«ԻՄ ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄՈՐ ԶԱՎԱԿՆ Է»
-Վարդենիսում տղաներին հայրերն են դաստիարակում,- ասում է զինակոչիկ Արա Գրիգորյանը,- ուրիշ էլ ո՞վ պիտի որդուն պատմի հայրենիքի, բանակի, սահմանների պաշտպանության, պատերազմի, տղամարդկային արժանապատվության ու էլի շատ բաների մասին, որ տղան պիտի իմանա Այբուբենն իմանալու պես:
Արայի հայրը զինվորական է: Նա միակը չէ Արայենց գերդաստանում, որ մասնակցել է Արցախյան ազատամարտին. հայրենիքի ազատության համար կռվել են նաև Արայի հորեղբայրները, քեռին: Սահմանամերձ Վարդենիսում սահման պահելը առօրյա խնդիր է, որովհետև հենց թշնամու քթի տակ են՝ ամեն օր, ամեն ժամ: Եվ բնական է, որ այստեղ զինվորականները բացառիկ հարգանք ու հեղինակություն ունեն:
-Ես ամբողջ կյանքում շփվել եմ հորս ընկերների հետ: Նրանք ուժեղ են, կոկիկ, կարգապահ, ազնիվ… ու ինչ էլ խոսեն, զրույցը գալիս, հանգում է Հայրենիքին:
-Բա դու ինչո՞ւ զինվորական չդարձար:
Իմ կարծիքով՝ հարցս շատ տրամաբանական է, բայց Արան նայում է զարմացած.
-Էդ տրամաբանությամբ՝ վարդենիսցի բոլոր տղաները պիտի զինվորական դառնան: Ես սկզբից տարվել էի երաժշտությամբ: Երաժշտական դպրոցի շվիի բաժինն եմ ավարտել: Հետո որոշեցի վիրաբույժ դառնալ: Սահմանամերձ տարածքի տղամարդիկ ամբողջ կյանքում են զինվոր: Նրանք, ովքեր ապրում են հայրենիքի դարպասների մոտ, այդ դարպասները հսկելու բնատուր պարտք ունեն:
«Բնատուր պարտք» արտահայտությունն ինձ դուր է գալիս: Ուզում եմ հարցել, թե էլ ի՞նչ բնատուր պարտք ունեն երկրի դարպասները հսկող տղամարդիկ, բայց Արան ասում է:
-44-օրյա պատերազմի ժամանակ, երբ անօդաչուները պտտվում էին քաղաքի վրայով, ես մինչև հոգուս խորքը վիրավորվում էի:
-Վիրավորվո՞ւմ…
Ինձ թվում է՝ սխալ լսեցի: Բայց տղան գլխով է անում:
-Էնքան նվաստացուցիչ է տղամարդու համար, երբ թշնամին մոտեցել է քո ծննդավայրին, «զբոսնում» է երկնքում՝ ահուսարսափ պատճառելով մայրերին, երեխաներին, քույրերին: Այդ անզորությունը ամենաահավոր զգացողությունն էր, որ ես ապրել եմ երբևէ: Ու հասկացա, որ ուժեղ բանակից կարևոր ոչինչ չկա հայի ու Հայաստանի համար: Ուժեղ բանակը մեր պատիվն է, մեր խաղաղությունը, մեր ապահովությունը, մեր կյանքը:
-Մի քանի օրից բանակի զինվոր կդառնաս: Բանակի ուժը նաև յուրաքանչյուր զինվորի ուժն է,- տղան այնքան հուզված է խոսում, որ ես ուզում եմ փոխել զրույցի թեման, բայց նա էլի ասելիք ունի.
-Մի օր, երբ մենք շատ ուժեղ լինենք, ես կպարպեմ թշնամու հանդեպ այս ատելությունը, որը մեծանում-մեծանում էր դիրքեր բարձրանալու ժամանակ, երբ մենք սնունդ կամ պաշտպանիչ անիվներ էինք տանում դիրքապահ տղաների համար կրակոցների ու անօդաչուների բզզոցի տակ…
Իսկ դիրքերում ամեն բան ուրիշ էր: Օդի մեջ խտացած ուժ կար: Զինվորների աչքերին նայելիս բոլոր կասկածներդ վերանում էին: Նրանք ասում էին՝ հաղթելու ենք, ու դու անվերապահորեն հավատում էիր նրանց: Ես մինչև պատերազմի վերջին օրը հաղթանակի եմ սպասել:
-Կարո՞ղ է՝ զինվորական վիրաբույժ դառնաս,- հարցնում եմ ես: Արան բարձրաձայն ծիծաղում է: Հետո լրջանում է անսպասելի.
– Ես ընկերներ կորցրի պատերազմի ժամանակ: Ծովակցի Համլետը առաջին զոհն էր: Հարվածից որոշ ժամանակ շշմել էի, ոչինչ չէի զգում, հետո սկսվեց ցավը… Ամբողջ Վարդենիսն էր սգում: Իմ ծննդավայրում զինվորը յուրաքանչյուր մոր որդին է, յուրաքանչյուրիս եղբայրը:
Մեր մեծերը վտանգի ժամանակ առաջնագիծ են գնում ոչ միայն հայրենիքը, այլև զինվորին պաշտպանելու համար: Զինվորին ուղղված գնդակը իրենց վրա ընդունելու համար: Երբ պատերազմն սկսվեց, ես զանգեցի հորեղբայրներիս, բայց նրանք արդեն կամավորական էին սահմանին, զանգեցի քեռուս, նա էլ էր դիրքերում: …Մի քանի օրից ես էլ դիրքապահ կդառնամ:
-Կարող է՝ թիկունքային զորամաս ընկնես վիճակահանությամբ:
-Չէ՛, սահման եմ գնալու:
-Բարի ծառայություն, Արա՛ ջան,- ես մի կերպ եմ զսպում հուզմունքս, որ հպարտություն անունն ունի: Իսկ Արան անսպասելի ասում է.
-Իմ ծննդավայրի մարդիկ նման են մեր բնությանը: Մեր լեռների պես հզոր են, ամուր, աներեր, համախմբված: Գիտեք՝ մերոնք գերդաստաններով են ապրում: Ամեն գերդաստան փոքրիկ Հայաստան է:
Արան ոգեւորված շարունակում է «վրձնել» իր ծննդավայրի պատկերը.
-Հիմա լեռները սպիտակ են, ամեն ինչ թաղված է ձյան տակ: Իսկ զինվորներն այդ ձյունե թագավորության իշխաններն են….Բարձրում՝ հզոր, անկոտրում…
Ես ուզում եմ կատակել՝ դու իզուր բանասիրական չես գնում, բայց տղայի լուրջ, ներշնչված դեմքին նայելով՝ ոչինչ չեմ ասում:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #04 (1426) 11.04.2022 - 15.04.2022, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում