ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ՆՎԻՐՅԱԼԸ
«Սերնդի ֆիզիկական, հոգևոր և մտավոր առողջությունը պետության ապագան կանխորոշող գործոններից կարևորագույնն է»:
Սևակ Խոյեցի
Երևանի Խուլ-համրերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատի «Կիլիկիա» մարզադահլիճում փետրվարի 6-ին տոնական տրամադրություն էր՝ սպիտակ համազգեստով են մոտ 100 երեխա՝ 6-16 տարեկան՝ տղաներ ու աղջիկներ, որ եկել են իրենց խոնարհումը բերելու և շնորհակալությունը հայտնելու «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի հիմնադիր Սևակ Մնացականյանին, որը փետրվարի 6-ին պետք է դառնար 34 տարեկան, սակայն իր սաների մրցմանը հետևում և հպարտանում էր Երկնքից։ 2020 թ. հոկտեմբերի 19-ին Մարտակերտի Տոնաշեն գյուղի մոտ հերոսաբար նահատակվեցին «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի մարտիկներ Արթուր Հարությունյանը, Դավիթ Սարուխանյանը, Տիգրան Ավագյանը, Հարություն Ստեփանյանը և Սևակ Մնացականյանը (Սևակ Խոյեցի): Մեր ժամանակների ազգային ու պետական մտածողություն ունեցող երիտասարդներից մեկն էր Սևակ Բախշիի Մնացականյանը: Հազարավոր կամավորների նման Սևակն էլ թողնելով ընտանիքը՝ կնոջն ու երկու զավակներին, պատերազմի հենց առաջին օրը մեկնեց առաջնագիծ։
Այսօր «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահն է Սևակի Մասիս եղբայրը, որի, նաև նվիրյալների ջանքերով կազմակերպվել էր մարտարվեստի առաջնություն։ Մրցավարները նույն ֆեդերացիայի մարզիչներն էին: Նախապես նշեմ, Սևակը նաև ազգագրական պարերի մեջ էր տեսնում ազգային մարտարվեստը և ժամանակին Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի անդամ ու լավագույն կատարողներից էր։ Սկզբում սկսվեց մրցապայքարը «Շվաք»-ի սաների միջև։ Պայքարի մեջ մտան մինչև 10 տարեկան երեխաները։ Ընթացքում կայացավ նաև մշակութային մաս։ Սևակի հարազատներից Արթուր Հարությունյանը, որը վարում էր մշակութային մասը, ողջունեց ներկաներին, ներկայացրեց Սևակին։ Կոտայքի մարզի Քաղսի համայնքից էր, հայտնի է իր մարզական ու ազգային մշակութային հաջողություններով և հայրենանվեր գործունեությամբ։ Հնչեց ՀՀ օրհներգը, եղավ լռության րոպե՝ ի հիշատակ Արցախյան գոյամարտերում և ՀՀ սահմանների պաշտպանության համար զոհված հայոց քաջորդիների։ Այնուհետև հնչեց հատված Սևակի տեսաուղերձից․ «Գոտեպնդվե՛ք, ոչ մի լաց, ոչ մի արցունք, մենք կենաց-մահու կռվի ենք, ոչ մեկի չի հուզում մեր ազգի արցունքները, սեղմե´ք բռունցքներն ու գործեք, ուժեղին են լսում, ուժեղինն է ամեն ինչ։ Մեր ազգի նվիրյալ տղաները գնում են մարտի, հիշե´ք նրանց…»։ Հնչեցին նաև Սևակի մտքերից՝ նվիրված ազգային մարտարվեստի ստեղծմանը և կարևորությանը․ «Օտար մարտարվեստի ճյուղերը չեն կարող դաստիարակել և արդյունավետ փոխանցել իրենց դավանած աշխարհընկալումը: Մարտարվեստի գաղափարներն ու դավանած արժեքներն ընդունելու համար անհրաժեշտ է այդ ամենին հոգեհարազատ լինել: Հակառակ դեպքում, բոլոր մարտարվեստները կդառնան «կռվելու արհեստ» և ոչ միայն չեն կատարի դաստիարակչական գործ, այլ նաև կվտանգեն մարդկային առողջ ու քաղաքակիրթ փոխհարաբերությունները»:
