Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԱՔՑՎԱԾ ՄԵՂՔԸ



Զղջումն առանց խոստովանության մեղքերի թողության չի հասցնում։ Եվ դա այս օրինակով է ցույց տրվում։

Մի կին, բոլոր իր մեղքերը խոստովանելով, մեկը թաքցրեց, քանի որ չար ամոթի պատճառով հայտնել չէր համարձակվում։ Դրա պատճառով խղճմտանքից հույժ չարչարվելով՝ եկեղեցի գնաց, եւ Սուրբ Սեղանի առաջ ընկնելով, ողջ մարմինն արտասուքներով ու մեծ պաղատանքներով ողողելով՝ Աստծուն աղաչում էր, որպեսզի այն մեղքը, որ ոչ մեկի հայտնել չէր համարձակվում, առանց խոստովանության թողնվի իրեն։ Երբ երկար ժամանակ այսպես աղոթում էր, այն քահանան, որ այդ ժամանակ եկեղեցում էր, տեսնում է սատանային, որ այս կնոջ վրայով այս ու այն կողմ էր թռչում եւ հրճվանքից ծիծաղում էր, ծափահարում եւ վա՜շ, վա՜շ կանչում։ Քահանան դրա համար սատանային մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով երդվեցնում է՝ ասելով.

-Ո՜վ պիղծ, ինչի՞ց է, որ այդպես ուրախանում ես։ Ասա՛ ինձ պատճառը, քեզ ի՞նչ է պատահել։

Սատանան պատասխան է տալիս.

– Ինչպե՞ս չծիծաղեմ՝ տեսնելով այս կնոջը, ուր կոծելով ու ողբալով՝ դեպի դժոխք է սլանում։ Անմիտը կարծում է, թե լալով ու արտասվելով՝ իր մեղքը, որ չի խոստովանել, կկարողանա ջնջել, անկարելիին է ձգտում։ Ծաղրի եւ ոչ թե թողության է արժանի։

Այս լսելով՝ քահանան կնոջ մոտ գնաց եւ, ինչ որ տեսել ու լսել էր, նրան պատմեց եւ երկչոտին, ինչպես որ կարող էր, խոստովանության հորդորեց։ Իսկ կինը, մի կողմ թողնելով իր ամոթը, այն մեղքը, որ այդքան ժամանակ թաքցրել էր, մեծ խոնարհությամբ ու արտասուքներով խոստովանեց։ Այս տեսնելով՝ սատանան մեծ աղաղակով ու եկեղեցին գարշահոտությամբ լցնելով, անհայտացավ եւ այլեւս չերևաց։

Խորագիր՝ #49 (914) 15.12.2011 – 21.12.2011, Հոգևոր-մշակութային


21/12/2011