ՍԽԱԼՎԵԼՈՒ ՍԱՐՍԱՓԸ
«Նա հակասությունների կծիկ է»
Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախկին նախագահի` Հեյդար Ալիևի որդին է, և թերևս հենց այս հանգամանքն է, որ ամենաէական կնիքն է թողել նրա անհատականության ձևավորման և ամբողջ կյանքի վրա: Ընդհանրապես, հոր դերը հատկապես որդու անհատականության ձևավորման և հետագա զարգացման մեջ շատ կարևոր է. ըստ էության, որդու արարքներին, կարծիքին, որոշումներին տրվող հենց նրա գնահատականն է տղայի համար կողմնորոշիչ դառնում տղամարդու վարքագծի ճիշտն ու սխալը որոշելիս: Սակայն երբեմն հայրերն այնքան մեծ սպասելիքներ են ունենում իրենց երեխաներից, որ մոռանում են վերջիններիս անհատականության մասին:
Այդպիսի հայր էր Հեյդար Ալիևը: Նա չափից շատ էր սիրում իր տղային, և ինչպես ցանկացած բռնապետի դեպքում, նրա մեջ ևս այդ սերը բավականին խիստ ձևեր էր ընդունում: Պատմում են, ամբողջ կյանքի ընթացքում հայրը ոչ մի րոպե Իլհամին հանգիստ չի տվել` դեռ մանկուց նրան պահել է մշտական և խիստ հսկողության տակ: Նույնիսկ երբ Իլհամ Ալիևն արդեն ներգրավվել էր ակտիվ քաղաքականության մեջ, հայրը մշտապես վերահսկում էր նրա ամեն մի քայլը: Հեյդար Ալիևը գուցե չէր գիտակցում իր այդ վարքագծի հետևանքները, սակայն փաստ է, որ նա իր զավակին ուղղակի կախվածության մեջ դրեց իրենից` զրկելով նրան ինքնուրույնությունից: Կարելի է ասել, որ դառնալով նախագահ` Իլհամ Ալիևը նմանակում է իր հորը` թե՛ որպես կառավարող, և թե՛ որպես անձնավորություն:
Թե Իլհամի համար ինչ է նշանակում Հեյդար Ալիևի նման հայր ունենալը, ակնհայտ է հենց իր իսկ խոսքերից. «Դա ինձ համար չափազանց մեծ պատասխանատվություն է: Դեռ մանկության տարիներին ես գիտեի, որ եթե ինչ-որ սխալ թույլ տամ, ապա մարդիկ կասեն` «Սա Հեյդար Ալիևի որդին է արել»: Իմ սխալ վարմունքը կհասցեագրվեր հորս, իսկ դա ես երբեք չէի կարող թույլ տալ: Իհարկե ես նաև գիտակցում եմ, որ իմ ձեռքբերումները ևս կապվում են Հեյդար Ալիևի անվան հետ: Այո, այն, ինչին ես կյանքում հասել եմ, իմ հոր դաստիարակության արդյունքն է»: Ակնհայտ է որդու մտավախությունը` կապված հոր անվանը, համբավին արժանի զավակ չլինելու և հոր հույսերը չարդարացնելու հետ: Ահա ևս մի հատված Իլհամ Ալիևի հարցազրույցներից.
