Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՊԱՐՏ ՈՒ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ԶԻՆՎՈՐԻ ՈՒ ԲԱՆԱԿԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ



ՀՊԱՐՏ ՈՒ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ԶԻՆՎՈՐԻ ՈՒ ԲԱՆԱԿԻ ԿՈՂՔԻՆ ԵՄՊՆ կենտրոնական պոլիկլինիկայի վարակաբան Իրինա Հարությունյանը ծնվել է Ստեփանակերտում: Նրա մանկությունն անցել է ապաստարաններում, անվերջ հրետակոծության, ռումբերի ոռնոցի տակ: Նա տեսել է ազգայինազատագրական պայքարի դժվարությունները, զգացել է հաղթանակի ու ազատության անպարագրելի բերկրանքը:

Բանակաշինության ծանր տարիներին, երբ զորքերում մոլեգնում էին համաճարակները՝ աղիքային վարակներն ու վիրուսային թոքաբորբերը, մենինգիտն ու վիրուսային հեպատիտը, վարակաբան Իրինա Հարությունյանը բուժծառայության ամենաթեժ կետում էր՝ Արցախի բանակում՝ Իվանյանի հոսպիտալում: Իսկ հիմա, երբ համավարակը պատուհասում է ամբողջ աշխարհը, Իրինա Հարությունյանը դարձյալ դեպքերի էպիկենտրոնում է. Նա ՊՆ Երևանի կենտրոնական պոլիկլինիկայի վարակաբանն է:

 

Տիկին Հարությունյան, օրերս տոնեցինք ազգային բանակի երեսնամյա հոբելյանը: Դուք ստեփանակերտցի եք, մեր ազատագրական պայքարի ու բանակի կազմավորման ականատեսը: Որո՞նք են այդ տարիների ամենավառ հիշողությունները:

-Մենք երբեք ադրբեջանցիներին չենք վերաբերվել որպես բարեկամի ու նրանց կողքին անհոգ ու ապահով չենք ապրել: Հիշում եմ՝ մայրս ասում էր, որ խանութ գնալիս շրջանցեմ ադրբեջանցիների տները: Ադրբեջանցիները մեզ համար 20-րդ դարասկզբին եղեռն իրականացրած թուրքերի զավակներն էին, որոնցից միշտ պետք էր զգուշանալ: Խորհրդային տարիներին յուրաքանչյուր արցախցի մանկուց գիտեր, որ իր ծննդավայրը՝ Արցախը, հայկական տարածք է ու պատմական անարդարությամբ բռնակցվել է Ադրբեջանին: Եվ երբ սկսվեց ազգային ազատագրական զարթոնքը, ճշմարտությունը վերականգնելու վճռականությունը վարակեց բոլորին: Նպատակը այնքան նվիրական էր, որ ոչ ոք չսակարկեց: Մենք պատրաստ էինք ոչ միայն մեր բարեկեցությունը, այլև կյանքը տալ հանուն ազատ, ադրբեջանական լծից ազատագրված հայրենիքի:

Ովքե՞ր են Արցախյան առաջին պատերազմին մասնակցել Ձեր ընտանիքից:

-Իմ գերդաստանի բոլոր տղամարդիկ մասնակցել են ազատագրական պայքարին՝ պապս, հայրս, հորեղբայրներս, քեռիներս: Իմ ընտանիքը անգամ կռվի ամենադաժան օրերին գեթ մեկ օրով չի լքել Ստեփանակերտը: Ադրբեջանցիները տասնապատիկ գերազանցում էին մեզ մարդկային ներուժով ու զենքերի քանակով, բայց նրանք չդիմացան մեր հայրենասիրության, խիզախության ու կամքի թափին: Հիշում եմ, թե որքան մեծ էր մեր սերն ու ակնածանքը ֆիդայիների հանդեպ: Հետո եկան ազգային բանակի առաջին զինվորներն ու սպաները: Ժողովուրդը պարզապես պաշտում էր նրանց: Մենք մեր տան ամենալավ պատառը ռազմիկին էինք տալիս: Այդքան մեծ սերն ու այդքան ամուր միասնականությունը կհաղթեին ցանկացած հակառակորդի:

Հիշում եմ Շուշիի ազատագրության օրը: Դա աննկարագրելի ցնծություն էր: Մարդիկ արտասվում էին ուրախությունից:

Իսկ հիմա ինչո՞ւ եք արտասվում: Դրանք անցյալի վերհուշից ծնված ուրախության արցունքնե՞ր են, թե՞ այսօրվա ցավի, կորստի

-Ես հուզվեցի՝ հիշելով այն ոգեղեն տարիները ու ցավում եմ այն հրաշալի սերնդի համար, որ քաջաբար, արժանապատիվ, իսկական հայ տղամարդու պես կռվեց հանուն հայրենիքի ազատության ու զոհվեց: Դա անվերականգնելի կորուստ է, սիրտս անասելի ցավում է նրանց համար, նրանց մայրերի համար: Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմում թուրքերի զավթած հայկական հողերին, ապա առաջին անգամ չէ, որ մենք հող ենք կորցնում ու անպայման ազատագրելու ենք մեր հայրենիքը:

Ձեր ընտանիքում բժիշկներ չկան, ինչպես եղավ, որ Դուք զինվորական բժշկի մասնագիտությունն ընտրեցիք:

