Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՀԱՊԱՏԻԺԸ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ



Մահապատիժը պատժի հնագույն ձեւերից է։ Համարվում է, որ այն առաջացել է «Աչքի դիմաց` աչք, ատամի դիմաց` ատամ» հինկտակարանյան սկզբունքից։ Ըստ դրա` մահապատիժն արդարացի է, եթե կիրառվում է մարդասպանի նկատմամբ: Մահապատժի տարածմանը նպաստեց նաեւ շատ հասարակություններում գոյություն ունեցող արյան վրեժխնդրության ավանդույթը, որը հետագայում փոխարինվեց պետության անունից իրականացվող օրինական մահապատժով։ Թեպետ հետագայում արյան վրեժխնդրությունը փոխարինվեց դրամական փոխհատուցմամբ` հօգուտ տուժողի, սակայն շատ երկրներում մահապատիժը պահպանվեց։

ԻՐԱՆ

Իրանի Իսլամական Հանրապետության Քրեական օրենսգրքի համաձայն` մահապատիժը ամենախիստ պատժամիջոցն է։ Իրանում այն կիրառվում է շարիաթի օրենքների համաձայն, 1979թ. Իսլամական Հանրապետության ստեղծման պահից։ Մահապատժի տեսակներն են` կախաղան հանելը, քարկոծելը, գնդակահարելը։ Համարվում է, որ Իրանում մահապատժի սկզբունքը մահվան դատապարտվածին առավելագույն ցավ պատճառելն է։

Մինչև 2008 թվականի փետրվարը Իրանում մահապատիժներն իրականացվում էին, որպես կանոն, հրապարակայնորեն։ Այնինչ, հաշվի առնելով երկրի բնակչության բացասական վերաբերմունքը հրապարակային մահապատիժների նկատմամբ, Իրանի դատական իշխանության նախագահի որոշմամբ` դրանք արգելվեցին: Այժմ հրապարակային մահապատիժ կարող է իրականացվել միայն Իրանի պետական դատական իշխանության ղեկավարի որոշմամբ: 2008թ. հուլիսին հրապարակային մահապատժի ենթարկվեց 30 մարդ, 2009թ. հունվարի 1 – ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ` 100 – ից ավելի: 2008թ. Իրանում մահապատժի է ենթարկվել առնվազն 346 մարդ:

Մահապատիժը, օրինակ, սպանության հանցանքի դեպքում, կարող է չեղյալ հայտարարվել, եթե սպանվածի հարազատները ներեն մարդասպանին կամ համաձայնեն ընդունել «արյան փրկագին»` սովորաբար դրամ։

Իրանի Իսլամական Հանրապետությունում մահապատիժ կարող է նշանակվել հետևյալ հանցագործությունների համար.

♦ սպանություն,

♦ բռնաբարություն,

♦ զինված կողոպուտ,

♦ հերետիկոսություն,

♦ Աստվածանարգություն,

♦ թմրանյութերի վաճառք,

♦ մարմնավաճառություն

♦ ամուսնական դավաճանություն,

♦ պետական դավաճանություն և լրտեսություն,

♦ պոռնոգրաֆիայի տարածում:

ԿԱԽԱՂԱՆ

Կախաղան հանելը Իրանում մահապատժի ամենատարածված ձևն է։ Իրականացվում է ճանապարհային կռունկի միջոցով, որը դատապարտվածին վեր է բարձրացնում։ Այդպիսով` մահը վրա է հասնում ոչ թե անմիջապես, այլ բավական ժամանակ անց. մինչև գիտակցության կորուստ կարող է տեւել 3-9 րոպե, իսկ մինչև մահ` մոտ 45 րոպե: Մահապատժի այս ձևը կիրառվում է տարբեր հանցագործությունների դեպքում, բայց հատկապես` բռնության, սպանության և երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար։

ՔԱՐԿՈԾՈՒՄ

Կիրառվում է հիմնականում այն անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում են ամուսնական դավաճանության կամ սեռական այլասերվածության հետ կապված այլ հանցագործությունների համար: Պատժի իրականացումից առաջ դատապարտյալի ձեռքերը կապում են մեջքի վրա, ապա մինչև գոտկատեղը թաղում են հողի մեջ։ Կանանց թաղում են մինչև պարանոցը:

Քարկոծման ժամանակ քարերը չպետք է շատ մեծ լինեն, որպեսզի դատապարտվածը «ժամանակից շուտ» չմեռնի, և ոչ էլ այնքան փոքր, որ դրանց քար անվանել չլինի։ 2002թ. մահապատժի իրականացման այս ձևը դադարեց կիրառվել, սակայն 2007- ից վերսկսվեց։

Գնդակահարությունը հազվադեպ է կիրառվում Իրանում։ Այն իրականացվում է գնդակահարող ջոկատի միջոցով: Երբեմն կիրառվում է մահապատժի այնպիսի տեսակ, ինչպիսին, օրինակ, մտրակահարությունն է. այդպիսի մահապատժի են ենթարկվում, օրինակ, միասեռականները։

