Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՇՆԱՄԻՆ



ԹՇՆԱՄԻՆՄեկ ամիս է, ինչ նստած ենք նույն խրամատներում՝ մենք եւ մեր թշնամին։ Մեկ ամիս ձանձրանում ենք։ Հարձակման հրաման չկա ոչ մեր, ոչ էլ նրանց կողմից։ Թշնամու խրամատում հինգ հոգի են։ Առաջին օրը, երբ եկանք առաջավոր գիծ, հրամանատարը մեզ ցույց տվեց դիմացի բլուրն ու ասաց.

-Զգույշ եղեք, տեղի-անտեղի գլուխներդ դուրս չհանեք։

Դիմացի բլուրը մեզնից հարյուր մետրի վրա է։ Նրանք ազատորեն ելումուտ են անում, կանգնում խրամատի առաջ, իսկ մենք զգուշանում ենք, խրամատի դիտանցքով վախվորած նայում դիմացի բլրին, հաշվում.

-Մեկ… Երկու… Երեք… Չորս… Հինգ…

Վերցնում եմ ավտոմատ հրացանս, նշան բռնում, կրակում։ Հեչ պետքներն էլ չի… Մնացածներն էլ են սկսում կրակել։ Թշնամիներն ալարելով իջնում են, անհետանում խրամատի մեջ։ Այդ ալարկոտ շարժումներից հասկանում ենք, որ վաղուց են ապրում դիմացի բլրի վրա։ Ուրեմն, թշնամին լավ ծանոթ է տեղանքին։

Ուսումնասիրում ենք մեր միջեւ ընկած յուրաքանչյուր թուփը, ծառը, քարը, փոսը, յուրաքանչյուր ձայնը։

-Մի էդ հեռադիտակը դեսը տուր,- ասում եմ գետնատնակում փռված զինվորին։

Վերցնում եմ հեռադիտակն ու երկար, ուշադիր զննում թշնամու խրամատը։ Երկար ժամանակ ոչ ոք չի երեւում։ Ես համառորեն հետեւում եմ։ Վերջապես տեսնում եմ։

-Սա իմն է,- ասում եմ խրամատում նստած ծխող զինվորներին։- Ուշադի՛ր նայեք,- ասում եմ,- ա՜յ, էն սեւ, հաստ բեղերովն իմն է։

Օրվա ընթացքում բոլորն ընտրում են իրենց «զույգերին»՝ ինչպես բռնցքամարտի ժամանակ։

Այդ օրվանից սկսած արդեն մի ամիս է, ինչ աշխատում ենք որսալ միմյանց, բայց ապարդյուն։ Ես ու Մամեդը շուտով «բարեկամանում ենք»։ Լուսաբացին նա սկսում է երգել, արթնացնելով ինձ քնից, եւ ես նրան հաճույքով հայհոյում եմ.

-Մամե՜դ…

-Հե՜յ…,- պատասխանում է Մամեդը։

-Մամեդ, ես քո մե՜րը…

-Արա, է՜յ… Ես քո քեշիշի հավա՜տը…

Եվ մեկ ամիս շարունակ այսպես ենք դիմավորում արեւածագը։ Նա ձայնը գցում է գլուխը, սար ու ձորերը լցնում իր զզվելի մուղամով, ես նրան լռեցնում եմ իմ հայհոյանքով։ Մեզ միանում են իմ եւ իմ թշնամու ընկեր զինվորները, եւ մենք, մեր աղմուկից զզված, սկսում ենք կրակել զենքի բոլոր տեսակներից, մինչեւ հանգստանում ենք վերջապես ու լռում։

Արդեն մեկ ամիս է՝ նստած ենք նույն խրամատներում։ Արդեն միմյանց վրա չենք էլ կրակում, որովհետեւ փորձով գիտենք, որ անօգուտ գործ է այսպիսի հեռավորությունից մեր ավտոմատ հրացաններով մարդ սպանելը։ Ձանձրանում ենք, սիրով հայհոյում միմյանց ու սպասում հարձակման հրամանի…