-Իմ եղբայրը նույնպես զինվորական բժիշկ է, վիրաբույժ: Անկեղծ ասած՝ փոքր տարիքում ես ասում էի, որ դառնալու եմ Մարգրիտ Թետչեր՝ երկաթե լեդի: Ուզում էի ընդունվել միջազգային հարաբերությունների ֆակուլտետ:

Դուք երկաթե բնավորությո՞ւն ունեք:

-Փոքր ժամանակ մեր թաղի տղաները զգուշանում էին ինձնից: Եթե պետք էր, նաև ծեծում էի նրանց, երբ հանիրավի նեղացնում էին փոքրերին ու թույլերին: Տարիների հետ իմ կանացի «որակները» զարգացան, գլուխ բարձրացրին քնքշանքն ու կարեկցանքը՝ աստիճանաբար ինձ մղելով դեպի մասնագիտություններից ամենամարդասիրականն ու ամենանվիրականը: Ես ընդունվեցի Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ: Այդ տարիներին ով քիչ թե շատ շփվում էր բանակի հետ, լսում էր զինվորական բժիշկների կատարած տիտանական աշխատանքի, նրանց գործի կարևորության մասին: Բանակ կոչվող մեծ ու պատվելի ընտանիքի անդամ լինելը մեծ բարեբախտություն էր հայրենասեր մարդու համար, ու ես տեղափոխվեցի ռազմաբժշկական ֆակուլտետ: Ինձ հետևեց նաև կրտսեր եղբայրս, որը նախկինում ուզում էր ֆիզիկոս դառնալ ու ահարկու զենքեր ստեղծել: Ահա, այդպես երկուսս էլ համալրեցինք զինվորական բժիշկների շարքերը:

Ձեր կենսագրության մեջ գրված էր, որ մոտ քսան տարի բանակում եք: Այսինքն՝ Ձեր նորամուտը զորքեր համընկել է այն տարիներին, երբ բանակում վարակները անպակաս էին և´ ամռան, և´ ձմռան շրջանում: Ատիպիկ թոքաբորբից ու կայծակնային մենինգիտից զինվորներ էին մահանում, զինվորական բժիշկները գիշերը ցերեկ դարձրած պայքարում էին տուբերկուլյոզի դեմ

-Ես ծառայում էի Իվանյանի հոսպիտալում, որը բուժծառայություն էր ապահովում Արցախի ամբողջ բանակի համար: Շաբաթներով, պատահում էր՝ ամիսներով տուն չէինք գնում, գիշերում էինք հոսպիտալում կամ զորամասերում, որտեղ վարակը տարածված էր, որպեսզի ամեն պահի լինենք հիվանդ զինվորների կողքին, կարողանանք նրանց շարք վերադարձնել: Ես երջանիկ եմ, որ անմնացորդ նվիրվել եմ իմ աշխատանքին: Սիրած գործով զբաղվելը, անշահախնդիր, անհատույց նվիրվելը հոգեկան բավականության ամենամեծ աղբյուրն է մարդու համար: Դրանք հերոսական, վեհաշունչ, ոգեղեն տարիներ էին, երբ մենք բանակ ու հայրենիք էինք կառուցում:

Իսկ ինչո՞ւ տեղափոխվեցիք Երևան:

-Ես երբեք չէի հեռանա իմ ծննդավայրից, եթե չլիներ ամուսնությունս երևանցի տղայի հետ:

Արդեն 9 տարի է, ինչ ծառայում եմ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայում: Ամուսնությունից տասը տարի անց մեծ ջանքերի գնով վերջապես բալիկ էի ունեցել, երբ սկսվեց համավարակը: Ես երեք ամսական երեխայիս թողեցի տատիկի՝ ամուսնուս մոր խնամքին ու գնացի ծառայության: Պատահում էր՝ օրը 120 հիվանդ էինք ընդունում: Մանավանդ՝ սկզբնական շրջանում շատ դժվար էր, որովհետև նոր, չուսումնասիրված, անկանխատեսելի վիրուս էր տարածվել, հիվանդները անընդհատ խորհրդատվության կարիք ունեին, պիտի հսկողությունը չթուլացնեիր ոչ մի վայրկյան… Շատ դժվար էր, դժվար է նաև այսօր, բայց ես հպարտ ու երջանիկ եմ, որ բժիշկ եմ ու զինվորական: Որ զինվորի ու բանակի կողքին եմ:

Շատ եմ ցանկանում, որ մեր բանակի կենտրոնական հոսպիտալի կազմում լինի ինֆեկցիոն բաժանմունք, ինչը հնարավորություն կտա զինվորներին ու սպաներին բուժվել զինվորական կառույցում և արդյունավետ կազմակերպել հետագա հսկողությունը:

Ձեր ամուսինն էլ է զինվորական: Դժվար չէ՞, երբ մի ընտանիքում երկու զինվորական կա:

-Ես երախտապարտ եմ ամուսնուս ծնողներին, որ նրանք ամենայն հոգատարությամբ խնամում են իմ աղջկան՝ Մարինեին, որը արդեն 2 տարեկան է: Երբ երեխան ավելի փոքր էր, այնքան էինք բացակայում տնից, որ ո´չ ինձ էր ճանաչում, ո´չ ամուսնուս…

Ինչ երազանքներով է ապրում այսօր զինվորական բժիշկը, մայրը, արցախցին

-Ես միայն մի երազանք ունեմ. կրկին տեսնեմ, թե ինչպես են հայերը քոչարի պարում Շուշիում ու Դիզափայտի բարձունքին, շնորհակալություն հայտնեմ Աստծուն…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #03 (1425) 5.04.2022 - 8.04.2022, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


03/02/2022