Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓԱՌՔԻ ՈՒ ՊԱՏՎԻ ԱՐԺԱՆԻ



Տարեվերջի ամփոփիչ ստուգումները ցույց են տվել, որ գնդապետ Ա. Մուրադյանի հրամանատարությամբ գործող զորամասը պատրաստ է կատարելու իր առջեւ դրված մարտական առաջադրանքը։ Զորամասում ավարտվել են համալրման եկած անձնակազմի ընդունումն ու հանդերձավորումը, փաստաթղթային տնտեսության, նյութատեխնիկական բազայի, զինծառայողների ունեցվածքի համալրումն ու թարմացումը, ինչպես նաեւ կուլտուր-մասսայական ժամանցի սենյակների կահավորումը։ Զորամասն ամբողջովին պատրաստ է նոր ուսումնական տարվան, որի մեկնարկը կտրվի մի քանի օրից։
Վերջերս այցելեցինք գնդում եւ զորամիավորումում, ինչպես նաեւ մարտական հերթապահության արդյունքներով զինված ուժերում լավագույնը ճանաչված մայոր Հ. Աթոյանի հրամանատարությամբ գործող հրաձգային գումարտակի պահպանությանը վստահված մարտական հենակետեր, հանդիպեցինք ու զրուցեցինք առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ։
Վայոց ձորում առավոտը նոր էր բացվել, չորս կողմը խաղաղ էր։ Ներքեւում միայն Արփայի ջրերի մերթընդմերթ լսվող խուլ ճողփյունն էր, որ փորձում էր խանգարել բնության անդորրը։ Չէիր ասի, որ սահմանը շատ մոտ է։
-Սիրտս շատ է ցավում մեր գետի համար,- լռությունն առաջինը խախտեց մեզ դիրքեր ուղեկցող սպան՝ գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ մայոր Մ. Բադալյանը, որը ծնունդով այս լեռնաշխարհից է։ -Հոսում է, գնում թշնամու կողմը…
Մայոր Բադալյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ուսանելու առաջին օրվանից ծառայողական ոչ մի տույժ չի ստացել, խրախուսվել է բազմաթիվ շնորհակալագրերով ու պատվոգրերով, պարգեւատրվել «Անբասիր ծառայության» առաջին աստիճանի եւ «Գարեգին Նժդեհ» մեդալներով։
-Որոշեցի զինվորական դառնալ Արցախյան պատերազմում զոհված հորեղբայրներիս՝ օդաչուներ Գրիգոր Հակոբջանյանի, ում անունով անվանակոչվել է մեր գյուղի միջնակարգ դպրոցը, եւ Օնիկ Մանուկյանի վրեժը առնելու համար։ Օնիկը զոհվել է 1990, իսկ Գրիգորը՝ 1992 թվականին։
Խիզախ օդաչուներ են եղել, կյանքի կարճ, սակայն շիտակ ու պայծառ ուղի անցած հայորդիներ,- ներկայացնում է մայոր Բադալյանը։
Ժայռատակի փոքրիկ ոլորանով թեքվեցինք եւ հայտնվեցինք ուղեփակոցի առաջ։ Ժամապահը անմիջապես ձգվեց, մեծ ու կենսախինդ աչքերը հառելով հրամանատարին՝ զեկուցեց.
-Պարոն մայոր, իմ հերթապահության ժամանակ արտառոց ոչինչ չի պատահել։ Զեկուցող՝ շարքային Հակոբյան։
-Շարքային Արամ Հակոբյանը մեր գումարտակի լավագույն զինվորներից է, օրինակելի վարքով, պարտաճանաչ։ Ծնունդով Երեւանից է, Արաբկիրի տարածքային զինկոմիսարիատից է զորակոչվել։ Ծառայության ընթացքում աչքի է ընկել ծառայակից ընկերներին օգնելով, հրամանատարների հրամանները անվերապահորեն եւ ճշգրտորեն կատարելով,- իր ենթակային է ներկայացնում մայորը։
-Ինչպե՞ս են գործերդ, զինվոր,- հետաքրքրվում եմ։
-Գերազանց, պարոն մայոր, դժգոհություն չունեմ,- հակիրճ պատասխանեց շարքային Հակոբյանը։
Երբ հասանք հենակետ, նախաճաշն արդեն ավարտվել էր։ Զինվորները փութկոտ շարժումներով կարգի են բերում հենակետի տարածքը։ Լսվում է բարձրահասակ ու թիկնեղ սպայի հրամանը՝ «շարվե՛լ», եւ հաշված վայրկյանների ընթացքում դասակը մի մարդու պես շարվում է գետնատնակի դիմացի փոքրիկ հրապարակում։ Հենակետի ավագը՝ ավագ լեյտենանտ Գագիկ Հարությունյանը, զեկուցում է, որ դասակը մարտական հերթապահություն է իրականացնում հաստատված գրաֆիկի համաձայն, եւ որ հակառակորդի կողմից հրադադարի խախտում չի արձանագրվել։