Եվ մի օր հարձակման հրամանը եկավ անսպասելի՝ թշնամու կողմից։ Առավոտյան ժամը չորսից սկսվեց մեր դիրքերի հրթիռահրետակոծությունը։ Իմ խրամատում երեքը նորեկներ են՝ առաջին անգամ են ընկնում այսպիսի տարափի տակ եւ միանգամից կապտականաչ գույն են ստանում, բիբերը լայնանում են, խուճապը լցվում է խրամատ։ Ես ու մյուս՝ սովոր զինվորը սիրտ ենք տալիս, ոգեւորում, համոզում, որ խրամատի մեջ բոլորովին անվտանգ է։ Դաշտային հեռախոսը մեկընդմեջ զնգում է։

-Ուշադիր եղեք, հիմա կսկսվի,- հեռախոսի մեջ լսվում է հրամանատարի խռպոտած ձայնը։

-Մամեդի ծննդյան օրն է,- պատասխանում եմ ես։

-Աչքդ լույս,- ծիծաղում է հրամանատարը։

Մենք ուշադիր նայում ենք դիմացի բլրի ուղղությամբ։ Շուտով այնտեղից մի տանկ է դուրս գալիս եւ շարժվում ուղիղ մեզ վրա, իսկ տանկի ետեւից գալիս է թշնամին։ Շատ են։ Դե արի ու այսքանի մեջ գտիր Մամեդին…

-Հիմա ի՞նչ ենք անելու,- վախեցած կանչում են նորեկները։

-Դուրս արի խրամատից, թող միանգամից խփեն, պրծիր,-քրքջում է հին զինվորը։

-Շո՛ւտ, նռնականետ բեր, ի՞նչ ես դմբրվել,- բղավում եմ ես։

Տանկը մեծ արագությամբ մոտենում է։ Զինվորը նշան է բռնում, կրակում։ Նռնակը թռչում է տանկի վրայով։ Տանկը կրակում է մեզ վրա։ Մեզ վրա կրակում են ունեցած զենքերի բոլոր տեսակներից։ Մեր միջեւ տարածությունը արագ փոքրանում է։ Նորեկը բոլորովին գույնը գցել է։

-Ես քո…,- սրտնեղում է հին զինվորը,- չե՞ս կարող կարգին նշան բռնել։ Խփիր աշտարակի եւ իրանի մեջտեղը, քեզ չե՞ն սովորեցրել։

Նորեկ զինվորը երկար, ուշադիր նշան է բռնում։ Հիմա նրանից է կախված մեր կյանքը։ Տանկը մեծ արագությամբ մոտենում է, որի ետեւից թաքնվելով, վազեվազ գալիս են Մամեդն ու մյուսները։ Եթե տանկին չկարողանանք խփել, կմտնեն մեր խրամատ, սկզբից կկտրեն մեր գլուխները, ապա՝ ականջներն առանձնացնելով կգցեն ծոցագրպանները, որպեսզի տանը ցույց տան իրենց աղջիկներին ու գլուխ գովեն։

-Դե՛…,- գոռում է հին զինվորը,- դմբրած շան որդի, պիտի ձգձգես, մինչեւ տանկը մեզ տրորի՞, շանսատակ անի՞, ես քո կախ գլուխը…

Իմ մեջ էլ է հայհոյելու ցանկություն առաջանում, եւ ես գոռում եմ մյուս երկու նորեկների վրա, որոնք ավտոմատ հրացաններով անընդհատ կրակում են տանկի ուղղությամբ։ Ապա մոտենում եմ նռնականետին եւ ձեռքս դնելով զինվորի դողացող թիկունքին՝ հանգստացնում.

