Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌՈՂՋ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՒՂԵՐՁ



ԱՌՈՂՋ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՒՂԵՐՁՕրերս լույս է տեսել հոգեբանական գիտությունների թեկնածու, «Ուրարտու» համալսարանի  դասախոս և վերապատրաստման կենտրոնի ղեկավար Սեդա Վարդանյանի «Ապրելու հերոսություն» գեղարվեստական ոճով գրված հոգեբանական գիրքը, որի նպատակը նորակոչիկին, երիտասարդ սպային, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողին ու կամավորականին հոգեբանական վերականգնման և արդյունավետ ապրելու «դեղատոմսեր» տալն է:

Հեղինակը գիրքը սկսել է գրել դեռ 2020 թվականի հոկտեմբերի 9-ից: Այն գրելու ոգեշնչման աղբյուրը պատերազմում ունեցած  անձնական կորուստն է:

-Հոգեկան ցավը, այո´, ունի ստեղծագործականությանը   խթանելու ներուժ: Մյուս, թերևս ինձ համար, ամենակարևորը գաղափարն էր: Օգնել հոգեկան ցավ ու անկում ապրող մարդուն իր ցավը ապրել ու առաջ շարժվել: Ես դա կյանքում մի քանի անգամ եմ արել»,- մեզ հետ զրույցում ասաց Սեդա Վարդանյանը:

Գրքի ուղերձը մեկն է. բախվելով կյանքում ամենածանրին՝ մահվանն ու կորստին, ակտիվացնել ներսում ապրելու ու արարելու  հերոսությունը: Սեդա Վարդանյանի հավաստմամբ՝ իրապատումներում նման դրվագներ շատ կան: Եվ հեղինակը ցանկանում է այս գրքով նաև առողջ միասնականության ուղերձ հղել:

«Անկասկած, պատերազմը ծնում է կորստի ու մահվան թեման, ինչը պարզ ու սպասելի արդյունք է: Բայց միևնույն ժամանակ այն ծնում է հարցադրումներ, որոնք օգնում են մարդուն,  ինչու չէ՝ ազգին, այլ ձևով նայել իր գոյությանն ու կենսակերպին: Մնում է այդ հարցադրումները գիտակցել: Գրքում այդ հարցադրումները  թերևս կան»,- ավելացրել  է գրքի հեղինակը:

Թե ինչքանո՞վ է կարևոր իրապատումների հոգեբանական ազդեցությունը, Սեդա Վարդանյանն առաջինը նշեց այն փաստը, որ  հեղինակն ինքը գրքի հերոս է և անկեղծորեն ներկայացնում է իր ապրածը, ինչպես նաև սեփական,  հերոսների հույզերի, դրանց առաջացման աղբյուրների, խանգարող մտքերի ու հոգեբանական այլ ֆենոմենների  քննարկում ընթերցողի հետ: Ընթերողը և՛ դիտորդ է, և՛ մասնակից:

Զրույցի վերջում, պատերազմից հետո հոգեբանական վերականգնման գործընթացի մասին խոսելիս հոգեբանը նշեց, որ այն շատ անհատական գործընթաց է ու  կախված է առանձին անձի և ինչու չէ՝ ազգի ռեսուրսներից:

-Կարող եմ ինձ թույլ տալ անելու մի եզրահանգում. մենք դեռ վերականգնման գործընթացում ենք,  ուստի շատ բան դեռ մեր ձեռքերում է,- խոսքը եզրափակեց Սեդա Վարդանյանը:

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Խորագիր՝ Հոգևոր-մշակութային, Նորություններ


02/02/2022