Ավագ լեյտենանտ Գագիկ Հարությունյանն ավարտել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը եւ վիճակահանությամբ ծառայության նշանակվել հանրապետության հարավում տեղակայված զորամասում։
-Թշնամուն թույլ չենք տա, որ իրեն հանդուգն պահի,- վստահեցրեց երիտասարդ սպան։
Հենակետն ուներ նորոգ գետնատնակ, կից կառուցված փոքրիկ ճաշարան՝ սննդամթերքի պահպանման ու խոհանոցային անհրաժեշտ հարմարություններով։ Իսկ չժանգոտվող մետաղից պատրաստված սառնարանը վաղուց արդեն ճոխություն չեն համարվում։ Զինվորական կացարանում կատարյալ մաքրություն ու կարգուկանոն էր տիրում։ Պատին ամրացված փայտե փոքրիկ դարակներում զինվորների հիգիենայի պարագաներն էին, ներքեւում՝ սեղանին, ժամանցի պարագաները՝ շաշկի, շախմատ, որ մարտական հերթապահության մեջ չընդգրկված զինվորները վերցրին ու գնացին կացարանից ոչ հեռու իրենց իսկ ձեռքով կառուցած հանգստի տաղավարում ուժերը չափելու, ինչպես նաեւ խնամքով դարսված «Հայ զինվորի» համարներ ու մի քանի գեղարվեստական գիրք։
Այնուհետեւ գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի եւ հենակետի ավագի ուղեկցությամբ շրջեցինք խրամուղիներով, եղանք դիտակետերում, զրուցեցինք պահնորդներ, շարքայիններ Սեւակ Յավրումյանի, Անդրանիկ Թովմասյանի, Գեւորգ Հարությունյանի հետ։
Հենակետի նռնականետորդ Սեւակ Յավրումյանը ծնունդով Տաշիրի շրջանի ամենամեծ, իսկ Հայաստանում մեծությամբ երկրորդը համարվող Շահնազար գյուղից է։ Վեց տարեկան է եղել, երբ ընտանիքը մշտական բնակության է մեկնել Բելառուսի Հանրապետության Մոգիլյով քաղաք, որտեղ նա ուսում է ստացել, մարզական ակումբ հաճախել։ Դասական ոճի ըմբշամարտիկ է, սպորտի վարպետության թեկնածու։
-Ես ու հայրս որոշել էինք, որ անպայման պետք է ծառայեմ մեր՝ հայկական բանակում։ Հիշում եմ, երբ նոր էի դպրոցն ավարտել, հայրս ինձ հարցրեց՝ «տղա ջան, մտածե՞լ ես, թե ինչով կարող ես օգտակար լինել մեր երկրին ու ժողովրդին»։ Մտածեցի ու պատասխանեցի՝ «բանակում ծառայելով»։
Սեւակ Յավրումյանը հեռավոր Մոգիլյովից կամավոր գալիս ու մեկնում է բանակ։ Նրա ծառայության մեկ տարին լրացավ դեկտեմբերի 30-ին։
-Ինձ համար ամենեւին էլ դժվար չէ։ Դժվարը ծնողներիս համար է, որ անգամ ամենամեծ ցանկության դեպքում էլ կդժվարանան գալ ինձ տեսնելու, տեսնելու իրենց որդուն հայկական բանակի զինվորի համազգեստով։ Նրանք գիտեն, որ ես ծառայում եմ մեր երկրի հարավային սահանում, ոչ մի բանի կարիք չունեմ, ողջ-առողջ եմ,- իր անվարժ հայերենով ասաց Սեւակը։
Բաժանվելիս նրան խոստացա իր մասին պատմող «Հայ զինվոր» թերթի մի քանի օրինակ ուղարկել ծնողներին։
Հաջորդ ծանոթությունը դիտորդ շարքային Անդրանիկ Թովմասյանի հետ էր։ Նա մեզ ցույց տվեց հակառակորդի դիրքերը, լեռնալանջերին փորված, անզեն աչքով երեւացող խրամուղիները։
-Ի՞նչ հաճախականությամբ է թշնամին խախտում հրադադարը,- հետաքրքրվում եմ։
-Մինչեւ այս պահը հրադադարի խախտում չի եղել։ Իսկ ընդհանուր առմամբ` շատ են կրակում,- ասում է շարքային Թովմասյանը։
Անդրանիկին, որի ծառայության երկու տարին կլրանա գարնանը, գումարտակի հրամանատար մայոր Հ. Աթոյանը խրախուսել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։
Մեր այցի պահին շարքային Գեւորգ Հարությունյանը իր դիրքից դիտարկում էր տեղանքը։ Նա հենակետի գնդացրորդն է, ծնունդով Ստեփանավանից։ Կարեն եւ Մարինե Հարությունյանների միակ զավակը օրերս խրախուսվել է վաշտի հրամանատարի կողմից։
-Բանակում ես հասկացա, թե ինչ է իսկական ընկերությունն ու կոլեկտիվը։ Ծառայությանս ինը ամիսները անչափ ուսանելի եղան ինձ համար,- խոստովանում է Գեւորգը։
