ԳԻՇԵՐԱՅԻՆ ՊԱՀԵՐԻՆ…
Ֆելիքս Հարությունյանն ուզում էր գյուղատնտես դառնալ, սակայն սկսվեց Արցախյան ազատագրական պայքարը, եւ նա էլ զենքը ձեռքին գնաց պաշտպանելու Հայաստանի, Արցախի սահմանները։ Մինչ 2009-ի փետրվարը ծառայում էր պայմանագրային գումարտակում։
Ֆելիքս Հարությունյանի բանաստեղծությունները, որոնք ինչպես հեղինակը խոստովանեց, «գրվել են գիշերային դադարի պահերին, երբ անքուն կանգնած ես մարտական հենակետում»: Բանաստեղծությունները գուցե չունեն գեղարվեստական բարձր արժեք, սակայն կա մի այնպիսի արժանիք, որը միայն ի վերուստ տրվում է նրանց, ովքեր երբեւէ հավակնություն չեն ունեցել բանաստեղծ դառնալու, այլ գրիչ են վերցրել` իրենց հոգու ճիչը, խռովքը մեղմելու, սրտի խոսքը ասելու։
Մայրիկիս
Մի՛ տխրիր, մայր իմ, եթե կարող ես,
Համբերիր, մայր իմ, եթե կարող ես,
Շատ գործեր մենք դեռ պետք է հասցնենք,
Գոնե այս անգամ կիսատ չթողնենք։
Արդ նույն ոսոխն է ատամ կրճտացնում,
Մեր սահմաններում զորք ավելացնում
Չենք թողնի, մայր իմ, նրանք առաջ գան՝
Մեր ուսերին է ազգի ապագան։
Մեր հերոսների արյունով ներկված
Հողերն ենք պահում սահմանում կանգնած
Մի՛ տխրիր, մայր իմ, եթե կարող ես,
Համբերիր, մայր իմ, եթե կարող ես
Շատ գործեր մենք դեռ պետք է հասցնենք,
Գոնե այս անգամ կիսատ չթողնենք։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր