Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«…ՈՐ ՀԱՋՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՄԵՐԸ ԼԻՆԵՆ»



«...ՈՐ ՀԱՋՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՄԵՐԸ ԼԻՆԵՆ»44-օրյա պատերազմի մասնակից Սարգիս Մանուկյանը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից է: 2020 թ. ձմռանը զորակոչվել է բանակ, ծառայել Արցախում: «131» մարտական դիրքի խիզախներից է, այն դիրքի, որն առաջինը վերցրեց պատերազմի ծանր հարվածները: Սարգիսը հերոսական կռիվ է տվել Ջրականի առաջնագծում և վիրավորվել պատերազմի 15-րդ օրը: Ոտքը վիրահատել են Ստեփանակերտում, ծանր վիճակում տեղափոխել Գորիս, այնուհետև Երևան:

 

Սարգիսը տեսել է այն, ինչը երանի կտար երբեք չտեսնել. զոհված, վիրավոր ընկերներ, որոնց վերջին վայրկյանները, հայացքները մոռանալ չի կարողանում: Ինքը հրաշքով է ողջ մնացել ու եթե չվիրավորվեր, գուցե… Պատմում է, որ ամենածանրը նահանջներն էին, որ ստիպված էին անում, ու սիրելի ընկերների կորուստը…

Սարգիսը վիրավորվել է հոկտեմբերի 11-ին, թշնամու դիպուկահարի կրակոցից… Սարգիսի հուշերում միայն ցավ ու ափսոսանք, կորուստներ են, որոնց հետ մինչ օրս չի հաշտվում: Պատմում է, որ Ստեփանակերտից Երևան ձգվող ճանապարհը շատ դժվար ու դաժան է եղել, մտքում կարևոր հարցեր. «Տղերքն ի՞նչ են անում, թշնամին ո՞ւր հասավ…»:

…Հիվանդանոցում երկու ամիս բուժվելուց հետո նրան տեղափոխել են Սյունիք: Ասում է՝ պատերազմից հետո ծանր էր ծառայությունը շարունակելը, որովհետև պարտությունն ու անորոշությունը չէին տրամադրում ծառայության: Նոր միջավայր, նոր ընկերներ, որոնք բոլորն էլ նույն հիասթափությունն են ապրել, տեսել այն, ինչ ինքը Ջրականը պաշտպանելիս… Սյունիքում նոր առաջնագիծն էլ հոգեբանական ծանր վիճակում են կառուցել ու կահավորել…

Հունվարի 12-ին Սարգիսը զորացրվել է: Բանակին հրաժեշտ է տվել ծանր կորուստներով, բայց եւ մարդկային նոր որակների ձեռքբերումով: Հաղթահարել է փորձություններ, որոնք իրեն դարձրել են է՛լ ավելի պատասխանատու ու նվիրված…

Սարգիսն ապագայի հետ կապված մեծ նպատակներ ունի: Չի սիրում խոսել դրանց մասին: Ասում է՝ պատերազմից հետո այլ կերպ է սիրում, արժևորում և գնահատում Հայրենիքը. «Հայաստանն ավելի լավը դարձնելու համար պետք է հզորանանք ու հատկապես բանակի համար ոչ մի բան չխնայենք, հզորանանք, որ հաջորդ հաղթանակները մերը լինեն…»:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Խորագիր՝ #02 (1424) 29.03.2022 - 01.04.2022, Ազգային բանակ


21/01/2022