Սևակի մտերիմ, երգիչ Հրայր Սուրմալեցին հանդես եկավ ռազմահայրենասիրական երգերի կատարումով։ «Յարխուշտա» և այլ պարեր կատարեցին «Մասունք» համույթի անդամները։ Հանդես եկան նաև «Շվաք»-ի մարմնամարզուհիները, իսկ տղաները ցուցադրեցին մարտական ներկայացում։ «Կոմանդոս» ռազմամարզական ակումբի սաները ցուցադրեցին զինվորական հնարքներ։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Վանիկի Ստեփանյանը, որը «Շվաք»-ի նախագահի կողմից արժանացավ շնորհակալագրի։ Հայտնելով շնորհակալություն՝ Ս․ Ստեփանյանը կարևորեց նման միջոցառումների դաստիարակչական նշանակությունը, ասաց․ «Սևակը մեր հզոր ու հերոս մայրերից մեկի զավակն է․ նվիրյալներից, իսկական մարտիկ ու ազգային գաղափարակիր»։ Կոտայքի «Շոտոկան կարատեի» փոխնախագահ, «Կոմանդոս» ռազմա-մարզական ակումբի հիմնադիր նախագահ, միջազգային կարգի սպորտի վարպետ, «Սև գոտի» 3-րդ դան հանրապետական կարգի մրցավար Ոսկան Մարգարյանն իր խոսքում ասաց․ «Վստահ եմ՝ այժմ Սևակը Երկնքից նայում և հպարտ է իր սաներով, որ իր սկսած գործը կիսատ չի մնացել․ այն շարունակում են ընկերները, հարազատները, սաները»։ Հասարակական-քաղաքական գործիչ Սոֆյա Հովսեփյանը ստանալով շնորհակալագիրը՝ խոսեց Սևակի մասին, շնորհակալություն հայտնեց նրան, որ խոսել է շատերի անունից․ գործել ազգանվեր, և նրա գործը շարունակվում է։ «Պարտավոր ենք կրելու Սևակի պատգամները, որովհետև մեր երկրին Սևակի նման տղաներ են պետք»,- խոսքն ավարտեց Ս․ Հովսեփյանը։ «Վահագն» ՌՀԲՀԿ հիմնադիր-նախագահ Կարապետ Կարապետյանը (Մորուք Կարո) կարևորեց այս առաջնությունը, որն անցավ բարձր մակարդակով և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին: «Հպարտություն ապրեցի հատկապես, որ արժանացա շնորհակալագրի. դա ինձ համար ստացած բազում պարգևներից ամենանվիրականն է»,- ասաց Կարոն: Նույն ՀԿ ներկայացուցիչ, մշակութային բաժնի պատասխանատու Աննա Կոստանյանը շնորհակալություն հայտնեց իր խոսքերով՝ հերոսական, ոգևորող ու հուսադրող միջոցառման կազմակերպիչներին: Ընթերցեց «Ինձ բացակա չդնեք» բանաստեղծությունը: Պատերազմից առաջ Սևակը աշխատում էր Ջրվեժի միջնակարգ դպրոցում։ Այս դպրոցում այժմ գործում է նրա անվան մարզադահլիճը, որտեղ կայացել է «Շվաք»-ի առաջին խմբակը։
-Աշխատում ենք վառ պահել Սևակի հիշատակը և շարունակել նրա կիսատ թողած գործը: Նրա համար մեծ ուրախություն էր, երբ սաները մարտարվեստի բնագավառում հասնում էին հաջողության ու լավ էին սովորում դպրոցում,- մեզ հետ զրույցում ասաց միջոցառման կազմակերպիչներից, Սևակի գաղափարակից ու մարտական ընկեր Արման Մխիթարյանը:
Ուրախալի է, որ մրցումներին մասնակից աղջիկները նույնպես պատրաստ են դառնալ լավ մարզիկ: 8 տարեկան Մանե Օհանյանը 22 կգ քաշային կարգում արժանացել էր առաջին մրցանակի: Հպարտ է. պատրաստ է շարունակելու մարզումները: 6-ամյա Յուրին նույնպես առաջին տեղ է գրավել՝ արժանանալով մեդալի ու պատվոգրի: Մարզիչն ուրախությամբ ուսին է դրել նրան: Կազմակերպիչները գավաթներ հանձնեցին «School of Winners-Հաղթողների Դպրոց»-ին, «Կոմանդոս» ռազմամարզական ակումբին, ինչպես նաև՝ «Շվաք»-ի երեք խմբերին: 2017 թ. ստեղծված «Շվաք»-ի կազմում այժմ գործում է 3 մարզախումբ՝ Ջրվեժում, Մոնթե Մելքոնյանի անվան և «Տաթև» մասնավոր դպրոցներում: Օրվա ընթացքում Սևակի հարազատները, ընկերներն այցելեցին «Եռաբլուր», ծաղիկներ խոնարհեցին հերոսների շիրիմներին:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Նորություններ