«ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՄԵՐ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԶԱՎԱԿՆԵՐՆ ԵՆ»
Զրույց արվեստի վաստակավոր գործիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ հետ
-Պարոն Ղազանչյան, Դուք մեծացել եք մեծ տաղանդի տեր մարդկանց՝ Գալյա Նովենցի ու Երվանդ Ղազանչյանի ընտանիքում, բայց ես կդիմանամ գայթակղությանը ու չեմ խնդրի, որ պատմեք նրանց մասին, այլ կհարցնեմ, թե ո՞րն է Ձեր մանկության ամենաջերմ հուշը, ամենավառ պատկերը:
-Ես մեծացել եմ Մետաքսի թաղամասի մի փոքրիկ խրճիթում: Այդ տունը հայրս ու իր մայրն էին կառուցել սեփական ձեռքերով այն ժամանակ, երբ պապս աքսորված էր Սիբիր: Մեր տունը տեղավորված էր երկու հարևան տների արանքում, և այդ տների պատերը դարձել էին նաև մեր տան պատերը, այսինքն՝ մերոնք 4-ի փոխարեն ընդամենը երկու պատ էին կառուցել:
-Շատ խորհրդանշական պատկեր է: Ենթադրում եմ, որ հարևանների հետ հարաբերությունները հիմնված էին հարազատության, մտերմության, սիրո վրա:
-Անշուշտ: Եվ որքան էլ կյանքդ զրկանքներով լի էր, որքան էլ կարիքը ճնշում էր, քեզ երբեք անպաշտպան ու մենակ չէիր զգում: Մեր թաղում մարդկանց դռները բաց էին՝ իրենց սրտերի նման: Մեր տներում շատ սեր ու ջերմություն կար: Եվ հիմա տարիների հեռվից ես առանց երկմտելու կարող եմ ասել, որ մանկությունը կյանքիս ամենաերջանիկ շրջանն է եղել:
-Հավանաբար, մանկության տարիներին բազմաթիվ մեծ արվեստագետների հետ եք շփվել:
-Մեր տան մշտական հյուրերն էին Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, Էդգար Էլբակյանը, Վլադիմիր Աբաջյանը, Արծրուն Մանուկյանը, այլ երևելիներ, նաև ժամանակի անվանի գրողներ, երաժիշտներ, նկարիչներ…Ես մեր փոքրիկ տանը տեսել եմ Գուրգեն Ջանիբեկյանին, Վարդան Աճեմյանին… Հետո, երբ 5-րդ դասարանում էի սովորում, հայրս նշանակվեց Լենինականի թատրոնի գլխավոր ռեժիսոր, ու մեր ընտանիքը տեղափոխվեց Լենինական: Ես սովորեցի ու ավարտեցի Լենինականի Պուշկինի անվան դպրոցը, լենինականցիների լեզվով ասած՝ Գիմնազը: Դա մի հրաշալի կրթօջախ էր, որի տված գիտելիքները մինչև օրս օգնում են ինձ: Հետագայում, երբ սովորում էի Մոսկվայի թատերարվեստի պետական ինստիտուտում (այժմ՝ Ռուսաստանի թատերական ակադեմիա), ռուսաց լեզվից ու գրականությունից ավելի բարձր գնահատականներ էի ստանում, քան իմ ռուս համակուրսեցիները:
-Ի՞նչ տվեց Ձեզ ուսումնառությունը Մոսկվայում: Ոմանք ասում են, որ արվեստի մարդիկ պիտի բնատուր շնորհ ունենան, և կրթությունը էական դեր չի խաղում նրանց մասնագիտական կյանքում:
-Այդպես կարող են մտածել միայն անկիրթ մարդիկ, որովհետև կրթություն ստացած մարդը խորապես գիտի, թե ինչ է տվել իրեն կրթությունը, ինչպես է փոխել իր մտածելակերպը, արժեքները, ներքին աշխարհը: Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը կարդացած, բարձր ինտելեկտով, զարգացած մարդիկ էին: Կարդացեք Փափազյանի գրքերը, ու նրա լեզուն ձեզ կասի, թե ինչ մեծ մտավոր ներուժ ուներ այդ դերասանը: Հայաստանը բարձր մշակույթի երկիր էր այն ժամանակ, երբ արվեստ էին ստեղծում կիրթ մարդիկ, երբ հանդիսատեսը հնարավորություն ուներ դիտելու բարձրորակ ֆիլմեր ու ներկայացումներ, ունկնդրելու բարձրորակ երգեր ու երաժշտություն: Հեռուստաթատրոնն ու հայկական կինոն մի ժամանակ ազնիվ մղումներ էին արթնացնում, էլ չեմ խոսում գրականության մասին: Սոս Սարգսյանն ասում էր՝ Սահյանի, Սևակի, Շիրազի, Էմինի, Դավթյանի բանաստեղծություններով կրթված սերունդը ազատագրեց Արցախը: Իսկ ի՞նչ են քարոզում հիմա զանգվածային լրատվամիջոցները, ինքներդ եք տեսնում: Այս «աստղային» մղձավանջը ինչպիսի ավեր գործեց երկրի հոգևոր-մշակութային կյանքում, ակնհայտ է… Ես սովորել եմ Անդրեյ Գոնչարովի արվեստանոցում: Դա մի ամբողջ կյանքի դպրոց էր: Ես խոսում եմ բովանդակային կրթության մասին, որը մասնագիտական գիտելիքները զուգակցում է անհատի էության ու վարքի ձևավորմանը:
-Դուք ղեկավարել եք Ղափանի, Լենինականի թատրոնները: Ականատեսները պատմում էին, որ այդ տարիներին շրջանային թատրոնները չէին զիջում մայրաքաղաքի թատրոններին: Բացի այդ, երևանյան թատրոնները պարբերաբար ներկայացումներով հանդես էին գալիս գյուղերում: Օրեր առաջ ես հարցրի սահմանամերձ Կոթիի գյուղապետին, թե վերջին անգամ ե՞րբ են համագյուղացիները ներկայացում դիտել, նա չհիշեց:
-Իսկ Դուք հարցրի՞ք, թե ինչ վիճակում է այդ գյուղի մշակույթի տունը, և հնարավո՞ր է արդյոք այնտեղ ներկայացում խաղալ:
-Հարցրի: Մշակույթի տունը նորոգման կարիք ունի:
-Արվեստը չի կարող բացառապես շուկայի օրենքներով ապրել: Արվեստը պիտի ուղղորդվի, հովանավորվի, ունենա հայեցակարգ: Նախկինում (խորհրդային շրջանը նկատի ունեմ) պետությունը ստանձնել էր բարձր արվեստի հովանավորի և երկրի մշակութային կյանքը ձևավորողի դերը: Թատերական, համերգային խմբերը գիտեին, թե քանի ներկայացում պիտի ունենան գյուղերում: Նրանց տրամադրվում էր փոխադրամիջոց, նորոգ դահլիճներ: Այսօր առաջին հերթին պիտի նորոգվեն շրջանների մշակույթի տները: Ի վերջո, արվեստը գավառներ հասցնելու պարտավորությունը չպետք է միայն արվեստ ստեղծողների ուսերին դրվի: Ես չեմ լսել մի դեպք, որ տեղական իշխանության մարմինները, գյուղապետները, մարզպետները որևէ թատերական խմբի թեկուզ միայն փոխադրամիջոցով ու համապատասխան պայմաններով ապահովեն, ու դերասանները չհամաձայնեն անվճար ելույթ ունենալ իրենց հայրենակիցների համար: Այս ամենը պիտի կազմակերպվի՝ որպես մշակութային քաղաքականության բաղադրիչ:
-Բայց Դուք համաձա՞յն եք, որ հեռավոր, հատկապես սահմանային գյուղերը պիտի կտրված, մեկուսացած չզգան իրենց: Պիտի գյուղաբնակները նաև զվարճանալու, վայելքի հնարավորություն ունենան, այլապես երիտասարդներին գյուղում պահելու վերջին հույսերը կմարեն:
-Իհարկե, համաձայն եմ: Բայց կրկնում եմ, որ շփումները չպետք է լինեն դրվագային, այլ համակարգված ու պարբերական:
-Պարոն Ղազանչյան, Դուք 21 տարի ղեկավարել եք Պատանի հանդիսատեսի թատրոնը: Ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել այդ տարիներին:
-Մենք մեր հանդիսատեսին մատուցել ենք ներկայացումներ, որոնք մասնակցել են Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան, Գդանսկի՝ Շեքսպիրյան, Պլովդիվի, Կիևի, Նովի Սադի, Կերչի, Թեհրանի և այլ հեղինակավոր միջազգային փառատոներին:
-Այսօր ավելի, քան երբևէ ոգեշունչ ներկայացումների, ֆիլմերի, երգերի կարիք ունենք, որոնք ուժ կտան ու հավատ…
-Բեմից հանդիսատեսին հղված «հեռագրերը» հաճախ անուղղակի պետք է լինեն: Մարդկանց ոգեշնչելու համար բոլորովին էլ պարտադիր չէ, որ ներկայացումը կամ ֆիլմը լինեն հաղթական ճակատամարտի կամ ռազմիկի մասին: Սիրո մի ազնիվ պատմությունը նույնպես կարող է հուշել, որ կյանքը գեղեցիկ է, այն շարունակվում է, ու պետք է պայքարել հանուն կյանքի: Բարձր արվեստը միաժամանակ ապրեցնում է:
-Այս առումով ո՞րն է Ձեր ղեկավարած կառույցի՝ թատերական գործիչների միության դերը:
-Մենք միջնորդ ենք թատրոնների ու պետության միջև՝ արվեստի շահերը պաշտպանելու առաքելությամբ: «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը խրախուսում է լավագույն թատերական աշխատանքները, քաջալերում դրանց հեղինակներին, ձևավորում առողջ մրցակցություն, խթանում… Մենք զբաղվում ենք Հայաստանի թատերախմբերի միջազգային կապերով՝ արտագնա ներկայացումներ, փառատոներ: Ես համոզված եմ, որ մի օր մեր մեծահարուստ բարեգործները կհասկանան արվեստի դերը հասարակության ու երկրի առաջընթացի համար: Ես համոզված եմ, որ մենք կգտնենք արժանապատիվ կյանքի հասնելու ճիշտ ուղին:
-Իսկ ի՞նչ մաղթանք ունեք Ամանորի առթիվ մեր ժողովրդին ու սահման պահող զինվորներին:
-Ես ուզում եմ, որ մենք, ի հեճուկս ձախողումների, հավաքենք մեր ամբողջ ներուժը և ուղղենք մեր մեջքը, որ վստահ նայենք ապագային: Բարի Ամանոր եմ մաղթում մեր ժողովրդին: Եվ ամենակարևորը՝ սահմանը պահող զինվորներին, մեր ամենաթանկ զավակներին, ցանկանում եմ անփորձանք ծառայություն: Նրանք թող անառիկ պահեն մեր երկրի սահմանները ու ողջ-առողջ տուն վերադառնան:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուսանկարը՝ ՆԱՐԵԿ ԱՐՇԱԿՅԱՆԻ
Խորագիր՝ #04 (1426) 11.04.2022 - 15.04.2022, Հոգևոր-մշակութային