Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԹԻՐԱԽ



Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, գնդապետ ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ պարզաբանում է հոգեբանական օպերացիայի էությունը:

– Պարոն Մարգարյան, վերջին շրջանում լույս են տեսնում բազմաթիվ գրքեր և հոդվածներ, որոնցում «տեղեկութային պատերազմի» մասին խոսելիս նկատի են ունենում ԶԼՄ-ներով տարածվող տեղեկույթը (ինֆորմացիան): Բայց չէ՞ որ տեղեկույթ է նաև բամբասանքը կամ ասեկոսեն, որ ԶԼՄ-ներով չի տարածվում:

– Իրավացի եք: Իրականում «տեղեկութային պատերազմ» հասկացության մեջ ռազմագետները տեղեկույթը հասկանում են շատ ավելի լայն իմաստով` որպես հաղորդումներ, տեղեկություններ, որոնք ընկալում են ինչպես կենդանի օրգանիզմները, այնպես էլ կառավարող մեքենաները և այլ տեղեկութային համակարգեր…

– Կներեք, «կենդանի օրգանիզմը» մարդիկ են, «կառավարող մեքենաները»՝ համակարգիչնե՞րը:

– Այո, բայց ոչ միայն: Տեղեկութային համակարգի օրինակ է նաև ժամանակակից բջջային հեռախոսը, գրպանի ռադիոընդունիչը և այլն: Ուստի տեղեկութային պատերազմի օբյեկտ է ցանկացած տեղեկույթ, որը շրջանառում է կամ պահվում է համակարգչային, հեռահաղորդակցական և այլ ցանցերում, զորքերի մարտական կառավարման և կապի համակարգերում, զենքի կառավարման համակարգերում և համալիրներում, հետախուզության, ՀՕՊ-ի միջոցներում և այլ համակարգերում, ինչպես նաև հասարակական և անհատական գիտակցության մեջ:

– Ուզում եք ասել՝ մարդու հիշողության մեջ պահված գիտելիքը նո՞ւյնպես տեղեկութային պատերազմի օբյեկտ է:

– Իհարկե: Ավելին, ես կասեի՝ առաջնային օբյեկտ:

– Իսկ ի՞նչն է համարվում տեղեկութային (ինֆորմացիոն) պատերազմ:

– Տեղեկութային պատերազմն այնպիսի մարտական գործողությունների ամբողջություն է, ինչպիսիք են հետախուզության լայն կիրառումը, հակառակորդին մոլորության մեջ գցելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները, օպերատիվ գաղտնիացումը, հոգեբանական օպերացիաները, էլեկտրոնային մարտական միջոցների կիրառումը հակառակորդի ամբողջ տեղեկութային համակարգի խոցման, տեղեկութային հոսքերի խզման, նրա զորքերի մարտական կառավարման և կապի համակարգերի թուլացման ու քայքայման համար, ինչպես նաև յուրային համակարգերի պահպանության ապահովման միջոցառումները:

– Երևի հենց ԶԼՄ-ներն ու հեռահաղորդակցության ցանցերն էլ տեղեկութային պատերազմի հիմնական միջոցներն են:

– Պատկերացրեք՝ այդպիսի միջոց է նախևառաջ ծանր սպառազինությունը` հակառակորդի շտաբ-կայանների, հրամանատարական կետերի և մարտական կառավարման կենտրոնների ոչնչացման համար: Իսկ դրան հաջորդում են ճնշման էլեկտրոնային միջոցները կամ էլեկտրամագնիսական զենքը` հակառակորդի հետախուզական կենտրոնների, կապի միջոցների և ռադիոտեղորոշումային կայանների աշխատանքի խաթարման համար, հակառակորդի հետախուզական մարմինների մոլորեցումը՝ հարձակողական օպերացիաների նախապատրաստումն ու անցկացումը նմանարկելու միջոցով, յուրային տեղեկույթի գաղտնիության ապահովումը և անմատչելիացումը, և վերջապես՝ հոգեբանական օպերացիաների կազմակերպումը, այսինքն՝ հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր նյութերի օգտագործումը հակառակորդի բարոյական ոգու ճնշման, նրա գիտակցության վրա ազդելու նպատակով:

– Դուք անընդհատ շեշտում եք՝ հեռուստատեսություն, ռադիո, մամուլ և զանգվածային այլ լրատվամիջոցներ: Իսկ հակառակորդի գիտակցության վրա ազդելու մյուս ձևերը, օրինակ՝ հիպնոսի ենթարկելը կամ վախեցնելը հոգեբանական օպերացիաներ չե՞ն:

– Մի շարք գիտնականների կարծիքով` հոգեբանական օպերացիաներ են այն բոլոր պլանավորվող միջազգային հաղորդակցությունները, որոնք ուղղված են ուրիշների հոգեբանության վրա ազդեցություն գործելուն: Այլ կերպ ասած` հոգեբանական օպերացիայի գործառույթը հաղորդակցության օգտագործումն է՝ վարքի վրա ազդեցություն գործելու նպատակով: Ըստ այս սահմանման՝ եթե ձեր բերած օրինակում հիպնոսի ենթարկելը կատարվում է հաղորդակցվող կողմին կոնկրետ վարքագծային դրսևորումների հանգեցնելու նպատակով, ապա դա էլ է հոգեբանական օպերացիա:

