ՍՈՒՏ ՄԻ՛ ՎԿԱՅԻՐ
Տասը պատվիրաններ
Սուտ վկայությունը մեծ մեղք է եւ բազմաթիվ չարիքների պատճառ։ Ստի աղբյուրը հենց ինքը չարն է, եւ առաջին սուտ վկայությունը տրվել է նրա կողմից. «Ինչու՞ Աստված ասաց, թե դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից չեք կարող ուտել … Քանզի գիտեր Աստված, որ այն օրը, երբ ուտեք այդ պտղից, կբացվեն ձեր աչքերը, եւ կլինեք աստվածների պես՝ բարին և չարն իմացող» (Ծն. Գ 1-4)։ Եվ այսպես, մեղքն ու մահը ստով մտան աշխարհ։
Այս պատվիրանը խախտում են նրանք, ովքեր դատարաններում, զանազան ատյաններում, իրենց ղեկավարների եւ ենթակաների ներկայության պատճառով, շահագրգռությամբ կամ ուղղակի կաշառքով սուտ վկայություն են տալիս եւ կեղծում ճշմարտությունը։ Սա նշանակում է ուղղակի մերժել Աստծուն, քանզի Քրիստոս ասաց. «Ես եմ Ճշմարտությունը» (Յովհ. ԺԴ 6) եւ «Երբ գա Մխիթարիչը, որին ես կուղարկեմ Հորից, Ճշմարտության Հոգին, որ ելնում է Հորից (Հովհ.ԺԵ 26)… որովհետեւ հենց Հոգին է Ճշմարտությունը» (Ա Հովհ. Ե 7)։
Այս պատվիրանը խախտում են նաև այն մարդիկ, որոնք բարկության, նախանձի եւ չկամության պատճառով կամ անմեղ մարդկանց անունն ու պատիվն արատավորելու համար թշնամաբար հայտնում եւ անհիմն տարածում են ուրիշների գաղտնիքները, նենգաբար մեկնում մերձավորների խոսքերն ու գործերը, բամբասում, կեղծ լուրեր տարածում, հրապարակում մարդկանց արատները, թուլությունները, մեղքերը եւ այլն։ Այսպիսիները մոռանում են, որ պետք է խորհեն սեփական մեղքերի ու արատների մասին եւ խոր ապաշխարությամբ ջանան թողություն ստանալ Աստծուց։
Այս պատվիրանի դեմ մեղանչում են նաեւ կեղծավորները, շողոքորթները, դավաճանները, երկերեսանիները եւ չարախոսները, որոնք չեն գիտակցում իրենց գործած մեղքերի ծանրությունը, մտածում են, որ դրանք աշխարհիկ կյանքի պահանջներն ու ձեւերն են, եւ դրանցով կարելի է հասնել բարեկեցիկ կյանքի։ Միգուցե աշխարհիկ վայելքների եւ հարստության կարելի է հասնել, բայց ոչ հոգու փրկության, որովհետեւ վերը նշված մեղքերը առաջանում են նախանձից, հպարտությունից, փառասիրությունից, ագահությունից, բղջախոհությունից, բարկությունից, գողությունից, սպանությունից եւ այլ հոգեկործան մեղքերից։ Այս չարիքից ազատվելու համար պետք է նախ զղջալ եւ խոստովանությամբ ապաշխարել, հարթել այս մեղքի վնասները եւ փոխհատուցել նրան, ում հանդեպ որ կատարվել է, ապա գործել այս մեղքերին հակառակ առաքինությունները, որոնք են՝ ճշմարտասիրությունը, ուղղամտությունը, ազնվությունը, պարզությունը, չափավորությունը, խոհեմությունը, հավատարմությունը, հարգանքը, մարդկանց բարի անունն ու պատիվը պաշտպանելը, որպեսզի արժանանանք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի խոստացած հավիտենական կյանքին ու փրկությանը։
Խորագիր՝ #49 (914) 15.12.2011 – 21.12.2011, Հոգևոր-մշակութային