Հարց. «Դուք Ձեր դիրքը ստացել եք Ձեր հորից: Դա ճի՞շտ եք համարում»:
Պատասխան. «Նախագահն ընդունել է որոշում, և ես համաձայնվել եմ: Եթե ուզում եք, կարող եմ այսպես ասել` ես ենթարկվել եմ մեր հանրապետության ղեկավարի կամքին»:
Հարց. «Դա հոր խնդրա՞նք էր որդուն»:
Պատասխան. «Ոչ, դա Ադրբեջանի հանրապետության նախագահի որոշումն էր»:
Փաստորեն, Հեյդար Ալիևի` որպես հոր հեղինակությունը բազմապատկվում է նրա հասարակական-քաղաքական դիրքի շնորհիվ և վերածվում բոլոր տեսանկյուններից բացարձակ հեղինակության` ստիպելով ենթարկվել անվերապահորեն: Անգամ մահից հետո Հեյդար Ալիևը չի դադարում որդուն առաջնորդելուց, նրա ստվերն ամենուր է. ինչ բարձունքի էլ հասնի Իլհամ Ալիևը, ընկալվելու է որպես «Հեյդարի որդի»:
Բնականաբար, հոր «ծանրության» տակ ճնշված անհատակությունն ի վերջո ինչ-որ կերպ պետք է դրսևորվեր: Եթե հոր կենդանության օրոք սեփական «Եսի» անտեսված լինելը դեռ տանելի էր Իլհամի համար, ապա հոր մահից հետո այն անխուսափելիորեն արթնանալու էր: Ահա այստեղից է առաջ գալիս Իլհամ Ալիևի անձնավորության ներքին հակասություններից գլխավորը. մի կողմից, նա իր հոր ժառանգն է և դրածոն, ուստի չի կարող հեռու գնալ նրա պարտադրած «իմիջից», մյուս կողմից` ինքն առանձին անհատ է և ինքնադրսևորվելու ցանկություն ունի:
Իլհամի համար ինքնահաստատման լավագույն ձևը կլիներ ինչ-որ կարևոր հարցում հորը գերազանցելը: Ա՜յ թե կարողանար զավթել Արցախը. ոչ միայն կգերազանցեր հորը, այլև իր ժողովրդի պատմության մեջ կմնար որպես «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնած առաջնորդ»: Կարելի է վստահաբար ասել, որ քաղաքական գործչի համար բավականին երիտասարդ Իլհամին այս նպատակը միանգամայն իրական է թվում, մանավանդ որ մինչև խորը ծերություն իշխանական լծակները ձեռքում պահած հոր օրինակը կարող է ժամանակ ունենալու պատրանք ստեղծել:
Ի տարբերություն հոր, որի գլխավոր թուլությունները փողը և իշխանատենչությունն էին, Ալիև-կրտսերի թուլություններն ավելի «գետնահակ» են` ազարտային խաղերը, խնջույքի սեղանների շուրջ ժամեր վատնելը և կանայք: Ժամանակին Հեյդար Ալիևի հրամանով Բաքվում փակվել էին բոլոր խաղատները: Համարվում է, որ նա արել էր դա իր և որդու` ապագա նախագահի համբավը չվտանգելու համար: Բնական է, որ նման նախասիրություններ ունեցող մարդը չի կարող աշխատասեր լինել, համենայն դեպս այնքան, ինչքան պահանջում է երկրի ղեկավարի պաշտոնը: «Եթե հանգուցյալ Հեյդար Ալիևն աշխատում էր օրական 20 ժամ, ապա նրա որդին բավարարվում է օրական 5-6 ժամով միայն»,- գրում է ադրբեջանական մամուլը:
Բավականին երկար ժամանակ լուրեր էին պտտվում այն մասին, որ Ալիևի ընտանիքում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, և նա սիրային կապի մեջ է թուրք երգչուհի Էբրու Գյունդեշի հետ: Իտալական մամուլն էլ, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, լուր էր տարածել, թե նրա կինը` գեղեցկուհի Մեհրիբան Ալիևան, իր հերթին սիրային կապի մեջ է ԱՊՀ երկրներից մեկի նախագահի հետ: Ամեն դեպքում, Իլհամն ինքը բազմիցս նշել է, որ իր համար ընտանիքն առաջնային է, հարցազրույցներից մեկի ժամանակ էլ պատմել է, որ իր կնոջը հանդիպել