Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՆԵՐԱԼԻ ՏՂԱՆ



Ցարական բանակի հայ գեներալ Արշակ Տեր-Ղուկասովը Շուշիում դիտում էր ժողովրդական տոնախմբությունը։ Ասպարեզը տրամադրել էին ըմբիշներին։ Գեներալի կրտսեր տղան, մեկը մյուսի հետեւից, գետնեց իր բոլոր մրցակիցներին։ Վերջին մրցակիցը իր ավագ եղբայրն էր։ Բոլորը շունչները պահած հետեւում էին ըմբիշներին։ Գեներալը համոզված էր, որ ավագը կհաղթի, թեկուզ չհաղթի էլ, կրտսերը, հանուն պատշաճության, ժողովրդի առջեւ չի գետնի ավագին։ Բայց ահա, ըստ ականատեսի, կրտսերը թափ առավ ու «զմփալեն գետնով տվեց» ավագ եղբորը։ Հաղթանակը ամենեւին էլ չուրախացրեց գեներալին։ Նայելով իր առջեւ կանգնած կրտսեր տղային ու ներքուստ հիանալով նրա ամուր կազմվածքով, գեներալը հանդիմանում է նրան.

-Ինչպե՞ս չամաչեցիր, մեծ եղբորդ մեջքը էդքան մարդու մոտ գետնովը տվիր։

-Հայրիկ, երբ որ ծնվեց մեծ եղբայրս, դու գնդապետ էիր, իսկ երբ ես ծնվեցի, դու գեներալ էիր՝ ամոթ չէ՞ գեներալի տղան պարտվի գնդապետի տղայից…

ՀԱԿՈԲ ՄԱՆՋՅԱՆ

Խորագիր՝ #49 (914) 15.12.2011 – 21.12.2011, Պատմության էջերից


21/12/2011