– Ուրեմն՝ 1980-ականների վերջին նախկին ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությամբ «էքստրասենսներ» Կաշպիրովսկու և Չումակի սեանսների հեռարձակումը հոգեբանական օպերա՞ցիա էր:

– Ըստ այդ սահմանման՝ այո՛:

– Ո՞վ էր հոգեբանական օպերացիա իրագործողն այդ դեպքում:

– Թերևս այս դեպքում խոսքը հասարակության լայն զանգվածների վարքը կառավարելու մասին է: Իսկ օպերացիան իրագործողն էլ, կարծում եմ, ԽՍՀՄ-ի կազմաքանդմամբ շահագրգիռ ուժերն էին:

– Ստացվում է, որ տեղեկութային պատերազմ վարելու միջոցը՝ հոգեբանական օպերացիան, կարող է կիրառվել ոչ միայն հակառակորդի դեմ, այլև տվյալ երկրի բնակչության վարքը կառավարելու, ԶՈՒ-ի անձնակազմի բարոյական ոգու ամրապնդման նպատակով:

– Անշուշտ, հոգեբանական օպերացիան՝ որպես տեղեկութային պատերազմի կարևորագույն բաղադրիչ, կարող է կիրառվել ոչ միայն հակառակորդի ապակողմնորոշման և բարոյալքման, նրա դիմադրության կամքի թուլացման, այլև իր երկրի և բարեկամական երկրների ԶՈՒ-երի անձնակազմի և բնակչության համախմբման ու բարոյական ոգու ամրապնդման նպատակով:

– Փաստորեն, հոգեբանական օպերացիայի «թիրախ» կարող են լինել թե՛ օտարը և թե՛ յուրայինը:

– Հոգեբանական օպերացիան հոգեբանական պայքարի վարման եղանակներից մեկն է: Հոգեբանական պայքար ասելով` հասկանում են հակառակորդ կողմերի այն ակտիվ գործողությունները, որոնք կազմակերպվում են տեղեկութահոգեբանական ոլորտում: Այդ պայքարը մղվում է ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղ ժամանակ: Ներառում է այնպիսի միջոցառումների համալիր, որոնք ուղղված են այս կամ այն հարցերում մարդկանց որոշակի խմբերի կամ առանձին մարդկանց վարքային և հուզական կողմնորոշումների փոփոխմանը ցանկալի ուղղությամբ: Ռազմական նպատակներով այդ միջոցառումներն իրագործվում են հակառակորդի զորքի և բնակչության բարոյահոգեբանական վիճակի վատացման, նրա կողմից իրականացվող նմանատիպ քայլերին դիմագրավման, և ընդհակառակը՝ յուրային զորքի ու բնակչության բարոյահոգեբանական որակների լավացման նպատակով: Դրանք դիտվում են որպես մի յուրատիպ զենք, որի միջոցով մեծացվում է մարտական գործողությունների արդյունավետությունը:

– Սովորաբար ի՞նչ արդյունք է ակնկալվում հոգեբանական օպերացիայից:

– Հոգեբանական օպերացիաների հիմնական գործառույթներից մեկը` որպես ամբողջություն վերցված, հակառակորդի հասարակության և նրա առանձին անհատների քաղաքական ապակողմնորոշումն ու ապատեղեկացումն է: Հոգեբանական օպերացիայի տվյալ գործառույթի բաղադրիչներն են ճշմարտության աղավաղումը, մտածողության կեղծ կարծրատիպերի ստեղծումը, համոզմունքների և դիրքորոշումների գաղտնափոխումը: Մյուս գործառույթը հակառակորդի բնակչության և բանակի վրա բարոյաքաղաքական գործոնի ազդեցության թուլացումն է, մարդկանց գիտակցության կաթվածահարումը, պայքարի կամքի թուլացումը, հուսահատության, վախի և անվստահության ներշնչումը:

– Եվ Դուք համարում եք, որ տեղեկութային պատերազմը պատերազմներից ամենամարդասիրակա՞նն է:

– Մարդասիրական լինելը կամ չլինելը չէ, որ տվյալ դեպքում կարևոր է, այլ՝ արդյունավետությունը: Դեռևս մ. թ. ա. 5-րդ դարում չինացի զորավար, ռազմագետ և փիլիսոփա Սուն Ցզին իր «Պատերազմի արվեստը» աշխատության մեջ շեշտել է, որ առավել շահավետ ռազմավարությունը հակառակորդին այնպիսի ձեռնածությունների ենթարկելն է, որոնց դեպքում հաղթանակը հեշտությամբ հասանելի է դառնում անգամ առանց մարտական գործողությունների վարման: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում այս միտքը վերաշարադրվել է հետևյալ կերպ. «Լավ է գրոհել հակառակորդի բանականության, քան նրա ամրաշեն քաղաքների վրա»: Ինչպես տեսնում եք, հարցը քննարկվում է զուտ արդյունավետության (շահավետության) տեսանկյունից:

Զրույցը վարեց
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #49 (914) 15.12.2011 – 21.12.2011, Ռազմական


21/12/2011