-Մի՛ հուզվիր, նշան բռնիր եւ կրակիր… Ոչ մեկին մի՛ լսիր, ոչնչի վրա ուշադրություն մի՛ դարձրու…

-Դե՛սը տուր…,- լարվածությանը չի դիմանում հին զինվորը՝ ձեռքը գցելով նռնականետին։

-Թո՛ղ,- խփում եմ հին զինվորի ձեռքին,- տղան շատ լավ կրակում է։ Հիմա կհավաքի իրեն, ու ամեն ինչ լավ կլինի…

Նորից ձեռքս դնում եմ թիկունքին։ Նորեկ զինվորը քաշում է ձգանը եւ, ով զարմանք, նռնակը կպչում է ուղիղ աշտարակի ու իրանի մեջտեղը։

-Ուռա՜…,- կանչում է հին զինվորը,- ես քո ցա՛վը տանեմ…

-Ուռա՜…,- բղավում ենք բոլորս։

Հեռախոսը զնգում է։

-Ապրե՛ք, արծիվնե՛ր,- հնչում է հրամանատարի ձայնը։

Թշնամին շփոթահար է։ Տանկի աշտարակը պտտվում է դեպի աջ եւ լռվում։ Անձնակազմը դուրս է թափվում տանկից։ Հարվածից շշմած են, չգիտեն՝ որ կողմը գնան։ Քաշվում են տանկի ետեւը։ Սկսում է թանձր ծուխ բարձրանալ, եւ տանկը բոցավառվում է։

-Կրակե՛ք, շա՛ն տղերք,- գոռում եմ ես,- հիմա կրակեք, ինչքան ուժ ունեք։

Թշնամին խուճապի մեջ է՝ ցանկանում է այրվող տանկից հեռանալ եւ հայտնվում է բաց դաշտում։ Պառկում են գետնին, պատսպարվում քարերի ետեւը, սողեսող հեռանում դեպի աջ, որտեղ քարոտ տեղանք է՝ կռվելու համար հարմար։ Բոլորը, հավաքվելով աջակողմյան քարուտում, վերադասավորում են ուժերը եւ կազմակերպում գրոհը նոր պայմաններում։ Ես հայացքով փնտրում եմ Մամեդին։ Տասնհինգ հոգի են՝ մեր հինգի դիմաց։ Կիսվում են։ Մի կեսը մրրկային կրակ է տեղում, մյուսը՝ հանկարծակի ցատկով մղվում առաջ, դեպի մեր խրամատները։ Գլուխներս չենք կարողանում դուրս հանել։ Մոտավորապես, առանց նշանառության կրակում ենք։ Նորեկ զինվորներից մեկը սուսուփուս կծկվում է խրամատում։ Գլխարկն ընկնում է գլխից, վիզը կարմրում է։ Իսկ դիմացից յոթ-ութ հոգի վազում են դեպի մեր խրամատը։ Մեկն ընկնում է, երկուսը, երեքը… Ապա պառկում են, սկսում կրակել քարերի ետեւից, ու մյուս կեսն է հանկարծական շարժումով պոկվում տեղից, թռչելով առաջինների գլխի վրայով, վազում առաջ։ Հարձակվում են դասական, վատ սերտած սխեմայով։ Այլ ճար չունեն՝ ետդարձը կամ դաշտում պառկած մնալը ստույգ մահ է։ Ապրելու միակ, չնչին շանսը հարձակվելն է, մեր խրամատները գրավելը։ Պաշտպանական գծի ամբողջ երկարությամբ կատաղի մարտեր են գնում։ Կրակոցների, գոռոցների ու հայհոյանքների դժոխային աղմուկը լցրել է երկինքն ու երկիրը, սակայն ես միայն իմ ավտոմատի ձայնն եմ լսում ու տեսնում միայն իմ թշնամուն։ Այդպես են բոլոր զինվորները։

-Սրանք էսպես կհասնեն մեզ,- անհանգստացած գոռում է նորեկներից մեկը, որ չի էլ նկատել ընկերոջ զոհվելը։

Պառկելով, վազելով առաջ են գալիս, բարձրանում բլրի լանջով։ Արդեն բոլորովին մոտ են։ Այնքան են մոտեցել, որ լսվում են տնքոցները որոտի ու կրակոցների աղմուկի միջից։ Նետում ենք նռնակները։ Նրանք նույնպես։ Մեկն ընկնում է մեր խրամատը։ Մի քանիսը պայթում են բոլորովին մոտիկ։

-Վա՜յ… Ես ձեր մե՛րը…,- հին զինվորն է՝ փորը բռնած կծկվում է խրամատում։

Նորեկներից երկուսն են մնացել եւ ես։ Նորեկ զինվորներից մեկը, թողնելով ավտոմատը, վազում է փորից խոցվածի մոտ։ Ես գոռում եմ.