2007թ. Իրանում ընդունվեց օրենք, որով մահապատիժ է նախատեսվում պոռնոգրաֆիայի տարածման համար։ Օրենքում նշվում է, որ պոռնոգրաֆիա տարածողները աշխարհը պղծողներ են։ Այս մեղքը, ըստ Ղուրանի և ըստ շարիաթի, դասվում է ծանրագույն մեղքերի շարքը:

2008թ. Իրանում մահապատժի են ենթարկվում այն տղամարդիկ, որոնք հավատափոխ են եղել` իսլամից անցնելով այլ դավանանքի։ Այս օրենքին ենթակա էին ոչ միայն Իրանի բնակիչները, այլ նաև երկրից դուրս բնակվող պարսիկները: Սակայն մեկ տարի անց` 2009թ. ամռանը, կրոնափոխների հանդեպ մահապատիժ չկիրառելու որոշում ընդունվեց։

Իրանում մահապատժի են ենթարկվում նաև 18 տարեկանը չբոլորած անձինք։ Իրանական օրենսդրությունը քրեական պատասխանատվություն է նախատեսում 14 տարի 7 ամիսը լրացած տղաների և 8 տարի 9 ամիսը լրացած աղջիկների համար։ Իրանական իշխանությունները պնդում են, որ մահապատիժը երկրում հանցավորության դեմ պայքարի արդյունավետ միջոց է: Մինչդեռ 2006- 2007թթ. մահապատիժների թվի կրկնապատկումը հանգեցրեց երկրում հանցագործությունների քանակի ավելացմանը։ 2009թ. ամռանը Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի արդարադատության հանձնաժողովն առաջարկեց երկրի Քրեական օրենսգրքից բացառել մահապատիժը։

ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ

Սաուդյան Արաբիան այն եզակի երկրներից է, որտեղ մահապատիժն իրականացվում է դաժան մեթոդներով, այդ թվում` գլխատման միջոցով: Բացի սրով գլխատելուց, որը ամենատարածված պատժամիջոցն է, այստեղ նաև քարկոծում են, հազվադեպ` գնդակահարում։ Առանձին դեպքերում գլխատված մարմինները նաև խաչում են։ Մահապատիժների մեծ մասն իրականացվում է հասարակական վայրերում, սովորաբար` քաղաքի կենտրոնական հրապարակում:

Սաուդյան Արաբիայում գոյություն ունի դահճի պետական պաշտոն: Մեքքայի գլխավոր դահճի պաշտոնը ժառանգաբար փոխանցվում է Ալ Բիշիների ընտանիքում, և յուրաքանչյուր իրավահաջորդի պաշտոնը հաստատվում է թագավորի կողմից: Ներկայումս գլխավոր դահճի պաշտոնը զբաղեցնում է Աբդալահ Իբն Սայիդ Ալ Բիշին։

ԸՆԹԱՑՔԸ

Սաուդյան Արաբիայում մահապատժի իրականացումը հատուկ արարողություն է, որը ձևավորվել է հարյուրավոր տարիների ընթացքում: Բոլոր մահապատիժները տեղի են ունենում կենտրոնական հրապարակում` կեսօրվա աղոթքից հետո: Մահվան դատապարտվածին տեղ են հասցնում աչքերը կապած։ Իրավապահները տարածքը ազատում են մեքենաներից և անցորդներից, որից հետո գետնին կապույտ կտոր են փռում։

Սպան դատապարտվածին առաջնորդում է հրապարակի կենտրոն, որից հետո վերջինս ծնկի է գալիս դեմքով դեպի Մեքքա։ Եթե մահապատիժը տեղի է ունենում Մեքքայում, ապա դատապարտյալը ծնկի է գալիս դեմքով դեպի Քաաբ։ Ոստիկանն ընթերցում է դատավճիռը և հրամայում իրագործել: Դահիճը ոստիկանից ստանում է իր սուրը, հետևից մոտենում դատապարտյալին, վերջնական վճիռն իրականացնելուց առաջ սուրը մի քանի անգամ թափահարում է օդում: Արյունահոսության վաղ դադարեցման համար ներկա է լինում բժիշկը։ Գլխատված մարմինն առանց դագաղի թաղում են նույն օրը:

Մինչև 1990- ականները Սաուդյան Արաբիայում մահապատժի էին ենթարկում բացառապես տղամարդկանց, սակայն 2007թ. սկզբին մահապատժի ենթարկվեց նաեւ 40 կին:

Ի դեպ` մահապատիժը արտացոլված է նաև արաբների մշակույթում։ Օրինակ` հայտնի ժողովրդական Ալ Առդա պարը հիմնականում բաղկացած է դահճի շարժումներից։ Սաուդյան Արաբիայում մահապատժի են ենթարկում հիմնականում հետևյալ հանցագործությունների համար.

♦ սպանություն,

♦ համասեռամոլություն,

♦ զինված կողոպուտ,

♦ դավաճանություն,

♦ բռնաբարություն,

♦ կրոնափոխություն,

♦ մաքսանենգություն,

♦ թրաֆիքինգ։

ՆԵԼԼԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
արաբագետ

Խորագիր՝ #49 (914) 15.12.2011 – 21.12.2011, Սոցիալ-իրավական, Տարածաշրջան


21/12/2011