Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՋԵՐՄՈՒԿԻ ՓԵՍԱՆ



«Սամվել Ջահանգիրյանը ծնունդով Մարտակերտի Ջանյաթաղ գյուղից է։ Հայկուշն էլ ծնունդով Ջերմուկից է։ Երեւանում ուսանելու տարիներին ծանոթացել էր Հայկուշի հետ, ու նրանք ընտանիք էին կազմել, ապրում էին Ջերմուկում։ Սամվելին կատակով «Ջերմուկի փեսա» էինք ասում։ Երբ սկսվեցին սահմանային ընդհարումները, ինչպես շատ արցախցիներ, Սամվելն էլ առաջին իսկ օրից զենքը ձեռքը վերցրեց ու մեկնեց հայրենի եզերքը պաշտպանելու։ Զոհվեց 1992-ի հունիսի 30-ին՝ ծննդավայրի պաշտպանական մարտերից մեկի ժամանակ։ Ամուսինս՝ Բաբկեն Վարդանյանն ու իր մարտական ընկերները, մեծ դժվարությամբ Սամվելի դիակը հետ բերեցին (ազերիները դիակը տարել էին) և հուղարկավորեցին ծննդավայրում։ Հետո Ջերմուկի զոհվածների ծառուղում մի քար ավելացրին Սամվելի անուն-ազգանունով, նրա հիշատակի համար, որովհետեւ տղաները շատ էին կապված իրար հետ, շատ էին սիրում «Ջերմուկի փեսային»։ Սամվելի ծնողները որդու զոհվելուց հետո եկան, մի քանի տարի ապրեցին Ջերմուկում, սակայն ծննդավայրի կարոտը նորից նրանց հետ տարավ գյուղ, իրենց որդու մոտ։

Սամվել Ջահանգիրյանի զոհվելուց մեկ ամիս անց ծնվեց նրանց առաջնեկը։ Կարմրաթուշ աղջնակին ի հիշատակ և ի պատիվ հոր` անվանեցին Սամվելուհի։ Սամվելուհին այժմ Երեւանի բժշկական համալսարանի ուսանողուհի է»,- պատմեց Բաբկեն Վարդանյանի այրին՝ տիկին Անգին Գրիգորյանը։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #49 (914) 15.12.2011 – 21.12.2011, Հոգևոր-մշակութային


21/12/2011