Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐՏԵ՞Ղ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԾԱՆՈԹԱՆԱԼ ԱՂՋԿԱ ՀԵՏ



Ո՞ր երիտասարդը չի ուզում ծանոթանալ աղջկա հետ:

Բայց ինչպե՞ս եւ որտե՞ղ: Ահա մի քանի խորհուրդ:

Ըստ հոգեբանների` կանայք բավականին բաց են շփման համար և մտածում են, որ «ավելորդ ծանոթությունն» իրենց չի խանգարի: Սակայն առաջին քայլը պետք է անեք դուք` տղամարդիկ:

Նախևառաջ ինքներդ Ձեզ համար ճշտեք` ի՞նչ նպատակով եք ուզում ծանոթանալ աղջկա հետ` հաճելի ժամանակ անցկացնելո՞ւ, ընկերներին ինչ-որ բան ապացուցելո՞ւ, թե՞ լուրջ հարաբերություններ հաստատելու համար: Այս հարցը պարզելուց հետո որոշեք ծանոթանալու վայրը: Ահա մի քանի հուշում.

ՌԵՍՏՈՐԱՆ, ՍՐՃԱՐԱՆ, ԲԱՐ

Կարող եք մատուցողի միջոցով ձեր հավանած աղջկան մեկ գավաթ շամպայն կամ գինի ուղարկել` ուղեկցող երկտողով: Աղջիկը աչքերով սկսում է փնտրել երկրպագուին և որսում է ձեր հայացքը: Այդ պահից կարող եք համարել, որ ծանոթությունը կայացել է: Իհարկե, պետք է այնքան շրջահայաց լինեք, որ աղջկա փոխարեն Ձեր հայացքը չորսա նրա ընկերը, ամուսինը կամ եղբայրը:

ՓՈՂՈՑ

Սա ամենալավ տարբերակը չէ, բայց հնարավոր է: Կարելի է աղջկան հարցնել հասցե կամ ժամը, կամ էլ, եթե կանգառում եք, թե ո՞ր երթուղայինով կարելի է հասնել այսինչ տեղը: Մի խոսքով` երևակայության խնդիր է: Սակայն հիշեք` ամեն ինչ պետք է լինի բնական, և ոչ թե գիշերվա ժամը 2:00-ին գրադարանի տեղը հարցնելու նման: Ու նաև` չպարտադրող. Դուք չպետք է «կպչուն տիպի» տպավորություն թողնեք:

ԱՅԳԻ

Կարելի է մոտենալ այգում միայնակ նստած աղջկան, նստել նույն նստարանին, բայց աղջկանից հեռու, խոսք բացել «չեզոք թեմաներից` եղանակ, այգում խաղացող երեխաներ, տնային կենդանիներ»…

ԽԱՆՈՒԹ

Հաճախ է պատահում, խանութում անծանոթ մարդիկ միմյանց հետ խորհրդակցում են այս կամ այն ապրանքի որակի և գնի շուրջ: Կարելի է առիթն օգտագործել:

ՄԱՐԶԱՍՐԱՀ

Եթե Դուք հաճախում եք մարզասրահ կամ որևէ մարզաձևի խմբակ, ապա այնտեղ անպայման կհանդիպեք հաճելի աղջկա, ում հետ կարող եք խոսել ձեր ընդհանուր հետաքրքրություններից:

ԳՐԱԴԱՐԱՆ

Եթե նկատել եք, որ Ձեր հավանած աղջիկը գիրք է փնտրում, կամ գրադարանավարից հարցնում է ձեր սիրած հեղինակի ստեղծագործությունը, առաջարկեք նրան ձեր օգնությունը: Համոզված եմ, որ աղջիկը Ձեզ կպատասխանի փոխադարձ ուշադրությամբ:

ԴԻՍԿՈՏԵԿ

Այսպիսի զվարճավայրերում աղջիկները, որպես կանոն, իրենց ավելի ազատ են զգում և պատրաստ են ծանոթանալու ու շփվելու: Կա մի թերություն` բարձր երաժշտությունը խանգարում է:

ԻՆՏԵՐՆԵՏ, ԹԵՄԱՏԻԿ ԿԱՅՔԵՐ, ՉԱԹԵՐ, ՖՈՐՈՒՄՆԵՐ

Այսպիսի ծանոթությունների առավելությունն այն է, որ Դուք ունեք աղջկա հետ զրուցելու պատրաստի թեմաներ և ընդհանուր հետաքրքրություններ: Իսկ թերությունը կենդանի շփման բացակայությունն է, որ դժվարացնում է միմյանց ճանաչելը. չէ՞ որ աչքերը հոգու հայելին են: Շատ հաճախ մենք մեր ինտերնետային զրուցակցին պատկերացնում ենք այլ կերպ, քան նա իրականում է:

ԱՇԽԱՏԱՎԱՅՐ

Եթե Դուք աշխատում եք գրասենյակում, իսկ հարևան բաժնում կա մի աղջիկ, ում հետ երազում եք ծանոթանալ, ապա միշտ էլ հնարավոր է առիթ գտնել. կամ աշխատանքի հետ կապված հարց տալ, բացիկ ուղարկել, շնորհավորել կանանց տոնի կամ ինչ-որ այլ առիթով: Կարելի է «մաղարիչ անել» Ձեր ինչ-ինչ հաջողության առթիվ և հրավիրել նաև նրան: Իսկ արդեն աշխատանքային օրվա վերջում կարելի է նրան ուղեկցել տուն կամ էլ ինչ-որ տեղ հրավիրել:

ՄԻՋՆՈՐԴ

Մեր օրերում շատ տարածված տարբերակ է. Դուք գնում եք Ձեր ընկերոջ ծնունդին և երեկոյի ընթացքում հավանում մի աղջկա, ապա խնդրում եք ձեր ընկերոջը, որ ձեզ ծանոթացնի: Իհարկե, հետևանքների համար նա պատասխանատու չէ:

Պատրաստեց ԺԱՆՆԱ ՖՈՒՐՏՈՅԱՆԸ
ենթասպա

Խորագիր՝ #49 (914) 15.12.2011 – 21.12.2011, Բանակ և հասարակություն


21/12/2011