է 25 տարի առաջ` համերգներից մեկի ժամանակ, անմիջապես սիրահարվել է և հասկացել, որ նա իր կյանքի ուղեկիցն ու ընկերն է լինելու: Մեզ համար կարևորը ոչ այնքան Ալիևի` իր կնոջը դավաճանելու փաստերի հավաստիությունն է, որքան այն հարցը, թե զուտ հոգեբանական տեսանկյունից նա ընդունա՞կ էր նման վարքագծի, թե՞ ոչ: Կարծում ենք, որ այո, ընդունակ էր, քանի որ կանանց հետ ապօրինի կապերը և ազարտային խաղերի հակվածությունը կարող են բացատրվել որպես հոր բարոյական ճնշմանն ընդդիմանալու անգիտակցական ձգտումների հետևանք:
Իր հարցազրույցներից մեկի ժամանակ Իլհամը հայտարարեց. «Այս երկրում բոլոր որոշումները ես եմ կայացնում»: Մի կողմից, սա նույնպես հորը նմանակելու մի դրսևորում է: Մյուս կողմից, այս և նմանատիպ այլ հայտարարությունների հետևում թաքնված են ինքնահաստատման և շրջապատի կողմից ընդունված լինելու չբավարարված ձգտումները: Չբավարարված` հենց այն պատճառով, որ նույն այդ շրջապատը շատ լավ տեսնում է հոր և որդու միջև եղած տարբերությունը: Բնականաբար, ի վնաս որդու:
Իլհամը սարսափելի վախենում է սխալվելուց: Պատճառներից մեկն արդեն նշեցինք` հորն արժանի չհամարվելու վախը: Բայց բացի դրանից, կա նաև հոր ստեղծածը պահպանելու վիթխարի պատասխանատվությունը: Իսկ Արցախի հարցում (որն Ադրբեջանի համար առանցքային նշանակություն ունի)` նաև երրորդ պատճառը` «պարտվածի բարդույթը», այսինքն` երկրորդ անգամ պարտվելու վախը: Չմոռանանք նաև, որ Իլհամը հոգու խորքում շատ լավ հասկանում է հոր` որպես քաղաքական ու պետական գործչի գերազանցությունն իր նկատմամբ, և այդ պարագայում Հեյդար Ալիևի անհաջողությունը Արցախի դեմ պատերազմում հոգեբանական արգելք է նաև իր համար. «Մի՞թե կկարողանամ անել այն, ինչ չկարողացավ հայրս»` Իլհամը պետք է որ ինքն իրեն տված լինի այս հարցը:
Իլհամը բռնկուն բնավորություն ունի: Նույնիսկ իր մտերիմների շրջապատում նա հաճախ է ափերից դուրս գալիս և չնչին բաներից նյարդայնանում: Ասում են, որ նա կարող է վիրավորել իր ընկերներին, նույնիսկ հարվածել (ոմանք ասում են, որ նա սադիստական հակումներ էլ ունի), սակայն ընդհանուր առմամբ ոչ ոք չի նեղսրտում դրանից, քանի որ նրա զայրույթը տևական չէ, և նա շատ արագ կարողանում է վերականգնել իր դրական տրամադրությունը:
Որոշ փաստեր կան այն մասին, որ նա դեռ մանկուց լուրջ հոգեկան խնդիրներ է ունեցել: Մայրը նրան երկու անգամ տարել է Գերմանիա` բուժման, Մոսկվայում նրան հետազոտում էին առաջատար հոգեբույժները: Ըստ պաշտոնական վարկածի` նրա ախտորոշումն էր «կողմնորոշման խախտումը», իսկ դեռահասության տարիներին նրա արարքներն անկանխատեսելի էին և կտրուկ: Ըստ որոշ վկայությունների` Իլհամ Ալիևը մինչև այժմ էլ օգտվում է հոգեբույժների և հոգեբանների ծառայություններից:
Այս ամենը, անշուշտ, կարող է հիմք տալ ենթադրելու, որ Իլհամն հակված է արկածախնդրության, այդ թվում` քաղաքական: Սակայն առավել հավանական է թվում, որ նրան արկածախնդրությունից հետ պահող գործոնները` սխալվելու վախը և հորը նմանակելը, ավելի ուժեղ են:
ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Խորագիր՝ #49 (914) 15.12.2011 – 21.12.2011, Ուշադրության կենտրոնում, Ռազմական, Ռազմաքաղաքական