-Ո՞ւր, շան որդի, հիմա դրա ժամանակը չի, ետ արի. հիմա հարկավոր է մտածել կենդանի մնացածների մասին, փրկել կռվողներին, պահել խրամատը եւ դիրքերը։

Նորեկը, լաց լինելով, ետ է գալիս։ Հակառակորդի շնչառությունը բոլորովին մոտիկից է լսվում։ Ես նայում եմ այդ ուղղությամբ եւ տեսնում թշնամուն։ Վեց հոգի են մնացել։ Խելագարի հայացքներով՝ ոչ վախ են զգում, ոչ մեռնելու վտանգ՝ անզգա մեխանիզմ… Եթե կարողացան անցնել այն մի քանի մետրը, որ ընկած է մեր խրամատի ու նրանց միջեւ, կապրեն նրանք, եթե չհասցրին՝ մենք։ Պետք է թույլ չտալ անել այդ մի քանի քայլը։

Կրակելով վազում են դեպի մեզ։ Ես անընդհատ կրակում եմ, բայց զարմանալիորեն ոչ մեկը չի ընկնում՝ կարծես կախարդված լինեն։

Այս ամբողջը տեւում է մեկ ակնթարթ։ Ապա նորից վերականգնվում է իրական կյանքը։ Ես պարզ տեսնում եմ Մամեդին՝ թավ բեղով, աչքերի մեջ, չգիտես ինչու, ժպիտ։ Կրակում եմ ուղիղ կրծքին։ Նա բռնում է կուրծքն ու կանգ առնում։ Ավտոմատն ընկնում է ձեռքից։ Ես մի պահ դադարեցնում եմ կրակը։ Նորից կրակահերթ եմ տալիս՝ կարճ, ապա երկար։ Թշնամին կարծես արձան լինի՝ սարսափազդու, խորհրդավոր։ Փամփուշտներս վերջանում են։ Գցում եմ դատարկ պահունակը, նորը դնում եւ երբ ուզում եմ կրակել, թշնամին փայտի նման ընկնում է խրամատից մի քանի մետր առաջ՝ դեմքով դեպի ինձ։ Աչքերը, դեմքը սառել են, բայց ոտքերը դեռ շարժվում են՝ փորելով փափկած հողի ու արյան շաղախը։ Մյուսներին չեմ տեսնում։ Ըստ երեւույթին, նրանց սպանել են նորեկ զինվորները։ Զարմանալի, անտանելի լռություն է։ Սիրտս սարսափելի խառնում է, ականջներս դժժում են, գլուխս պտտվում է։ Կողքի դիրքերից դեռ կրակում են եւ հայհոյում՝ մարտը շարունակվում է։ Նորեկների տեսքն արդեն խրոխտ է՝ վախն անցել է։ Սպանել են իրենց հասանելիք թշնամիներին եւ դարձել զինվոր։

Թշնամին խուճապահար փախչում է։ Մենք դուրս ենք գալիս եւ շարժվում դեպի դրանց դատարկ խրամատը, Մամեդը սառած աչքերով ինձ ուղեկցում է։ Մի պահ կանգ եմ առնում գլխավերեւում, շուռ տալիս մեջքի վրա, ծոցագրպանից հանում արյունաթաթախ զինվորական գրքույկը, կարդում.

-Ծննդյան թիվը՝ 1974… Շան որդի Մամեդ,- նետում եմ սեղմված ատամներիս արանքից ու ողջ մնացածներին տանում դեպի դիմացի բլուրը՝ գրավելու թշնամու լքված խրամատը…

ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #04 (1426) 11.04.2022 - 15.04.2022, Հոգևոր-մշակութային


21/01/2022