Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿՆՈՒՄ Է ԵՐԿՆՔԻՑ



Դեկտեմբերի 4-ին իրանական լրատվամիջոցները հայտարարեցին, որ երկրի զինված ուժերը Իրանի սահմանը խախտած ամերիկյան անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) են խոցել: Նախնական տեղեկությունները հակասական էին: Աֆղանստանում միջազգային կոալիցիոն ուժերի շտաբն էլ հայտարարել էր, որ հնարավոր է` ԱԹՍ-ը կորել է նախորդ շաբաթ, Աֆղանստանում տեղի ունեցած վարժանքների ժամանակ:

Օրերս ԱՄՆ-ը պաշտոնապես ընդունեց, որ Իրանում խորտակված գաղտնի առաքելություն իրականացնող «RQ-170 Sentinel» անօդաչու սարքը պատկանել է Կենտրոնական հետախուզական վարչությանը:

Ենթադրվում է, որ սարքը դուրս է եկել ամերիկյան հետախույզների վերահսկողությունից եւ ուղեւորվել Իրանի տարածք: Ընդ որում, ամերիկացիները կարծում են, որ այն Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից չի խփվել, այլ ընկել է վառելիքը վերջանալուց հետո: Այժմ ամերիկյան մասնագետները մտավախություն ունեն, որ իրանցի զինվորականների ձեռքում կարող են հայտնվել գաղտնի տեխնոլոգիաները, ներառյալ` վերահսկող տեսախցիկները, տարբեր ցուցիչներ եւ անօդաչու սարքի «անտեսանելիության» տեխնոլոգիան, որը սարքին հնարավորություն է տալիս աննկատ մնալ ռադիոտեղորոշիչ կայանների համար: Հայտնի է, որ սարքը իրանցի զինծառայողների ձեռքն է ընկել նվազագույն վնասվածքներով: Իսկ ցուցադրված տեսագրության մեջ հստակ երևում է, որ անօդաչու սարքը ոչ մի արտաքին վնասվածք չունի:

Ամերիկյան ԱԹՍ-ը խոցվել կամ խափանվել է Իրանի արևելյան` Աֆղանստանի հետ սահմանակից տարածքում: Սա կարող է նշանակել մի բան. կամ Իրանի ՀՕՊ-ը շատ հզոր է և արձագանքել է շատ արագ ու անվրեպ` թույլ չտալով, որ ԱԹՍ-ը խորանա երկրի տարածք, կամ էլ իրականում սարքը չեն խոցել, ինչը թերևս ավելի հավանական է. անօդաչուի անվնաս լինելը ստիպում է ենթադրել, որ նրա վրա չեն կրակել:

«RQ-170 Sentinel» ԱԹՍ-ը ամերիկյան գերժամանակակից հետախուզական սարք է, որը ստեղծել են «Lockheed Martin» ընկերության «Skunk works» բաժնի բարձրակարգ մասնագետները: ԱԹՍ-ը ստեղծված է նկատելիությունը նվազեցնող տեխնոլոգիաներով և օժտված է զարմանալիորեն երկար և բարձր թռչելու, ինչպես նաև արդյունավետ հետախուզություն կատարելու հատկանիշներով: Սարքը մարտական կիրառություն է անցել դեռեւս 2006-2007թթ. և մասնակցել շատ կարևոր առաքելությունների: Սա ևս անուղղակիորեն վկայում է, որ սարքի խոցումը քիչ հավանական է:

Չի բացառվում, որ թե՛ իրանական և թե՛ ամերիկյան կողմերն էլ իրականությունը թաքցնում են: Մասնավորապես, ամերիկացիները միգուցե չեն ուզում խոստովանել, որ ԱԹՍ-ը աշխատում էր Իրանի դեմ, իսկ իրանցիները չեն ուզում խոստովանել, որ սարքը չի խոցվել: Հետեւաբար, հարց է ծագում` ինչպե՞ս է այն ընկել իրանցիների ձեռքը: Ահա մի վարկած. անօդաչու թռչող սարքերն ունակ են ազատ թռիչքի, այսինքն` առանց կառավարման ճախրելու մինչև իսկ հարյուրավոր կիլոմետրեր: Դա վերաբերում է հատկապես «թռչող թև» սխեմայով սարքերին (ինչպիսին է «RQ-170 Sentinel»-ը). որոնց ազատ թռիչքի գործակիցը մեծ է, եւ կարող են կտրել երկար տարածություն, ապա հանգիստ վայրէջք կատարել: Այստեղ տեղին է հիշել պատմական մի նախադեպ:

1969թ. վերջին խորհրդային ռադիոտեղորոշիչ կայանները Բայկոնուր տիեզերակայանից մի քանի կիլոմետրի վրա հայտնաբերեցին սահմանախախտ ինքնաթիռ: Անմիջապես տարածաշրջանի ամբողջ ՀՕՊ-ը բերվեց մարտական վիճակի: Մինչդեռ սահմանախախտն ինքը վայրէջք կատարեց: Բանից պարզվեց, որ անօդաչու հետախուզական թռչող սարք էր, որը, սակայն, հետախուզել էր ոչ թէ ԽՍՀՄ, այլ Չինաստանի տարածքը: ԱԹՍ-ն օժտված էր ռադիոհետախուզության և ֆոտոհետախուզության սարքերով, ունակ էր թռչելու ավելի քան 5000 կմ, այն էլ բավականին մեծ բարձրության վրա: Իսկ փոքրիկ ռեակտիվ շարժիչի շնորհիվ կարող էր շարժվել գերձայնային արագությամբ:

Սարքն անծանոթ էր խորհրդային մասնագետներին, և միանգամից որոշվեց այն մանրամասնորեն ուսումնասիրել: Պարզվեց, որ ամերիկյան «D-21» անօդաչու հետախույզն էր, որը ստեղծել էին վերոնշյալ ընկերության նույն բաժնի մասնագետները: (Ի դեպ` երբ ԽՍՀՄ փլուզումից հետո Մոսկվա ժամանեց «Lockheed Martin» ընկերության գլխավոր կոնստրուկտոր Բեն Ռիչը, և նրան ցուցադրեցին այդ սարքի կտորները, նա անմիջապես ճանաչեց իրենց արտադրած «D-21» ԱԹՍ-ը, որը չէր վերադարձել Չինաստանից): Արդյունքում` 1971թ. մարտի 19-ին կայացվեց ԽՍՀՄ մինիստրների խորհրդի N57 որոշումը` ռազմարդյունաբերական համալիրի մասին: Որոշման համաձայն` կարճ ժամանակում պետք է ստեղծվեր ամերիկյան ԱԹՍ-ի խորհրդային համարժեքը:

Հաշվի առնելով իրադարձությունների նման զարգացումները` ամենեւին զարմանալի չի լինի, եթե կարճ ժամանակ անց «RQ-170 Sentinel»-ի նմանակը հայտնվի Իրանի, կամ, որ ավելի հավանական է, Չինաստանի բանակում: Բանն այն է, որ այս երկրներն ակտիվորեն համագործակցում են ռազմատեխնիկական ոլորտում. Չինաստանը Իրանին համեմատաբար բարձրակարգ տեխնոլոգիաներ մատակարարող հիմնական դաշնակից երկիրն է: Բավական է հիշել` երբ Ռուսաստանը հրաժարվեց Իրանին վաճառել «Ս-300» համալիրներ, Իրանը նույն այդ համալիրների համատեղ արտադրության մասին պայմանագիր կնքեց Չինաստանի հետ:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ

Հ.Գ.- Երբ հոդվածն արդեն պատրաստ էր տպագրության, հայտնի դարձավ, որ Ռուսաստանը և Չինաստանը ցանկություն են հայտնել ուսումնասիրելու ամերիկյան գերժամանակակից ԱԹՍ-ը և սպասում են իրանական կողմի պատասխանին:

Խորագիր՝ #49 (914) 15.12.2011 – 21.12.2011, Ռազմական, Ռազմաքաղաքական


21/12/2011