Շնորհավորելով դիրքապահ զինվորներին Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան առթիվ, մաղթելով խաղաղ ծառայություն՝ շարժվեցինք հաջորդ հենակետ, որտեղ ամբողջ թափով ինժեներական եւ ամրաշինական աշխատանքներ էին ընթանում։ Այստեղ ընդլայնվել ու թարմացվել էր խրամուղիների ցանցը, կառուցվել էին նորերը՝ դիտարկման առավել մեծ տեսադաշտ ունեցող դիտակետերով, առավել ապահով ու անվտանգ կրակակետերով։
Մեր այցի պահին Սամվել Հակոբյանի ջոկի տղաները՝ շարքայիններ Գեւորգ Ստեփանյանը, Վանիկ Հարությունյանը, Արմեն Բաբայանը, նոր էին իջել դիրքերից։ Նրանք բոլորն էլ մեկուկես տարի ծառայած, փորձառու դիրքապահներ են, վայելում են ծառայակիցների եւ հրամանատարության հարգանքն ու վստահությունը։ Միանգամից անկեղծ զրույցի եմ բռնվում նրանց հետ։
-Դժվա՞ր է սահմանային ծառայությունը,- հարցնում եմ։
-Ծառայությունը դժվար է, որտեղ էլ լինի։ Իսկ այստեղ թշնամին քթներիս տակ է։ Բայց մենք անփորձ չենք, ամուր ենք բնավորությամբ եւ կամքով ու, միեւնույն ժամանակ, զինված ենք լավագույն զինատեսակներով,- վստահեցնում է ջոկի հրամանատարը՝ գյումրեցի Սամվել Հակոբյանը։
-Գումարտակում բարոյահոգեբանական վիճակը կայուն է, մթնոլորտը՝ առողջ։ Ցանկացած իրավիճակից էլ կկարողանանք ելք գտնել, քանի որ այստեղ գործում է հայտնի սկզբունքը՝ «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի»։ Մեկս մյուսին օգնում է թե՛ գործով, թե՛ խորհուրդներով։ Այլ կերպ չի էլ կարող լինել, քանզի թշնամու դեմ դիմաց ենք,- ընկերոջ միտքն է շարունակում շարքային Գեւորգ Ստեփանյանը։
Վանիկ Հարությունյանն էլ չի թաքցնում իր բարձր տրամադրությունը. Ամանորին իրենց է այցելելու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը՝ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ։ «Ո՞վ գիտե, գուցե բախտ վիճակվի սեղմել նախագահի ու նախարարի ձեռքը, շնորհավորել նրանց Ամանորի ու Սուրբ Ծննդյան առթիվ»,- իր ցանկությունն է խոստովանում Վանիկը։
-Հավատացեք, որ այստեղ ամեն քայլափոխի զգում ենք սպայակազմի հոգածությունն ու ուշադրությունը, նրանք մեզ հարազատի նման են վերաբերվում,- վստահեցնում է շարքային Արմեն Բաբայանը։
Ունկնդրում եմ զինվորներին եւ անկեղծորեն հիանում. ասես առաջնագծում ծառայելու վտանգը, բնակլիմայական դժվարին պայմանները նրանց համար ոչինչ են։
2010 թվականին մայոր Աթայանի հրամանատարությամբ գործող գումարտակի ամենամեծ ձեռքբերումը գումարտակի անձնակազմի ուժերով կառուցված մարտական հերթապահության ավանն է, որտեղ մարտական հերթապահության մեկնելուց առաջ եռօրյա պարտադիր պարապմունքներ է անցկացնում անձնակազմը՝ ջոկի, դասակի կազմով։ Մեր այցի պահին նորակառույց ավանում պարապմունք էր անցկացնում ականանետային հաշվարկը՝ կրտսեր սերժանտ Մկրտիչ Եզելեկյանը եւ շարքային Գեւորգ Գեւորգյանը։
-Այս ավանը գումարտակի սպայակազմի թերեւս Ամանորի լավագույն նվերն է անձնակազմին,- ասաց մայոր Աթոյանը, որը գնդում եւ զորամիավորումում ճանաչվել է գումարտակի լավագույն հրամանատար։
Տունդարձի ճանապարհին վերհիշեցի առաջնագծում անցկացրած մեր անմոռանալի մեկ օրը, որն անցավ ինչպես մեկ ակնթարթ։ Ու ես կրկին համոզվեցի, որ հայ զինվորից լավ զինվոր աշխարհում չկա։ Հայ զինվորը քաջ է, անձնազոհ, նվիրված, ազնիվ, հայ զինվորը ոչ միայն մեծ հարգանքի, այլեւ փառքի ու պատվի է արժանի։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #01 (866) 12.01.2011 – 19.01.2011, Ազգային բանակ


20/01/2011