Ավելի քան 8 միլիարդ խմ կարտահանվի Թուրքիա։ Յոթ միլիարդ խմ կարտահանվի Իտալիա, իսկ մնացածը՝ Վրաստան, Բուլղարիա և Հունաստան։ Բուլղարական խոշորագույն «Բուլգարգազ» ընկերությունը Հունաստանի և Բուլղարիայի միջև գազի փոխկապակցման գծի շինարարության ձգձգման դեպքում հրատապ բանակցություններ կսկսի ադրբեջանական գազի մատակարարումն այլընտրանքային ճանապարհով շարունակելու շուրջ։
Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
Խորագիր՝ Տարածաշրջան